Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղ կարպետը» ե՛ւ բիզնես է անում, ե՛ւ հայկական հին գորգերի եզակի նմուշներ է վերականգնում

Նոյեմբեր 10,2016 15:30

Ամեն օր Հայաստանում եւ Արցախում 50-ից ավելի կանայք ճախարակով թել են մանում, հետո այդ թելերը տեղափոխվում են Արցախի մայրաքաղաք ու դառնում հայկական հին զարդանախշերով գորգեր՝ Վիշապագորգ, Արծվագորգ, Խնձորեսկ, Դիզակ, Աստղազարդ, Գարդման, Գանձակ, Շուշի, Իշխանատուն, Տիգրանակերտ եւ այլն: Ու ոչ մի մեքենայացված աշխատանք, ամենը ձեռագործ է՝ սկսած թելի մշակումից մինչեւ պատրաստի գորգը:

Արդեն 4-րդ տարին Ստեփանակերտում գործում է «Ղարաբաղ կարպետը», գործարանի տնօրեն Սեւակ Խաչատրյանն ասում է՝ ընկերության քաղաքականությունն է՝ վերականգնել հայկական կործանվող գորգարվեստը: Ընկերության հիմնադրման առաջին օրերից համագործակցել են տարբեր թանգարանների, պատմաբանների, ազգագրագետների, գորգագետների հետ եւ սկսել վերականգնել եզակի գորգերի նմուշներ: Սեւակ Խաչատրյանն «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ Հայաստանի թանգարաններում եզակի գորգեր են պահպանվում, մի մասը քայքայված են, մի մասը՝ «ռեստավրացված», նույնսիկ սկսել են վերականգնել այնպիսի գորգերի նմուշներ, որոնցից հազիվ մի քանի սանտիմետր է պահպանվել:

 

Ընկերության տնօրենն ասում է՝ ճախարակով թել մանելու մշակույթը պահպանվել է Հայաստանի հատկապես Գեղարքունիքի մարզի գյուղերում, հենց այստեղի բնակիչներից էլ հիմնականում ձեռք են բերում հումքը: «Ճախարակով թել մանելը հեշտ գործ չէ, որովհետեւ մեկ վարպետացած կինը մեկ օրում լավագույն դեպքում ընդամենը 1 կիլոգրամ թել է մանում բրդից, բուրդը մշակում են, գզում են, որից դառնում է ճախարակի որակյալ թելը: Իսկ հետո ձեռագործ աշխատանքը՝ 1 քառակուսի մետր գորգը լավ գորգագործը գործում է մեկ ամսում: Մեզ մոտ ամիսը ավելի քան 100 քառակուսի գորգ է գործվում, միջինը 30 գորգ է»:

Արտադրամասում հիմնականում երիտասարդ կանայք են. մեր այցելության պահին այս կանայք գլուխները կախ, առանց աջ ու ձախ նայելու գորգ են գործում: Միշտ մտածել եմ, որ գորգը երազելով են գործում, ընկնում մտքերի մեջ. իմ այս դիտարկմանը աղջիկներն ասում են. «Չէ, ինչ եք ասում, չի կարելի է մտքերի մեջ ընկնել, ամբողջը հաշվարկ է, հանկարծ շեղվես, հաշիվդ կորցնես, պիտի քանդես ու նորից սկսես, շատ դժվար է»:
Մինչ արտադրամաս գնալը՝ Ստեփանակերտում ինձ մի անեկդոտ պատմեցին. «Երեւանից մի տղա Արցախից աղջիկ է ուզում, եկեղեցում պսակադրության ժամանակ քահանան արցախցի աղջկան 2 անգամ հարցնում է՝ դուստր իմ, հնազա՞նդ ես: Հարսնացուն չի պատասխանում, բայց 3-րդ անգամ՝ դուստր իմ, հնազա՞նդ ես, հարցից հետո Արցախի դուստրն ասում է՝ «Տեր Հայր, տեղը չե՞ք բերում»: Ասում են՝ այս անեկդոտը լավագույնս նկարագրում է արցախցու ըմբոստությունն ու անհնազանդությունը: Հետո Սեւակ Խաչատրյանին հարցնում եմ՝ դժվար չէ՞ երիտասարդ լինելով՝ կանանց մեծ կոլեկտիվ ղեկավարել, ինչպե՞ս եք հնազանդեցրել, «սանձե՞լ եք»: «Չէ, չէ, ոչ մի ուժի կիրառում, լեզու ենք գտել, սկզբում դժվար էր, բայց հիմա աշխույժ, ջերմ կոլեկտիվ է»,- ծիծաղելով ասում է Սեւակը ու ավելացնում. «Երբ նոր հիմնադրվում էինք, մտածում էի՝ հիմնականում միջին տարիքից բարձր կանայք ու տատիկներ են աշխատելու, էդպես էլ կար, բայց հետո եկան նաեւ երիտասարդներ, ու ուրախալի է, որ գորգագործությամբ նաեւ եիրտասարդներն են հետաքրքրված»:

xali-3
Գործարանի վարպետները սովորեցնում են նոր կադրերին, գորգագործության հմտությունները փոխանցում են նոր սերնդին:

