Լրահոս
Օրվա լրահոսը

Հսկայական քայլ առաջ ընտրական գործընթացների տրամաբանության մեջ

Ապրիլ 04,2017 20:35

Հայաստանի խորհրդարանական ընտրություններն այլևս կայացած փաստ են, դրանց առանձնահատկությունների ու ընթացքի շուրջ զրուցեցինք ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ, ով նշեց հետևյալը.

– Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններն առանձնահատուկ էին ոչ միայն նրանով, որ Սահմանադրական փոփոխություններից հետո մենք առաջին անգամ ընտրում էինք կառավարման նոր համակարգին համապատասխանող խորհրդարան, այլ նաև ՝ աննախադեպ մեծաքանակ դիտորդական առաքելությունների մասնակցությամբ: Հայտնի է, որ մասնակցել են 4 հարյուրից ավել դիտորդներ 41 երկրներից, այդ թվում 340 երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, մեծաթիվ պատվիրակություն ԵԱՀԿ ԽՎ- ից, ԵԽԽՎ և Եվրոպական խորհրդարանից:

Բավականին լուրջ ներկայացվածություն է ցուցաբերել ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝  կազմում ընդգրկելով 8 երկրից 170 –ից ավել ներկայացուցիչ, նաև մեր սփյուռքի մշակութային-հասարակական գործիչ- դիտորդները և շուրջ 30 հազար տեղական դիտորդներ:

Այս աննախադեպ ծավալով դիտորդության պայմաններում որոշ ուժերի կողմից ընտրությունները էականորեն ստվերելու , անգամ ձախողելու ակնկալիքներ կային, բայց,  ի պատիվ մեր ողջ քաղաքական համակարգի և հասարակության, պետք է նշեմ, որ, այնուամենայնիվ, մեծ մասամբ այդ սպասելիքները չարդարացան, և ընտրություններն ընթացան առանց որևէ դարակազմիկ , «աշխարհացունց» խախտումների ու էքսցեսների, նախկինում հայտնի նեգատիվ երևույթների:

Դիտորդների թիվը այնպիսին էր, որ գրեթե չկար մի որևէ ընտրատեղամաս, ընտրատարածք, գործողություն , որը դուրս մնար բազմաթիվ դիտորդների ուշադրությունից, դրան գումարած նաև՝ տեսախցիկների առկայությունն ու առցանց հեռարձակումները՝ այդպիսով ապահովելով ընտրությունների մաքսիմալ թափանցիկություն:

-Այդուհանդերձ, Ձեզ գոհացնո՞ւմ են միջազգային դիտորդների արձագանքները, որոնք դրական միտումներն արձանագրելուց զատ, նշել էին նաև որոշ մտահոգություններ՝ կապված ընտրությունների ընթացքի կազմակերպման հետ:

– Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ դիտորդական առաքելության մասնակիցների հետ զրույցների ընթացքում համարյա բոլորը շատ բարձր գնահատականներ են հնչեցրել, ասելով որ, ոչ մի բան չենք տեսել, քանի որ չի եղել: Իրականում, դիտորդական առաքելությունների պաշտոնական արձագանքներում արձանագրված է , որ իրավական այն հենքը , որի պայմաններում ընթանում էին ընտրությունները, վերացրել էր բոլոր պայմանները հնարավոր, տխրահռչակ այն խախտումների համար, որոնք եղել են նախկինում՝ որպես մեր ընտրական մշակույթի բաղկացուցիչ մաս: Դիտորդական առաքելությունների արձագանքներում ընդգծվեց, որ՝ այո, ոչ միայն քվեարկության օրը, այլև համարյա ողջ ընտրական գործընթացները մաքսիմալ թափանցիկ էին, օրինական, լավ կազմակերպված և ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար ազատությունների հանդեպ: Հայաստանում առաքելություն իրականացնող դիվանագիտական կառույցները ևս արձանագրեցին, որ ոչ միայն ընտրության օրը, այլև նախընտրական ժամանակահատվածում հավասար պայմաններ էին ապահովված բոլոր քաղաքական ուժերի համար, լրատվամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար, իսկ քվեարկության օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը:

Իհարկե, մենք դեռևս չենք կարող ասել, որ անթերի գործընթացի ականատեսն ենք, և դիտորդական առաքելությունն էլ նշեց թերություններ, որոնք ոչ թե իշխանության, այս կամ այն քաղաքական ուժի թերությունն են, այլ դեռևս մեր հանրության, մեր քաղաքական համակարգի չհաղթահարած հիվանդություններն են , որոնք մենք քայլ առ քայլ պետք է հաղթահարենք: Կարևորը , կարծում եմ, և՛ մասնավոր կոնտակտների ընթացքում, և՛ պաշտոնական արձագանքներում դիտորդների կողմից հնչեցրած գնահատականների այն հստակ տարբերությունն էր, այն հսկայական քայլ առաջը, որը բեկումնային փոփոխություն է ողջ ընտրական գործընթացի տրամաբանության ու փիլիսոփայության մեջ:

Սա երևաց ոչ միայն ընտրական օրվան վերաբերող գնահատականներում, այլև նախընտրական գործընթացների բավականին երկարաժամկետ դիտարկումներում, որոնցում արձանագրվում է, որ կատարված փոփոխությունները նաև մաքսիմալ հնարավորություն են տվել քաղաքական ուժերին ներկայացնել իրենց ծրագրերը, իրենց քաղաքական դիրքորոշումները, հնչեցնել իրենց ձայնը և ստանալ ընտրողների ձայները , ինչը լուրջ առաջընթաց է նաև մեր կուսակցական ժողովրդավարության զարգացման իմաստով: Անգամ «դաբռո» /հովանավորչություն/ հասկացությունն է վերացել , որ տարիներ շարունակ մեր ընտրական իրականության անքակտելի մաս է եղել: Այսօր յուրաքանչյուր կուսակցական գործիչ հնարավորություն ունի , ցանկության դեպքում , եթե տեսնում է , որ հանրության մոտ համակրանք է վայելում , մասնակցել ընտրապայքարին:

Միջազգային դիտորդական առաքելությունների արձագանքում ամենակարևորը, թերևս, այն էր, որ մեր գործընկերները տեսնում են հնարավորություն և հեռանկար միասին աշխատելու ՝ գոյություն ունեցող կամ նոր իրավակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու մտահոգությունները, միասին շարունակելու աշխատանքը այն թերությունների վերացման ուղղությամբ, որոնք մենք այս փուլում չենք կարողացել հաղթահարել, և պատրաստակամություն ՝ համատեղ աշխատանքով կատարելագործելու ընտրական համակարգը:

Կարծում եմ, դիտորդական առաքելությունների այս արձագանքի ամենաէական տարբերությունը նախորդների համեմատ այն էր, որ, կիրառված հռետորաբանության մեջ բացակայում է լեգիտիմության կասկածը.կարելի է ասել, մենք ձերբազատվել ենք մեզ գնահատելու կարգավիճակից՝ այլևս շարունակելով համագործակցությունը մեր գործընկերների հետ ՝ մեզանում դեռևս առկա թերությունները վերացնելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930