Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Սահմանադրության նախագիծը պետք է դիտարկել դեռևս չճանաչված պետության հիմքերն ամրապնդելու տեսանկյունից

Փետրվար 11,2017 10:30

Փետրվարի 20-ին կկայանա Արցախի Սահմանադրության նախագծի հանրաքվեն: Նախագիծն անցել է աննախադեպ լայն հանրային քննարկումների միջով, սակայն որոշ տարաձայնություններ ամբողջությամբ չեն հարթվել:

Պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:

– Քաղաքական ուժերի ու հանրության մի ստվար հատված առնվազն անհիմն է համարում կառավարման նախագահական համակարգին անցումը, մասնավորապես ՀՅԴ-ն հայտարարում է իր միանշանակ անհամաձայնությունը, գտնելով, որ արդի քաղաքական զարգացումներին առավել հարիր էր խորհրդարանական կառավարման ձևը, այն էլ ավելի կբարձրացներ Արցախի միջազգային վարկանիշը և կնպաստեր ժողովրդավարության ամրապնդմանը: Դուք եղել եք Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ և ժամանակին փաստարկում էիք կառավարման խորհրդարանական ձևին անցնելու անհրաժեշտությունը, ինչո՞ւ են դիրքորոշումները կտրուկ վերանայվել:

– Սա, իրոք, առանցքային հարցադրում է, որին համարժեք չանդրադառնալն անհարկի շփոթի ու շահարկման տեղիք է տվել: Բնականաբար, Արցախի քաղաքական ուժերը դրսևորեցին բարդագույն խնդիրները փոխզիջումային, փոխըմբռնման մթնոլորտում լուծելու հիրավի բարձր իրավաքաղաքական մշակույթ, ինչի արդյունքում իր բոլոր վիճահարույց ասպեկտներով հանդերձ, այնուամենայնիվ, ծնվեց հաջողված Մայր օրենք: Այո, նախագծով նախապատվությունը նույնիսկ նախկինից ավելի ընդգծված նախագահական կառավարման մոդելին է տրվել, իսկ հայեցակարգում դա հիմնավորվել է «ԼՂՀ առջև ծառացած մարտահրավերների» գործոնով, որոնք «պահանջում են ուժեղ եւ միասնական գործադիր իշխանություն»։ Այս համատեքստում արտաքուստ խիստ տրամաբանական է թվում այն հարցադրումը, թե ինչո՞ւ է միատեսակ իրավիճակներում, միևնույն ելակետային տվյալների պարագայում խիստ իրարամերժ դիրքորոշում որդեգրվել։

Նախ, արտաքին անվտանգության իրական մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու տեսանկյունից անվերապահորեն ընդունելի է համարվել նախագահական կառավարման ոչ թե ցանկացած, այլ դրա այնպիսի մոդելը, որի պարագայում առնվազն հստակ լուծում են ստանում երկու գերխնդիր: Առաջին՝ երկրի նախագահը պետք է ոչ միայն օժտված լինի պարզապես լայն լիազորություններով, որոնք նրան հնարավորություն կտան հնարավորինս արագ ու ներդաշնակ արձագանքելու մարտահրավերներին, այլև պարտավոր է ստանձնելու իրատեսական ու կանխատեսելի պատասխանատվություն, ինչը, ըստ էության, բացակայում է գործող Հիմնական օրենքով: Անշուշտ հիշում եք, որ մենք ևս Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում անդրադաձել էինք այն խնդրին, որ չի կարող ընդունելի և իրավաչափ համարվել կառավարման այնպիսի համակարգը, երբ կառավարությունը զրկված է լինում լիարժեք ու անկաշկանդ գործելու հնարավորությունից, սակայն կրում է գրեթե ողջ պատասխանատվությունը:
Կարևոր է նաև երկրորդ նախապայմանը. Արցախում բնավ տուրք չի տրվել կառավարման նախագահական ձևի դասական մոդելին. նախապատվությունը տրվել է այնպիսի համակարգի, երբ իշխանության ճյուղերը ձեռք են բերում միմյանց հակազդելու լրջագույն լծակներ, իսկ միմյանց նկատմամբ սահմանափակումներ կիրառելիս, հարկադրված են հաշվի առնել նաև հենց իրենց նկատմամբ արդեն իրավունքի ուժով սահմանափակումները վրա հասնելու միանգամայն իրական հեռանկարը:

