Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորության թեկնածուները 4-5-6-րդ դասարանների մակարդակի քննություն կհանձնեն (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 13:54

«Սկզբունքորեն, քայլը կատարված է, սպասում ենք հայտնվեն առաջին դիմում գրողները եւ արդեն հնարավոր կլինի անցկացնել թեստավորումը։ Սա եզակի երեւույթ է մեր իրականության մեջ, որը հնարավորություն կտա պատկերացում կազմել այն մարդկանց հայերենի իմացության մասին, ովքեր ամենատարբեր պատճառներով հայեցի կրթություն չեն ստացել», «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը։

Հիշեցնենք, Նոր Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուի համար նախատեսված են հայերեն լեզվի քննություններ։ Հունվարի 30-ին հրապարակվել է պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը ստուգող թեստավորման առաջադրանքների հարցաշարը։ Թեստերը 214-ն են, յուրաքանչյուրում՝ 30 հարց: Թեստի անցողիկ շեմը 27-ն է:

«Մենք ձգտել ենք, որպեսզի թեստերում բարդ հարցեր չընդգրկենք», – ասաց Սերգո Երիցյանը`հստակեցնելով, որ դրանք ավարտական դասարանի մակարդակ են ապահովում: Հաճախ նաեւ 4-5-6-րդ դասարանների մակարդակի հարցեր են:

«Նրանք պարտավոր են հասարակության հետ առնչվել մաքուր, գրական հայերենով։ Սա հետաքրքիր ազդակ է, որ մաքուր պահենք մեր հայերենը։ Այս գործոններն ի շահ մայրենի լեզվի են»,- ասաց բանախոսը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Ի դեպ, պատգամավորության թեկնածուները «կտրվելու» դեպքում մի քանի հնարավորություն կունենան թեստը վերահանձնելու:

Առաջիկայում, Սահմանադրության ամբողջական գործողության մեջ մտնելուց հետո, հայերենի քննություններ կսահմանվեն նաեւ դատավորների եւ ՀՀ նախագահի համար: Այս դեպքում, ըստ Սերգո Երիցյանի, հարցաշարը բարդ է լինելու:

Լրագրողներից մեկի հարցին`քննությունը նախատեսված է ոչ հայերեն կրթությամբ պատգամավորների համար, սակայն հայերենի կրթության վկայական ունեցող դոկտորներ ունենք, որոնք երկու բառ չեն կարողանում իրար կապել գրագետ հայերենով, Լեզվի տեսչության պետն ասաց, որ այդ հարցը շատ է քննարկվել. «Սահմանադրությունը խնդիր է դրել այս պահին հայերենի նվազագույն իմացություն ապահովել: Հետագայում հնարավոր կլինի նաեւ ձեր ասածին էլ անդրադառնալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728