Լրահոս
Օրվա լրահոսը

ԱլԳ երկրներում կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում

Դեկտեմբեր 02,2016 23:15

Եվրոպայի խորհուրդը Եվրահանձնաժողովի հետ համատեղ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) կանանց քաղաքական ներգրավվածության աստիճանը:

Հետազոտությունը պարզել է, որ չնայած ձևականորեն ընդունված է, որ կանայք ու տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ և հավասար կերպով կարող են մասնակցել քաղաքական կյանքին, այս ոլորում շարունակում են գերիշխող մնալ տղամարդիկ: Մասնավորապես, նշված բոլոր երկրներում կանայք ավելի քիչ են ընտրվում թե՛ օրենսդրական, թե՛ տեղական մարմիններում: Բացառությամբ Բելառուսի (30 տոկոս)՝ մյուս երկրներում կանայք զբաղեցնում են խորհրդարանի տեղերի առավելագույնը 20 տոկոսը: Չնայած բոլոր երկրներում էլ օրենքով ամրագրված է կանանց և տղամարդկանց հավասարությունը, քաղաքական կյանքում իրականությունը տարբերվում է: Ստիպելու մեխանիզմների բացակայությունը նվազեցնում է ձեռնարկվող առանց այն էլ քիչ միջոցառումների արդյունավետությունը: Բացի այդ, նշվում է, որ կանայք ավելի լավ կրթություն ունեն, քան տղամարդիկ, այնուամենայնիվ, նրանք տղամարդկանց հետ հավասար կենտրոնական պաշտոններ չեն զբաղեցնում բարձր ղեկավարությունում:

Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ Հայաստանը  միակ երկիրն է, որն Ազգային ժողովի ընտրություններում կանանց համար սահմանել է քվոտա: Գործնականում սա նշանակում է, որ կուսակցական ցուցակի յուրաքանչյուր 5 թեկնածուներից առնվազն մեկը պետք է կին լինի: Այնուամենայնիվ, 2012թ. մայիսի ընտրություններին հետևած ԵԱՀԿ/ԺՄԻՀԳ առաքելությունը փաստում է, որ քվոտայի արդյունավետությունը սահմանափակ է, քանի որ ցուցակը գրանցելուց հետո թեկնածուները կարող են հետ կանչվել, և որևէ պահանջ չկա առ այն, որ գենդերային նախնական համամասնությունը պահպանվի:

Հայաստանը ընտրված կանանց թվով ունի ամենափոքր մասնաբաժինը (10 տոկոս), Բելառուսը՝ ամենաբարձր՝ 27 տոկոս:

Բարձրագույն գործադիր մարմիններում կանանց մասնակցությունը կազմում է 5-10 տոկոս: Կանանց նկատելի դերակատարությունը խրախուսում է շատերին ներգրավվել կուսակցություններում և իրենց ազդեցությունն ունենալ կուսակցության քաղաքականության վրա:

Զեկույցում նշվում է, որ բարձրագույն ղեկավարությունում կանանց ներգրավվածությամբ ամենացածր ցուցանիշը ցուցաբերել են Հայաստանը (11 տոկոս) և Ուկրաինան, իսկ ամենաբարձր ցուցանիշը Բելառուսի մոտ է (52.9):

Շատ կուսակցություններ ունեն կանանց կազմակերպություններ, բայց դա արտացոլված չէ կուսակցությունների քաղաքականության մեջ: Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում և Ուկրաինայում հետազոտության մեջ ներառված ոչ մի կուսակցություն չի ընդունել կանանց համար հատուկ քաղաքականություն. օրինակ, վերջին ընտրությունների ժամանակ նրանց կուսակցական ծրագրերում չկար կանանց ներկայացվածության կամ կանանց դեմ բռնության վերաբերյալ կետ:

Հետազոտության ընթացքում վեր են հանվել բացասական կարծրատիպեր կանանց դերակատարության մասին, ինչը լուրջ արգելք է նրանց քաղաքական ներգրավվածության ճանապարհին: 2015թ. Հայաստանում Գենդերային բարոմետրի համաձայն՝ հարցման մասնակիցների 60 տոկոս է միայն կարծում, որ հայկական հասարակության մեջ կանայք ու տղամարդիկ հավասար են: 55 տոկոսը կարծում է, որ դրա պատճառը հասարակության մեջ կանանց դերի մասին ցածր գիտակցությունն է:

Հայաստանում կին կուսակցական պատգամավորները ներգրավված են մեդիայում, բայց սովորաբար նրանց դերը հանրությանը բարդ մեսիջներ հասցնելն է, մինչդեռ կուսակցական տղամարդ առաջնորդները սովորաբար մեդիայում երևում են՝ ընտրողներին դրական մեսիջներ հասցնելու համար:

Հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի դեպքերում, որտեղ քվոտա է սահմանված կամ այլ կառուցողական քայլեր են ձեռնարկվում օրենսդրական մակարդակով, դրանք ունենում են սահմանափակ, բայց դրական ազդեցություն:

Հայաստանին խորհուրդ է տրվում քայլեր ձեռնարկել՝ կանխելու կուսակցական ցուցակներում կանանց քվոտան անտեսելու մտադրությունները, որպեսզի ցուցակի հաստատումից հետո կանայք հրաժարական չտան և տղամարդկանցով չփոխարինվեն:

Ընդհանուր առմամբ ԱլԳ բոլոր երկրների կուսակցությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ խրախուսելու և աջակցելու կանանց իրենց թեկնածությունն առաջադրել և ընտրվել: Մասնավորապես, կարելի է ձեռնարկել հետևյալ քայլերը.

  • սկսել խրախուսել կանանց առաջադրվել որպես թեկնածուներ և դասընթացներ վարել նրանց հետ ընտրություններից առնվազն 2 տարի առաջ,
  • ընդլայնել կին թեկնածուների և ընտրված ներկայացուցիչների տեսանելիությունը մեդիայում
  • պայքարել կարծրատիպերի դեմ և բարձրացնել կանանց վերաբերող հարցերը իշխող կուսակցության կողմից հրապարակավ հայտարարությունների միջոցով:

Կառավարություններին ու իշխող կուսակցություններին խորհուրդ է տրվում աջակցել կանանց քաղաքական ներգրավվածությանը հետևյալ կերպ.

  • իրականացնել իրազեկման արշավներ կանանց հարցերի և կին գործիչների քաղաքական ներգրավվածության կարևորության մասին
  • մշակել օրենսդրություն, որը դրական ազդեցություն կունենա կանանց քաղաքական ներգրավվածության վրա, այդ թվում այնպիսի միջոցառումներ, որոնք վերաբերում են կանանց կյանքի սոցիալ-տնտեսական ասպեկտներին, ինչպես նաև մշակել օրինական քվոտա և կառուցողական գործողություններ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031