Մասնավորապես, խորհրդարանին ցրելու նախաձեռնությամբ հանդես գալիս, նախագահը հարկադրված է լինելու դադարեցնել նաև իր լիազորությունները և այլն: Ինչ վերաբերում է միևնույն մարտահրավերներին, ապա այս հարցում կան ճշգրտման կարոտ որոշ նրբություններ: Նշեմ միայն, որ Արցախը չճանաչված պետություն է և, ցավոք, զրկված է միջազգային համագործակցության լիարժեք լծակներից, անգամ՝ իր միջոցներով պաշտպանության նպատակով զենք ձեռք բերելու հնարավորությունից և այլն: Այսպիսով, խնդիրը չի սահմանափակվում սոսկ պատերազմական վիճակի գործոնով, այն ներառում է նաև Արցախի դեռևս չճանաչված լինելու փաստը, և անաչառ լինելու դեպքում չենք կարող պնդել, որ սպառնացող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու իրական հնարավորությունները նույնական են:

– Պարոն Դանիելյան, հաճախ բերվում է Իսրայելի օրինակը, պետություն, որը 70 տարի շարունակ գտնվում է պատերազմական վիճակում, սակայն անվերապահորեն հարում է խորհրդարանական կառավարման համակարգին: Ավելին, կառավարման հիշյալ ձևը բնավ չի խոչընդոտել արդյունավետ ռազմական կառավարում իրականացնելուն: Բերվում է նաև նախագահական այնպիսի երկրների օրինակը, որոնք լրջագույն խնդիրներ ունեն ժողովրդավարության հետ:

– Եթե անտեսենք մի շարք փաստարկներ, որոնցում առանցքայինը, ինչպես նկատեցի, Արցախի դեռևս չճանաչված պետություն լինելն է՝ դրանից բխող առանձնահատուկ իրավիճակով հանդերձ, ապա նշված եզրակացությունը կարող է և իրավաչափ համարվել, բայց դա արդեն որևէ գործնական արժեք չի ունենա: Ի դեպ, Իսրայելը միջազգային ճանաչման ու խաղաղության հասնելու համար գնացել է որոշ փոխզիջումների, սակայն, եթե դա հաջողվել է միջազգային ճանաչման կտրվածքով, ապա դեռևս խնդրահարույց է մնում խաղաղության ապահովման հարցը: Եվ եթե հավելենք, որ այդ երկիրը մարդկության ու խաղաղության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնող Ադրբեջանին անթաքույց զինելու քաղաքականություն է վարում, ապա հազիվ թե տեսանելի ապագայում խաղաղության հաստատման մասին խոսք լինի:

Ինչ վերաբերում է նախագահական կառավարման համակարգ ունեցող որոշ երկրների վրա հղում անելու հնարքին, ապա նույն տրամաբանությամբ այդպիսիք պետք է համարվեին նաև Ֆրանսիան, ԱՄՆ-ը և այլն: Վերջին հաշվով, էականը ոչ միայն սահմանադրական նորմերն են, այլև՝ սահմանադրական մշակույթը:

– Կարո՞ղ ենք փաստել, որ Ձեր նշած առանձնահատկությունները հանգեցրել են Արցախի և Հայաստանի սահմանադրական լուծումների էական տարբերությունների՝ բոլոր հատվածների առնչությամբ:

– Ոչ, բոլոր այն հիմնադրույթները, որոնք անմիջականորեն չեն առնչվում վերը նշված գործոնների հետ, պահպանվել են, և այս տեսանկյունից Հայաստանում որոշակի փորձարկում անցած և միջազգային փորձագիտական հեղինակավոր կառույցների կողմից դրական գնահատված կարգավորումները գրեթե նույնությամբ իրենց արտացոլումն են ստացել նաև Արցախի Սահմանադրության նախագծում:

Ի դեպ, անվերապահորեն ողջունելի է Մայր օրենքով նաև պետության անվանումը առավել իրավաչափ դարձնելը. դա բոլորիս երազանքն էր:

– Սահմանադրական բարեփոխումների իրական արժեքը խնդրահարույց է դառնում այն մտավախության համատեքստում, ըստ որի՝ Հիմնական օրենքով հաճախ փորձ է արվում օրինական տեսք հաղորդել այս կամ այն անձի պաշտոնավարման ժամկետը երկարացնելու կամ դարձյալ նույն պաշտոնում վերընտրվելու սահմանափակումները վերացնելու նկրտումներին: Այս դեպքում անթաքույց խոսվում է գործող նախագահի հետագա պաշտոնավարման համար լրացուցիչ իրավական հիմքեր առաջադրելու մասին:

