Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Պահանջում ենք, որ ԱԺ պատգամավորներն օգտվեն բարեգործական ճաշարաններից». Երթի մասնակից

Մայիս 01,2017 15:40

ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանի համար մայիսի 1-ը ոչ միայն տոն է, այլեւ՝ պահանջատիրության օր: Նա այսօր մայիսմեկյան երթի ժամանակ Aravot.am-ին ասաց, որ աշխատավորների խնդիրները նույնն են, իրենց ամենից շատ դիմում են աշխատանքային պայմանագրերի, արձակուրդների հարցերով: Ըստ նրա, թեեւ պաշտոնական տվյալներով Հայաստանում գործազրկությունը 18 տոկոս է, բայց իրական ցուցանիշն ավելի բարձր կլինի, որովհետեւ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը գործազրկության ցուցանիշով առաջին հորիզոնականում է:

Մեր հարցին՝ ինչ եք այսօր պահանջում, պարոն Խառատյանը չհասցրեց պատասխանել, միջամտեց երթի տարեց մի մասնակից ու թվարկեց իր պահանջները.

«Պահանջում ենք, որ ԱԺ պատգամավորներն օգտվեն բարեգործական ճաշարաններից, որ նրանք սոված չմնան»:

Մի ուրիշ կին էլ հեգնեց՝« Ուռա՜»:

Մեր հարցին՝ ինչու է նման պահանջ ներկայացնում, որովհետեւ պատգամավորների աշխատավարձը ցա՞ծր է, երթի մասնակիցը պատասխանեց. «Պահանջում ենք, որ աշխատավարձն էլ բարձրացնեն, ցածր է շատ,-հետո հավելեց,- ավելացնե՛լ կարմիր գծերը»:

Մեր դիտարկմանը, որոշ մականունավոր պատգամավորներ չվերընտրվեցին ու նոր խորհրդարանում չեն լինի, նա արձագանքեց, թե սոված կմեռնեն: Մեր հարցին, թե նրանց համար ինչ ենք պահանջում, ասաց. «Որ գլխարկները դնեն ու գնան փող հավաքեն»:

Երթի այս մասնակիցը նաեւ գործատուների համար պահանջ ունի, նրա պահանջը մեկն է, որ հաջորդ ընտրություններին նրանք ընտրվեն ԱԺ պատգամավոր ու խորհրդարանում իրենց շահերը պաշտպանեն:

Մանրամասները` շուտով տեսանյութում


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031