Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նախարարը խոստացավ հետամուտ լինել Գյումրու ավտոկայարանի խնդիրների լուծմանը (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 16:41

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Գյումրու ավտոկայարան։ Նախարարը շրջեց ավտոկայարանի տարածքով, ծանոթացավ պայմաններին, տոմսարկղի ու բուժկետի աշխատանքին։

Նախարարի այցը Գյումրու ավտոկայարան պայմանավորված էր այնտեղ կուտակված խնդիրները տեղում քննարկելու և լուծումներ գտնելու մտահոգությամբ։ Նաև՝ Գյումրու բնակչության  և  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խնդրանքով։

«Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, ավտոկայարանն էլ անմասն չէ մի շարք խնդիրներից: Պատգամավորի հետ բազմիցս քննարկել ենք ավտոկայարանի վիճակը»,- նշեց նախարարը:

Առաջին խորհրդակցությունն անցկացվեց ներմարզային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախարարը առաջարկեց ներկայացնել իրենց խնդիրներն ու մտահոգությունները:

Ուղևորահոսքի պակաս և անբարեկարգ համայնքային ճանապարհներ։ Սրանք հիմնական խնդիրներն են:  «Ուղևորները գերադասում են մեկ ուղետոմսի արժեքով աշխատող տաքսիները, քանի որ կանոնավոր փոխադրում իրականացնող միկրոավտոբուսները երթուղուց շեղվել չեն կարող, իսկ տաքսիները ամեն մեկին մինչև տուն են հասցնում»,- իրավիճակը ներկայացրեց  փոխադրող ընկերություններից մեկի ղեկավար Ռուդիկ Բաղդասարյանը:

Նախարարը Տրանսպորտային տեսչությանը հանձնարարեց փոխադրողների հետ քննարկել հարցի մանրամասները և համատեղ առաջարկություններ ներկայացնել, թե ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար:

Վահան Մարտիրոսյանն ընդգծեց, որ  միջհամայնքային տրանսպորտային փոխադրումների  խնդիրը վարչապետի անմիջական հսկողության ներքո է, և նախարարությունն էլ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում առկա իրավիճակը բարեփոխելու ուղղությամբ:

Պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հավելեց, որ երթուղիները սպասարկող մեքենաները շատ հին են. «Այս պայմաններում անիրականանալի մի բան է նոր մեքենաներ գնել և ներդնել ներհամայնքային երթուղիներում»:

Համայնքային անբարեկարգ ճանապարհներն առանց այդ էլ մաշված մեքենաների տեխնիկական վիճակն էլ ավելի են վատթարացնում: Նախարարը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել նաև  այդ հարցը:

Այնուհետև Վահան Մարտիրոսյանը հանդիպեց ավտոկայարանի աշխատակազմին։ Բոլորն էլ գրեթե երկու տասնամյակ աշխատափորձ ունեն և մշտապես նվազագույն աշխատավարձ են ստացել։ Նրանք նախարարին խնդրեցին միջնորդել բարձրացնել աշխատավարձերը:

Վահան Մարտիրոսյանը խոստացավ քննարկել հարցը և հնարավորության դեպքում վերանայել:

Գյումրին` որպես արհեստների և արվեստների կենտրոն, դարձնել զբոսաշրջային ուղղություն. կառավարության գերակայություններից է, իսկ հարմարավետ տրանսպորտային համակարգը դրա բաղկացուցիչներից: Նախարարը  վստահեցրեց, որ քննարկումներն անհետևանք չեն մնա, և հնարավորության սահմանում հետամուտ կլինի բարձրացված հարցերի լուծմանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728