Հիմա ընկերությունն ունի 120 աշխատակից, մասնաճյուղեր կան Արցախի Ճարտար եւ Շուշի քաղաքներում, որտեղ միայն գորգ են գործում, իսկ Ստեփանակերտի հիմնական արտադրամասում թելն են մշակում, ներկում ու նաեւ գործում գորգերը:
Ձեռագործ գորգերի արժեքը կախված է խտությունից, զարդանախշից: Պարոն Խաչատրյանն ասում է՝ իրացման շուկան հիմնականում Հայաստանն է, Ռուսաստանն է, հետո ԱՄՆ-ը, Մոսկվայում եւ Երեւանում ներկայացուցչություն կա, օտարերկրյա զբոսաշրջիկներն էլ են շատ հետաքրքրված Արցախում արտադրվող հայկական գորգերով, նրանք շատ են հրապուրվում հայկական նախշերով, հրապուրվում են նաեւ ընկերության արտադրած էկոգորգերով: Սրանց հումքը չի ներկվում, տնօրենն ասում է՝ ոչխարի բրդից ստացած բնական գույնի թելով են գործվում, ու էլի շատ գեղեցիկ գորգեր են ստացվում:
«Այնքան չենք վաճառում, որքան արտադրում ենք, անընդհատ նոր շուկաներ ենք փնտրում, բայց այս չափով էլ որ աշխատում ենք՝ ավելի քիչ իրացում, քան արտադրությունն է, էլի կարողանում ենք պահպանել գործարանը: Այս տարիներին ընկերության հետագա զարգացման համար անհրաժեշտ բաներն արել ենք: Առանց չափազանցության՝ այս տարիների համար որեւէ եկամուտ չենք ակնկալել, ներդրումների տարիներ էին, նորմալ է սկսնակների համար: Արցախի ազգային վիճակախաղի շահումային ֆոնդի մի մասը մեր գորգերն են, մեր պատվիրատուն է: Շուկան կընդլայնենք, առաջիկայում ակնկալում ենք լուրջ եկամուտներ»,- պատմում է տնօրենը:

Թուրքական էժան գորգերի հետ մրցակցությունն էլ շատ չի մտահոգում տնօրենին, ասում է՝ թուրքականը մեքենայագործ, սինթետիկ, էժանագին ապրանք է. «Ինչպե՞ս կարելի է համեմատել ադամանդը «պլաստմասսայի» հետ, նույնը գորգերի դեպքում: Ես մի անգամ զարմացա, երբ մեր գորգերը ներկայացնելիս կրկին համեմատություն եղավ թուրքականի հետ, երբ ասացի՝ սա ձեռագործ է եւ այլն, ինձ պատասխանեցին՝ ի՞նչ տարբերություն, երկուսն էլ գետնին են գցում: Ես այդ պահին հասկացա, որ խնդիր կա ճիշտ ներկայացնելու, թե ինչ է ձեռագործ հայկական գորգը»:

Գործարանի արտադրության պետը՝ Հասմիկ Մխիթարյանը, Երեւանից է եկել Ստեփանակերտ, ասում է՝ կաշխատի այնքան, որքան իր կարիքը զգան: Տիկին Հասմիկի ընտանիքը Երեւանում է բնակվում, աշխատել է Թուֆենկյան ընկերությունում, երբ Արցախից համագործակցելու հրավեր է ստացել, անմիջապես ընդունել է, ոչինչ, որ ընտանիքից հեռու է՝ ե՛ւ սիրած աշխատանքով է զբաղվում, ե՛ւ, որ ամենակարեւորն է, ինչպես ինքն է ասում՝ Արցախի համար է:

Տիկին Հասմիկն ասում է՝ Ադրբեջանն իրացրել է հայկական նախշերով գորգերը, բայց ընկերությունը մասնակցելով միջազգային ցուցահանդեսներին, շուկա դուրս գալով՝ մեծ ջանքերի շնորհիվ ապացուցում է, որ դրանք ադրբեջանական չեն:
Սեւակ Խաչատրյանն էլ պատմում է, որ Ադրբեջանի մշակույթի եւ պատմության թանգարանում հիմնականում ներկայացված են արցախյան եւ հայաստանյան գորգերը, որոնք ներկայացնում են որպես ադրբեջանական. «Սա անհեթեթություն է, որովհետեւ իրենք չեն կարողանում բացատրել, թե որն ինչ է նշանակում: Բայց իրենց ժառանգություն են պահպանում արցախյանը, մի մասը ավար են վերցրել պատերազմի տարիներին, մի մասն էլ, ինչպես ծնողներս են պատմել, խորհրդային տարիներին ադրբեջանցի գորգահավաքներ կային, մտնում էին հայկական գյուղեր ու փոխանակում էին 5-6 մեքենայագործ, ադրբեջանական անճաշակ գորգերը 1 ձեռագործի հետ: Այն ժամանակ մարդիկ փոխանակում էին, չէին կարեւորում, մտածում էին՝ մերն է, շատ ունենք: Ու այդպես պլանավորած հավաքել էին ու «կերտել» իրենց գորգագործության «մշակույթը», ինչպես տարբեր ոլորտներում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

09.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930