Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ»

Մայիս 11,2017 13:30

Մասնագետն առաջարկում է սահմանափակ
թվով թողարկված խտասկավառակը հասանելի դարձնել բոլորին

Դեռեւս Հին Հունաստանում համոզված էին, որ երաժշտությունը կարող է փոխել մարդու հոգեկան եւ ֆիզիկական վիճակը, երաժշտության միջոցով կարելի է հանել զայրույթն ու վիրավորանքը, բարձրացնել տրամադրությունը եւ այլն:

«Նվիրիր կյանք» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, օգնություն է ցուցաբերում օնկոլոգիական եւ այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, հաճախ օգտագործելով նաեւ երաժշտության ամոքիչ ուժը: Վերջերս Ազգային օպերային թատրոնում կայացավ «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» երաժշտական բեմադրությունը՝ կազմված ռուս եւ հայ հեղինակների մանկական սիրված երգերից, այդ թվում՝ Շաինսկու «Կոկորդիլոս Գենայի երգը», «Երկնագույն գնացք», «Չունգա-Չանգա», Նիկոլաեւի «Փոքրիկ երկիր», Կռիլատովի «Չլիներ եթե ձմեռ», Ամիրխանյանի «Պույ-պույ մկնիկը», Ռիտա Սարգսյանի «Տիկնիկի օրոր», «Նվիրիր կյանք»: Ռուսական երգերը՝ գրված Իլյա Ռեզնիկի, Էդ. Ուսպենսկու, Սերգեյ Կոզլովի, Յուրի Էնտինի եւ այլոց խոսքերով, հնչեցին հայերեն՝ Ավետ Բարսեղյանի թարգմանությամբ՝ «Կամերտոն» վոկալ արվեստի ստուդիայի (ղեկավար՝ Նաիրա Գյուրջինյան) սաների, Հանրային ռադիոյի «Արեւիկ» մանկական անսամբլի (ղեկավար՝ Վահե Հայրապետյան), «Արեւներ» մանկապատանեկան անսամբլի (ղեկավար՝ Արփինե Հովհաննիսյան), «Սյուրպրիզ» մանկապատանեկան երգի թատրոնի (ղեկավար՝ Անահիտ Շահզադեյան) սաների կատարմամբ: Բեմադրության ավարտին երեխաներին անակնկալ էր սպասվում. նրանք ստացան նույնանուն CD-ն, որտեղ ընդգրկված են ներկայացման ժամանակ հնչած բոլոր 21 երգերը:

«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը ողջունելով այս նախագիծը, նշեց. «Ցանկալի կլիներ այս հրաշալի CD-ն, որը թողարկված է հատուկ երեկոյի համար եւ վաճառքի ենթակա չէ, ունենար սերիական արտադրություն: Չէ՞ որ առաջին անգամ երեխաները, նաեւ մենք, լսեցինք ռուս կոմպոզիտորների սիրված երգերը մեր մայրենիով»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ երաժշտաթերապիան ժամանակին գիտական ուսումնասիրության է ենթարկել նաեւ մեր հայրենակից, վրացահայ ազնվական Թարխանյանների տոհմից ներկայացուցիչ, բժիշկ, ֆիզիոլոգ, հոգեբան, Ռուսաստանի գիտությունների ակադեմիկոս Իվան Թարխանովը (1846-1908թթ.): Նա իր ուսումնասիրություններով ցույց է տվել մարդկանց ուրախություն պարգեւող երաժշտության դրական ազդեցությունը օրգանիզմի վրա: «Գիտնականը նկատել է երաժշտության ընտրողական ազդեցությունը՝ կախված կատարվող ստեղծագործության բնույթից եւ գործիքից: Օրինակ՝ կլառնետն ազդում է արյան շրջանառության վրա, ջութակն ու դաշնամուրը հանգստացնում են նյարդային համակարգը, ֆլեյտան ունի թուլացնող ազդեցություն: Իսկ երաժշտության ամենամեծ ազդեցությունը նյարդահոգեկան հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն է, որը կարող է խաղաղեցնել, հանգստացնել ու ակտիվացնել, թեթեւացնել թախիծն ու ուրախություն հաղորդել, նվազեցնել ագրեսիվությունը, քնեցնել եւ այլն»,- ասաց տիկին Ավետիսյանը:
Երաժշտագետը նշեց նաեւ, որ հայազգի բժիշկ, գրող- հրապարակախոս, հոգեբան Սերգեյ Մամուլովը խոսելով երաժշտաթերապիայի մասին, հավաստիացնում է, որ այն որոշ մարդկանց վրա ավելի մեծ ներգործություն է ունենում, քան խոսքը: «Այժմ այնպիսի զարգացած երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան, Գերմանիան, Դանիան, Շվեյցարիան եւ այլն, երաժշտական թերապիային մեծ տեղ են տալիս: Օրինակ, Մյունխենի համալսարանի մասնագետները, ի թիվս այլ հիվանդությունների, երաժշտության միջոցով բուժում են մանկական ուղեղային կաթվածը… Ողջունելի է, որ վերջին շրջանում մեր իրականության մեջ էլ է այս մեթոդը կիրառություն ստանում»,- ասաց Նելլի Ավետիսյանը:

 

ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

10.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031