Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջողակ կարիերայով երիտասարդ երգչուհու երազանքն է Փարիզի Գրանդ օպերայի ակադեմիան

Փետրվար 17,2022 13:00

Երբեմն տպավորություն է, թե համավարակն ու հետպատերազմյան շրջանի դժվարությունները շրջանցել են հայաստանյան մշակութային դաշտը։ Որոշ թատրոններ, համերգային կոլեկտիվներ, անհատ կատարողներ արդյունավետ գործունեություն են ծավալում նաեւ արտասահմանյան երկրներում։ Ստեղծված իրավիճակը, իհարկե, իր խոսքն ասում է հատկապես նոր-նոր կարիերա սկսող երիտասարդների դեպքում, բայց արի ու տես, որ նրանք էլ իրենց մեջ ուժ են գտնում ոչ միայն ստեղծագործելու, այլեւ երկրի անունը դրսում՝ տարբեր ձեւաչափերով անցկացվող միջոցառումներին, պատվով հնչեցնելու համար։

«Առավոտը» քանիցս անդրադարձել է այս դժվար ժամանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (գեղարվեստական ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգիչների ձեռքբերումներին։ Այս անգամ մենք հյուրընկալել էինք ծրագրի մեներգչուհի, մեցցո սոպրանո Բելլա Ամարյանին, որին վերջին անգամ օպերային թատրոնում հանդիպեցինք 2021թ. դեկտեմբերին՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում Անուշի ընկերուհու դերերգով։

Հիշեցնենք, որ այդ ներկայացմանը դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը բոլոր գլխավոր դերերգերը վստահել էր վերոհիշյալ ծրագրի մեներգիչներին։


Վերջերս Բելլա Ամարյանը մասնակցեց Փարիզի Գրանդ օպերայի ակադեմիայի լսումներին, որի իրավունքը ստացել էր նախապես ուղարկված տեսաձայնագրության միջոցով։ Դրանից անմիջապես հետո երգչուհին մասնակցեց Ցյուրիխում օպերային ակադեմիայի լսումներին եւս։ Զրույցի ընթացքում երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ Գրանդ օպերայի ակադեմիայի լսումներին մասնակցելու գերնպատակը եղել է ակադեմիա ընդունվելը, բայց 400 մասնակիցներից ընտրվել են 8-ը։ Թեեւ նա չի ընդգրկվել այդ ցանկում, բայց հույսը չի կորցրել։ Երգչուհին հավաստիացրեց, որ լսումներից անմիջապես հետո իրեն զանգահարել է Գրանդ օպերայի արտիստիկ տնօրեն Քրիստիան Շիրմը, ասել, որ հաջորդ տարի իրեն նույնպես սպասում են, բայց պետք է աշխատել ընդարձակել երգացանկը եւ հատկապես շեշտել է, որ ցանկալի է մեծ տեղ հատկացվի ֆրանսիացի կոմպոզիտորների օպերաներին։ Ինչ վերաբերում է Ցյուրիխի լսումներին, Բելլա Ամարյանն ասաց, որ հրավիրվել է 2023-ին մասնակցելու Զալցբուրգի հեղինակավոր ամենամյա փառատոնին, որի շրջանակներում հնարավորություն կունենա մասնակցել նաեւ երկամսյա վարպետության դասերի։

Բելլա Ամարյանը՝ Գրանդ օպերայում

Զրույցի ընթացքում մեցցո սոպրանոն շնորհակալական խոսքեր շռայլեց Երիտասարդական օպերային ծրագրի գեղարվեստական ղեկավար Լեւոն Ջավադյանի հասցեին, իրավամբ նշելով, որ նրա նվիրվածության ու գործունեության շնորհիվ է, որ ծրագրի մեներգիչները մասնակցում են տարբեր միջոցառումների Երեւանում, մարզերում, Արցախում։ Հիշեց 2018թ. Սիրանուշի դերերգով իր բեմելը Չուխաջյանի «Կարինե», այնուհետեւ՝ մեկ տարի անց, Մադալենայի կերպարով ելույթը Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերաներում։ Մեր զրուցակցին հիշեցրինք տարբեր համերգներին իր մասնակցությամբ բեմելները նաեւ մեր վաստակաշատ երգիչների ընկերակցությամբ։ Ի պատասխան՝ երգչուհին ասաց. «Իմ առաջին լուրջ քայլերից էր, թեեւ բոլորն ինձ համար կարեւոր են, 2018 կամ 2019թ. Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ մասնակցությամբ Իրինա Զաքյանի, Նարինե Անանիկյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Առնոլդ Քոչարյանի, «Հովեր» երգչախմբի։ Անցյալ տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի կողմից հրավեր ստացա եւ մասնակցեցի Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգաշարերից մեկին։