– Այսպիսի իրավիճակներում առնվազն ելակետային կարող են լինել ինչպես սահմանադրական հիմնադրույթները, այնպես էլ քաղաքական հայտարարությունները: Նախ, Ազգային ժողովին վերապահված է մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 40 օր առաջ Հանրապետության նախագահ ընտրելու իրավասություն: Ընդ որում, վերջինս պետք է պաշտոնավարի մինչև գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 2020թ.: Բացի այդ, Ազգային ժողովի նախագահի կողմից քաղաքական հայտարարություն է հնչել այս հարցադրման կապակցությամբ, որպիսի պարագայում՝ Ձեր կողմից նշված մտավախության հիմքեր չկան:

Ինչ վերաբերում է հետագայում, ընդունենք 2020թ. թեկնածությունը առաջադրելու իրավական հնարավորության հարցադրմանը, ապա այդ տեսանկյունից որևէ նոր իրավական հիմնադրույթ չի ներմուծվել, քանի որ ընդունված չափանիշը վերաբերել ու վերաբերում է սոսկ երկու անգամ անընդմեջ ընտրվելուն:

– Հանրային քննարկումների ընթացքում բազմիցս խոսվել է այն մասին, որ խորհրդարանին վերապահվել է Սահմանադրության հոդվածների գերակշիռ մասում փոփոխություններ կատարելու իրավասություն, ընդ որում, դա պատճառաբանվում էր «անհրաժեշտ ճկունություն ապահովելու անհրաժեշտությամբ»:

-Այո, նախնական տարբերակներում կար այդպիսի դիրքորոշում, սակայն ողջունում եմ հանձնաժողովի գործելաոճը՝ քաղաքական ուժերի նկատառումներին համարժեք ականջալուր լինելու կտրվածքով: Ինքս ևս մտավախություն ունեի խորհրդարանին այդչափ մեծաթիվ հոդվածների առնչությամբ փոփոխություններ կատարելու իրավասություն ամրագրելու կապակցությամբ, բայց հանրաքվեի դրված տարբերակում խնդիրը, թերևս, լուծվել է: Մասնավորապես, վերանայվել է այդ հոդվածների շրջանակը, ինչի արդյունքում առնվազն 6 գլուխներում և թվով 15 հոդվածներում, որոնք առավել հիմնարար հարաբերություններ են կարգավորում, փոփոխություններ կարող են իրականացվել միայն հանրաքվեի միջոցով: Ասվածը վերաբերում է նաև դատական իշխանության սահմանադրական հիմքերին, ինչը խիստ էական է իշխանությունների բաժանման և հավասարակշռման երաշխավորման տեսանկյունից:

– Պարոն Դանիելյան, Արցախի Սահմանադրությունն ինչպե՞ս է դիմակայելու Ադրբեջանի Սահմանադրության հիմնադրույթներին և քաղաքական զարգացումներին, դրանում համարժեք արտացոլվա՞ծ են այդ բնույթի հնարավոր ազդեցությունները:

-Այս խիստ կարևոր հարցադրումը ևս անհարկի անտեսվում է, մինչդեռ՝ Սահմանադրության նախագիծը շահեկան է նաև այս տեսանկյունից: Նկատենք, որ ազատագրված տարածքների առնչությամբ Ադրբեջանի իրավազորությունն անգամ իրենց հիմնական օրենքով ու այլ իրավական ակտերով ամրագրված չէ: Մասնավորաապես, նրանց սահմանադրությունը մանրամասն կարգավորում է Նախիջևանի կարգավիճակին, հանրային իշխանության մարմիններին առնչվող հարաբերությունները, ինչը, սակայն, բացակայում է հիշյալ տարածքների առնչությամբ, այս դեպքում անգամ անտեսված է տարածքային կազմավորումներ ու տեղական ինքնակառավարման մարմիններ ձևավորելու իրավական հիմքերի նախատեսումը:

Նախագծի 175-րդ հոդվածով ճանաչվել է Արցախի հանրային իշխանությունը այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո:

 

Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ

 

«Առավոտ»

11,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728