Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական պահ

Ապրիլ 04,2017 10:29

Այս խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրվեց մի փաստ, որն, իմ կարծիքով, պատմական է. ընտրություններին մասնակցող հիմնական կուսակցությունները ուղղակիորեն եւ միջնորդավորված ձեւով հայտարարեցին, որ ընդունում են ընտրությունների արդյունքները: Բացառություն է թերեւս ՕՐՕ-ն, որը, հավաքելով ընտրողների ձայների 2 տոկոսը, հավանաբար, ենթադրում է, որ արդար ընտրությունների դեպքում կհավաքեր 50+1-ը: Բայց նույնիսկ ՕՐՕ-ն, որքան գիտեմ, չի դիմել վերահաշվարկի պահանջով: Մնացածը՝ «Ելք»-ը եւ ՀՎԿ-ն՝ ուղիղ տեքստով, իսկ «Ծառուկյան» դաշինքն ու Կոնգրեսը՝ իրենց հայտարարությունների ենթատեքստով, հասկացնել են տալիս, որ իրենց հետագա գործունեության ժամանակ ելնելու են փաստացի ստեղծված իրավիճակից: (Առաջին նախագահի արձագանքում կար նաեւ հետեւյալ երանգը՝ «Այ, եթե ինձ չլսեք, կտեսնեք ձեր հալը», բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում):

Նախ՝ արձանագրված պատմական փաստը կարեւոր է հենց այդ կուսակցությունների արդյունավետ ընդդիմադիր պայքարի համար: Վերցնենք թեկուզ «Ելք»-ը, որին ձայն է տվել 122 հազարից ավելի քաղաքացի: Ի՞նչը կպահպաներ այս պատկառելի քաղաքական կապիտալը՝ մի երկու-երեք շաբաթ պահել այդ ընտրազանգվածի մի մասը փողոցում, մաշել, ջարդել նրան, հետո ուղարկել տուն՝ «թեյ խմելո՞ւ», թե՞ շարունակել պայքարը խորհրդարանում եւ փողոցում՝ դնելով իրագործելի, կոնկրետ պահանջներ: «Ելք»-ի լիդերների քաղաքական հոտառությունը հուշեց երկրորդ ճանապարհը, եւ այն հաստատ ավելի արդյունավետ է:

Ո՞ր պարագայում է մարդն ընտրություններից հետո դուրս գալիս փողոց: Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ վստահ է, որ իր ձայնը գողացել են: Եթե նա վաճառել է ձայնը ՀՀԿ-ին կամ «Ծառուկյան» դաշինքին, ապա տեսականորեն կարող է հրապարակում ինչ-որ բաներ վանկարկել, բայց դա «սրտանց» չի անի: Խոհանոցում, ֆեյսբուքում նա, անշուշտ, կբողոքի, նույնիսկ գուցե՝ կհայհոյի: Շատ հավանական է, որ կարտագաղթի: Բայց նա չի պաշտպանի իր քաղաքացիական իրավունքները: Այդ հարյուր հազարավոր ընտրողները, ինչպես ասում են, «համապատասխան» ձայները տվել են հիշյալ երկու ուժերին եւ բողոքելու տեղ չունեն:

«Ելք»-ին ձայն տված 122 հազար քաղաքացիներն իրենց հիասթափված եւ խաբված չեն զգում: Այդ մարդկանց կարելի է մոբիլիզացնել, որպեսզի այդ քաղաքական ուժը ընդդիմադիր գործընկերների հետ հասնի որոշակի իրական փոփոխությունների: Համակարգը խորհրդարանական է, բազմաթիվ որոշումների համար անհրաժեշտ կլինի որակյալ մեծամասնություն, եւ, հետեւաբար, բազմաթիվ օրենքներ ընդդիմությունը կարող է պարտադրել՝ որպես «փոխհատուցում» այդ՝ «կոնսենսուսային» որոշումների ընդունման դիմաց: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա՝ այդպիսիք են քաղաքական խաղի կանոնները: Այն, որ մի շարք կուսակցություններ որոշել են խաղալ այդ կանոններով, միայն ողջունելի է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Այս “Պատմական պահ”-ին ուզում եմ ներողություն խնդրել անձամ խմբագրից: Մարտի 31-ին “Բացառման մեթոդով” վերագիրը կրող Ձեր հոդվածի քննարկման մեջ ես գրել էի`,”Եթե որոշել եք ընտրություններից հետո գովել 0.84% ստացած “Ազատ դեմոկրատներին”`չեմ հավատում:” Ես սխալվեցի, իմ կանխորոշումից հետո ազատ դեմոկրատները հավաքել են 0.94%: Խոսք եմ տալիս այլևս չխանգարել ձեզ և ձեր մեծաքանակ ընթերցողներին: Գրեք բոլորի մասին, քննարկեք, խորհուրդներ տվեք: Արդեն ժամանակն է:

  2. Ruben says:

    ԵՐԳՉԻ ՎՐԵԺԸ
    Ծանըր հեծության ժամանակների
    Եվ ճընշումների անըզգա որդիք,
    Կամեցա սիրել, սակայն դուք բարի
    Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք:
    Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
    Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
    Տըխուր ձայներով կըթունավորեմ
    Հանգստությունը գալոց օրերի:
    Հուսահատության թախծալի երգով
    Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր,
    Եվ դուք կարտասվեք լիացած աչքով,
    Խնջույքների մեջ նստած գըլխակոր:
    Եվ խիստ վրեժը զայրացած երգչի
    Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
    Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի…
    Եվ կըտառապեք այսպես հավիտյան:
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ Փետրվարի 22. 1891