Կուզեի նշել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) հետ ելույթիս մասին, որը ղեկավարում էր Ջանլուկա Մարչիանոն։ Այդ համերգին էլ մասնակցեցին մեր հիանալի ձայները՝ Անահիտ Մխիթարյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Կիմ Սարգսյանը, Սոֆյա Թումանյանը, Ջուլիանա Գրիգորյանը։ Իսկ եթե սկսեմ թվարկել Երիտասարդական օպերային ծրագրի կազմում ելույթներս սկսած 2018 թվականից՝ երբ ոտք դրեցի ծրագիր, ապա ձեր օրաթերթի էջերը չեն բավականացնի (ժպտում է)»։

Դիտարկմանը, թե ընթացիկ թատերաշրջանում իրեն հանդիպել ենք նաեւ Երեւանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով իրականացրած Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» երաժշտադրամատիկ ֆանտազիա- բեմադրության մեջ Ծաղրածուի կերպարում, երգչուհին տեղեկացրեց, որ սեպտեմբերից թատրոնի երգչախմբի մեներգչուհին է եւ իրեն արդեն վստահվել է հանդես գալ պրեմիերային ներկայացման մեջ։ Իհարկե, «Արքան հրապարակում» թատերախաղը ժամանակին ունեցել է մեկ-երկու ընթերցում եւս, բայց ինչպես մեր, այնպես էլ մասնագետների կարծիքով՝ ղազանչյանական բեմադրությունը ուղիղ գնահատականն է մեր ապրածի, զգացածի, եւ ստեղծագործության վերջում հնչեցրած ուղիղ հարցադրումը, որ արվել է շուրջ մեկ դար առաջ, չի կորցրել իր արդիականությունը։

Հիշեցնենք, որ Բլոկը այս գործում իբրեւ Ռուսիայում 1905թ. տեղի ունեցած հեղափոխության փորձի ու դրան հաջորդած արյունահեղության արձագանք արտացոլել է իր ժամանակները խորհրդապատկերներով եւ կերպարներով, որպես նախազգուշացում, խրատ, վերջում արդեն՝ որպես իրողությունների սառը գնահատական՝ հնչեցնելով ողջամտության ձայն։ Ներկայացման մեջ ազատության տենչացող պոետ-մտավորականը (հավաքական կերպար) դրամատիկ ուղի է անցնում, ի վերջո համաձայնելով իր անձն ու արվեստը ծառայեցնելու ճարտարապետնին՝ իբրեւ պարգեւ ստանալով կապանքներ, որոնցով գամվում է աթոռին, գլխին էլ պալատական ծաղրածուի զանգուլակով գլխարկը, կարճ ասած՝ դավաճանված…

Հետաքրքրվեցինք՝ կոմեդիայի թատրոնում այս պահին ինչո՞վ է զբաղված, երգչուհին պատասխանեց. «Ընթանում են Սամսոն Ստեփանյանի ռեժիսուրայով Պիեռոյի «Կոշկավոր կատուն» մյուզիքլի բեմադրական փորձերը, երաժշտությունը Վահե Հայրապետյանինն է։ Այստեղ էլ մարմնավորում եմ Կաքավին։ Պրեմիերան նշանակված է մարտի 24-ին»։ Զրույցի ընթացքում Բելլա Ամարյանը ներկայացրեց նաեւ 2015 թվականից իր գործունեությունը Արարատյան հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախմբի կազմում (գեղարվեստական ղեկավար՝ Լիլիթ Գրիգորյան). «Ունեցել ենք բազմաթիվ համերգներ ոչ միայն Հայաստանում, այլեւ Ռուսաստանի քաղաքներում, Եվրոպայում, այդ թվում՝ Լեհաստանում, Ֆրանսիայում եւ այլուր»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28