Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց հետաքննության Ադրբեջանին հանձնել դիվերսանտի դին նշանակում է միջադեպը համարել հարթված»

Հունվար 13,2017 15:00

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին
նախագահ Վահրամ Աթանեսյանը` վերջին իրադարձությունների մասին

– Հայաստանում մեծ դժգոհություններ առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` օրերս տարածած հայտարարությունը դեկտեմբերի 29-ին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով: ՀՀ ԶՈՒ-ին մեղադրանք է ուղղվում առ այն, որ շարունակում են իրենց մոտ պահել զոհված ադրբեջանցիների մարմինները: Ինչո՞ւ նախկինում էլ համանախագահներն այսպես «հետեւողական» չէին եւ հասցեական դիտողություններ չէին ուղղում Ադրբեջանին:

– Այդ հայտարարության միակ գործնական կետը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտի դիակը հանձնելուն, ինչի մասին վերջին մի քանի օրերին Ալիեւի ռեժիմը խոսում էր: Կարծում եմ, որ այստեղ խոսքը հումանիտար իրավունքի մասին չէ: Հայաստանն ունի անհերքելի ապացույցներ, որ դիվերսիա իրականացրել է Ադրբեջանը: Եվ առանց հետաքննության Ադրբեջանին հանձնել դիվերսանտի դին նշանակում է միջադեպը համարել, ինչպես նման դեպքերում են ասում, հարթված: Իմ կարծիքով՝ մինչեւ Ադրբեջանը պաշտոնապես ներողություն չխնդրի, դիվերսանտի դին, որքան էլ դա ծանր լինի նրա հարազատների համար, չպետք է վերադարձվի: Ի վերջո, նաեւ ադրբեջանական հասարակությունը պետք է համոզվի, որ խոսքը ոչ թե շեհիդի, ինչպես Ադրբեջանում են ասում, այլ պատերազմական հանցագործի դիակը վերադարձնելու մասին է: Տվյալ դեպքում անձը կարեւոր չէ, հանցանք կատարել է Ադրբեջանը, որն էլ պետք է հրապարակային ներողություն խնդրի եւ երաշխավորի, որ նման միջադեպ այլեւս չի կրկնվելու: Հակառակ դեպքում ինչո՞ւ վկայակոչել միջազգային մարդասիրական իրավունքը: Ենթադրենք, ադրբեջանցի զինվորը ոչ թե սպանվել, այլ գերի է վերցվել: Հայաստանը մի՞թե չի կարող նրան դատել որպես սահմանազանցի եւ դիվերսանտի: Խնդիրը պետք է դիտարկվեր այս կտրվածքով, ոչ թե միջազգային մարդասիրական իրավունքի:

– Եթե նկատի ունենանք, որ ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցումը գրանցվել է հայ-ադրբեջանական սահմանին, ի՞նչ հետեւանք կունենա համանախագահների նմանօրինակ արձագանքը, ինչպե՞ս սա կարող է օգտագործել Ադրբեջանը:

– Ճիշտ դիտարկում է: Միջնորդները փաստացի հավասարության նշան են դնում Ադրբեջան-ԼՂ զորքերի շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի միջեւ: Մինչդեռ հարկ էր զանազանել, այսպես կոչված, ճակատային գիծը եւ հայ-ադրբեջանական պետական սահմանը: Տպավորություն է, որ Ադրբեջանը հետայսու եւս կարող է հայ-ադրբեջանական պետական սահմանում լարվածություն ստեղծել, որպեսզի ԼՂ հարցում ճնշում գործադրի հայկական կողմի վրա: Սա ուղղակի նոնսենս է:

– Շատ քննադատվեց նաեւ այս առիթով ՀԱՊԿ-ի արձագանքը:

– ՀԱՊԿ-ի արձագանքը չէ կարեւորը, այլ փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի սահմանին դիվերսիա իրականացրեց ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովից տառացիորեն երկու-երեք օր անց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի հետ կատարվածը նույնպես մտահոգիչ է: Անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ Բելառուսը կամ Ղազախստանը կարող են արգելափակել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը: Եվ, առհասարակ, դա ի՞նչ դաշինք է, որտեղ անդամ երկրի շահերը ստորադասվում են ոչ անդամ երկրի հավակնություններին… Բայց ունենք այն, ինչ ունենք, եւ կարծում եմ՝ ամենավատն այն չէ, երբ Ադրբեջանը Բելառուսի կամ Ղազախստանի միջոցով ինչ-որ քաղաքական նպատակներ է հետապնդում… Մենք ստիպված ենք ընտրություն կատարել վատթարի եւ վատի միջակայքում: Թվում է՝ իրավիճակը հավասարակշռվում է ոչ միայն հայ-ռուսական, այլեւ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի, Հայաստանի եւ Իրանի միջեւ լուրջ հարաբերություններով: Իրականությունից հեռու չես փախչի, ընտրության հնարավորությունն այն է, ինչ ունենք… Պետք է մտածել հեռանկարների մասին: Եվ՝ անպայման… Որպեսզի չհայտնվենք աշխարհաքաղաքական թակարդում…

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր ՀՀ նախագահն անցած տարեվերջին ԼՂՀ-ում հավաքել հայաստանցի մտավորականներին եւ ինչո՞ւ հայտարարեց, որ իր՝ ԼՂՀ այցելությունը ներքին պարտադրանք է. «Հիմա այն ժամանակահատվածն է, երբ ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու…»:

– Չեմ կարող ասել՝ ԼՂ-ում ինչպես են գնահատում նախագահ Սերժ Սարգսյանի ձեւակերպումը: Նման դիսկուրս, որքան ես գիտեմ, չի էլ ծավալվում: Բայց դա շատ իրատեսական եւ պարտավորեցնող գնահատական է: Էյֆորիայի ոչ մի առիթ չկա: Առհասարակ, իմ տպավորությամբ, մեզ հարկ է միջազգային իրավիճակը գնահատել սթափ եւ պահանջկոտ լինել առաջին հերթին մեր զգացմունքների հանդեպ: Նախագահ Սարգսյանի ասածը ես այդպես եմ հասկանում:

– Հայաստանում շատ քննադատվեց նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հիշեցումները` ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման իր մոտեցումների եւ դրանց արդիականության մասին: ԼՂՀ-ում ինչպե՞ս են գնահատում այս ամենը:

– Նախագահ Տեր-Պետրոսյանը, որքան ես եմ հասկանում, հիշեցումներ չի արել: Նա անկեղծորեն ներկայացրել է իր պատկերացումները: Ես շատ ուրախ կլինեի, եթե քաղաքական դերակատարներից մեկը հիմնովին հերքեր նրա կասկածները: Ցավոք, ես նման վերլուծության եւ կանխատեսումների ծանոթ չեմ, ուստի կուզենայի, որ մեր քաղաքական միտքը կամ հաղթահարեր Լեւոն Տեր-Պետրոսյանի աուրան, կամ հանրային-հրապարակային դիսկուրսում չզլանար հաշվի առնել հնարավոր վատագույնի կանխավարկածը… Մի անգամ՝ անցյալ դարասկզբին, մենք այդ հնարավորությունը բաց ենք թողել եւ հատուցել այնպես, ինչպես Չարենցն է նկարագրել. «Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան: Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…»: Աստված հեռու պահի նման մոլորությունից:

 

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

12.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031