  3. Հ.Շ. says:

    մէջբերում ՝ « Ո՞ր պարագայում է մարդն ընտրություններից հետո դուրս գալիս փողոց: Ակնհայտ է՝ այն դեպքում, երբ վստահ է, որ իր ձայնը գողացել են: »
    —————————————————————————————————–
    Ներողութիւն, բայց միայն այդ դէպքում չէ որ ոմանք փողոց են իջեցնում իրենց հաւատացող խեղճ ամբոխը – լինի այդ Հայաստանում կամ շատ մը այլ երկիրներում – :

    Այդպէս են անում նաեւ անոնք որոնք լաւ գիտեն որ ձայնի գողութիւն չկայ, սակայն արդէն, ի սկզբանէ, իրենց նպատակը ընտրութեան արդիւնքը չէր, այլ ընտրութենէն ետք՝ երկրում անկայունութիւն, խլրտումներ ստեղծելն էր:

    Այդպէս են անում նաեւ անոնք որոնք «sour loser»-ներ են, նոյն խաղը նուազ լաւ խաղալով՝ դառնացած պարտուողներ, որոնք կը ջանան ընտրութիւնը շահողին յաղթանակը պղտորել, եւ նաեւ deligitimize ընել զայն, հարցականի ենթարկել ընտրուած իշխանութեան հեղինակութիւնը – այս մէկը այս օրերին տեսնում ենք յատկապէս, եւ ցայտուն կերպով, ԱՄՆ-ում – : Առանց մտածելու որ այդ վարքագիծը վնասում է հիմնականօրէն համայն երկրին, սակայն այդ իրենց հոգը չէ:

    Մի խօսքով, ընտրութիւնից յետոյ փողոցային «յեղափոխական» շարժում են սերմանում կամ կազմակերպում անոնք որոնք խորապէ՜ս կը հաւատան սրբազան Ժողովրդավարութեան, միայն այն պայմանով եւ այն պարագային որ… իրենք ստանան քուէների մեծամասնութիւնը: Թէ ոչ, կը դառնան «մնայուն ապստամբութեան» թունդ քարոզիչներ:

    ՕՐՕ-ն տեղը նստաւ, որովհետեւ, ամենարեւակայական պատկերացումներով անգամ, փաստօրէն այնքան ցած է իր ժողովրդականութիւնը, որ նա ի վիճակի չէ փողոցային նշանակալից շարժում մէջտեղ բերել:

    Յուլիսէն ի վեր բազմիցս ասել ու գրել եմ՝ այժմու վարչակարգը աւելի զօրացաւ, աւելի հաստատուեցաւ, շնորհիւ… արմատական ընդդիմութեան: ՀՀԿ պէտք է որ ուղղակի շնորհակալութիւն յայտնէ յատկապէս անցեալ Յուլիսի անմիտ եւ արիւնալի գործողութեան հեղինակներին, եւ նաեւ անոնց աղմկոտ ջատագովներին:

    Յաջողութիւն «Ելքին», նա սքանչելի առաջխաղացք ապահովեց Հայաստանին, այլազան մակարդակների վրայ:

  4. Լավատես says:

    Կարծում եմ աստծո կամքն այն է, երբ ցանկացած արդյունք, այսինքն՝ աստծո կամքի դրսեւորում, մեծագույն չափով շահավետ ու արդյունավետ օգտագործես ինքդ քեզ համար, եթե նույնիսկ սկզբից էդ արդյունքից ուզում ես նույնիսկ ուրիշի երկրից արտագաղթես։ Առաջարկում եմ Ա մեր մասնագետները բոլոր երկրներից մեր երիտասարդությանը սովորեցնեն վաղվա մասնագիտություններին, Բ հենց իրենք սովորեցնող մասնագետները իրենք գնահատեն ու իրենց կողմից բարձր գնահատական ստացող երիտասարդին վճարեն այնքան գումար, որը կհերիքի երիտասարդին իր ընտանիքը պահի ծնողներին նույնպես, Գ հարուստ հայերն էլ այդ նպատակով թող հրանտներ ։) բաժանեն այդ մասնագետներին՝ երիտասարդներին վճարելու համար, բայց ամեն հարուստի ձեռքից փող չվերցնեն, փողը պետք է լինի մաքուր, տվողն էլ պետք է լինի մաքուր հայ, այսինքն՝ մեջը ոչ մի կաթիլ վաշխառու չպիտի լինի։ Լավ կլիներ ամեն տարիքի ու սեռի համար մշակվեին չափանիշներ, որոնց ամեն հայ պետք է ձգտի՝ վաղվա զինվորին վայել մակարդակով։ Հիմիկվա տեղեկատվական միջոցներով կազմակերպել նման միջոցառում հեչ դժվար չի։ Պետք է հասնել այն վիճակն, որ ջահելությունը դրսից ուզենա գա մեր հայոց լեռնաշխարհը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930