Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրված չլինելը» երեխաներին դրդում է կոնֆլիկտային քայլերի

Մայիս 13,2017 12:30

«Սովորական գրիչ փոխանցելու պատճառով ուսուցիչս ինձ վիրավորական խոսքեր ասաց ու ես չկարողացա հավատացնել, որ ընդամենը գրիչ էի վերցնում: Նա ինձ վիրավորեց, եւ ես իմ ընկերների մոտ շատ վատ զգացի»,-«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնում այսպես ներկայացրեց 12 տարեկան դեռահասներից մեկը վերջերս իր եւ իր ուսուցչուհու հետ տեղի ունեցած կոնֆլիկտային իրավիճակը: Հոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Խաչատրյանը եւ այդ կենտրոնի պրակտիկանտներ՝ ԵՊՄՀ-ի հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները կոնֆլիկտային խնդիրները հաղթահարելու նպատակով թրեյնինգ էին կազմակերպել դեռահասների համար:

Թրեյնինգի մասնակից երեխաները, ուսանողների ուղղորդությամբ, առաջարկեցին իրենց ընկերոջ խնդրի լուծման տարբերակներ՝ մեկը, որ պետք է դասի վերջում ուսուցչին բացատրեր իրավիճակը, մյուսն էլ թե. «Այդ պահին ես կասեի, որ ուղղակի գրիչն էի վերցնում, եւ եթե նա ինձ չհասկանար, որ հաճախ էդպես է պատահում, ոչինչ չէի ասի, խնդիրներ չառաջանալու համար, հետո, դասի ավարտին կբացատրեի, թե ինչ էի անում»: Որոշ դեռահասներ էլ ասացին, որ իրենք կքննարկեին ուսուցչի հետ նեղացած տոնով կամ լացելով, որը հոգեբանը մեկնաբանեց, որ դա վարքի սովորութային ձեւ է եւ իրենց ուզածին սովոր են հասնել նեղանալու կամ լացի միջոցով, եւ առաջարկվեց հույզերի փոփոխված այլ ձեւեր:

Բացի իրենց տարբեր մոտեցումներից, երեխաներին թրեյնինգավարի կողմից հուշում էր տրվում, որ շատ կարեւոր է կոնֆլիկտի հաղթահարման մեջ տոնը, հուզական կայուն վիճակը, դրական դիրքորոշումը, ժեստերը, միմիկաները եւ այլն:

Դեռահասության տարիքը քանի որ համարվում է ճգնաժամային տարիք եւ այդ տարիքում տեղի են ունենում թե՛ ֆիզիոլոգիական, թե՛ հոգեբանական լուրջ փոփոխություններ, որի արդյունքում կարող են առաջանալ ոչ միայն միջանձնային կոնֆլիկտային իրավիճակներ, այլեւ՝ ներանձնային, սկսած փոքր արտաքին փոփոխություններից:

Մասնակից երեխաները «Առավոտի» հետ զրույցում պատմեցին նաեւ իրենց մտահոգող կոնֆլիկտային իրավիճակների մասին` կապված ընտանեկան եւ ընկերակամ միջավայրի հետ. «Իմ ընկերները չար են ինձ հետ, իմ կարծիքը հաշվի չեն առնում, իրենց մտածածն են անում: Նեղանում եմ եւ շատ անգամներ մտածում եմ, որ մեղավորը ես եմ, ուզում եմ իմանալ պատճառը»,-պատմում էր Գրիգոր Մալխասյանը՝ ավելացնում, որ հետո գնում է տուն, տնեցիք էլ ասում են՝ էլի դու կռի՞վ ես արել, ինչի՞ համար, հետո չստացված բացատրելու փորձերից Գրիգորը փակվում է իր սենյակում: Նմանատիպ խնդիր ուներ երեխաներից Մարատ Հովակիմյանը, իսկ Արինա Աբրահամյանը բողոքում էր. «Իմ ընկերներից երբ որ խմբերով առանձին հավաքվում են ու ինձ չեն կանչում, մտածում եմ, որ ինձ չեն սիրում: Ես իրենց լավ, մոտիկ ընկերուհիներ եմ համարում, իսկ նրանք՝ ոչ այդքան: Մեկ-մեկ ասում եմ՝ ինձ էլ ընդգրկեք ձեր խաղերում, երբեմն էլ նեղացած մնում»:

Ընկերների հետ խնդիրներ Լիլիթ Մարկոսյանն էլ ուներ, որ հիասթափվել էր, երբ նրա մտերիմ ընկերուհին իր գաղտնիքները այլ երեխայի էր ասել. «Հետո ում հետ նա շփվում է, իրենից ճշտում եմ, թե որն է իմ սխալը, հասկանում եմ իմ սխալը ու ներում եմ, բայց էլ գաղտնիքներս չեմ ասում նրան»: Ընկերական շրջապատում փոփոխությունների ձգտող Էլեն Խաչատրյանն էլ ուզում էր, որ խմբային աշխատանքներում ուսուցիչը դասարանի երեխաներին խմբերի չբաժանի, որպեսզի այդ բաժանումը իրենց ընկերության վրա չազդի:
«Ես ընկերներիս հետ խնդիր չունեմ, բայց ընտանիքում ունեմ ինձնից փոքր եղբայր՝ 6 տարեկան, եւ երբ կռիվ ա լինում մեր մեջ, միշտ ինձ են մեղադրում ու ես մտածում եմ, որ իրեն ավելի շատ են սիրում ու նեղանում եմ: Նույնիսկ ինչ-որ մի բան, որ ջարդվում է, եղբայրս ասում է, որ ես եմ ջարդել եւ իմ ծնողներս նրան են հավատում ու դրանից էլ վիրավորվում եմ»,- պատմում էր Միլենա Պետրոսյանը:

Ընտանիքում, քույր-եղբայր հարաբերություններում Մերի Հակոբջանյանն էլ հիշեց իր խնդիրները. «Տանը ինձնից 2 տարի փոքր քույր ունեմ, շատ ենք վիճում, մեկ-մեկ լինում է, որ իր արածների համար ես եմ պատասխան տալիս ու մեկ էլ դպրոցում ընկերուհիներիս հետ, որ վիճում եմ, ինձ միայնակ եմ զգում: Հետո, եթե տեսնում եմ, որ ես եմ մեղավոր` ներողություն եմ խնդրում, եթե չէ, էլի գնում եմ, որ պարզենք՝ ով էր մեղավոր եւ բարիշում ենք»:

Մերի Ավետիսյանն էլ քույր ու եղբայր ունի եւ կոնֆլիկտները կապված են իրենից 6 տարի մեծ եղբոր հետ. «Անընդհատ վիճում ենք, մայրս ինձ է մեղադրում ու ինձ է պատժում, եղբայրս ինձ այնպիսի բաներ է անում, որ ջղայնանում եմ ու սկսում եմ ծեծել, կամ քույրիկս երբ չարություն է անում, գոռում եմ վրան, էլի մայրս ինձ վրա է ջղայնանում, որ գոռացի: Ես այդ պահին քույրիկիս չեմ սիրում»:

Մանկավարժ-հոգեբան, 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինչքան էլ փորձում էին այդ երեխաներին ուղղորդել կոնֆլիկտային իրավիճակներում՝ ինչպես պահել, խոստովանում է, որ հոգեբանական իրավիճակներում նա էլ երբեմն չի կարողանում իրեն վերահսկել: Լիլիթի կուրսընկեր Իրմա Տոնոյանը թրեյնինգի ժամանակ հիշեց իրեն դեռահասության տարիքում. «Կոնֆլիկտային իրավիճակներում արհամարհում էի ու դժվար էի գնում բանակցությունների, ինքս ինձ հաղթահարելու համար ընդունվեցի այս ֆակուլտետը: Հիմա հասկանում եմ, որ եթե մի խմբի անդամ ես եւ ունես քո կարծիքը, պետք է նաեւ լսել բոլորի կարծիքը եւ գնալ համաձայնության»:

Ապագա հոգեբան, ուսանող Մանե Օհանյանն էլ կարծում է, որ բոլոր մարդկանց կյանքում էլ կոնֆլիկտներ լինում են եւ նրանք քիչ թե շատ կարողանում են հաղթահարել այն. «Կարծում եմ՝ առաջինը կամքի ուժն է, որ կարողանաս դիմացինիդ հասկանալ եւ նրան աջակցես եւ խուսափես կոնֆլիկտից եւ միեւնույն ժամանակ հաղթանակած դուրս գաս, քանի որ երբ դիմացինի պարտությունը տեսնում ես, դու էլի հաղթած չես լինում: Ամեն իրավիճակ ինքն է ստիպում հասկանալ դրա լուծման ճիշտ ուղին»: Այս խմբային թրեյնինգները Մանեն շատ օգտակար է համարում, քանի որ կարծում է, որ դրա միջոցով երեխաներն ավելի կհմտանան, կմտնեն դիմացինի իրավիճակի մեջ եւ կհասկանան, թե որն է խնդրի պատճառը եւ դրանից ելնելով՝ լուծում կփնտրեն: Կոնֆլիկտի լուծման ուղիներ գտնելու համար, ապագա հոգեբաններն ամենաճիշտ ուղին համարում են բանակցությունները:

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նմանատիպ թրեյնինգային հանդիպումները շատ կարեւոր են դեռահասների խմբում: Սովորաբար կոնֆլիկտի թեման շատ տարբեր է կոնֆլիկտի առարկայից. «Մեր հանդիպումներում կարեւորում ենք կոնֆլիկտի առարկան, որը վերլուծելիս է ավելի պարզ դառնում, օրինակ՝ ինչպես աղջիկն է նշում, որ ինձ չեն սիրում, այսինքն՝ «սիրված չլինելն է» առարկան եւ սա է դրդում կոնֆլիկտային քայլերի: Քննարկումներում կարողանում են վերլուծել այս երեւույթը, այսինքն՝ դեռահասները փորձում են իրենց անձնային հայացքները փոխել, ինքնագնահատականը բարձրացնել, դիմացինի վարքի մոտիվացիան դրական ընկալել, հասկանում են, որ իրավիճակները կարող են տարբեր լինել, ցանկացած մարդ ունի իր հույզերը, տրամադրությունը եւ ցանկությունը, կարողանում են դրանք տարանջատել եւ չանձնավորել: Սովորում են վարքային հմտություններ, հույզերը կառավարելու ունակություն, էմպաթիկ կարողություններ, կոնֆլիկտի լուծման մեխանիզմներ, որոնք իրականացվում են պարբերաբար հանդիպումների ընթացքում, նախատեսված ժամանակահատվածով: Ինչ խոսք, այս տարիքի կոնֆլիկտը կապված է նաեւ ընտանիքում ծնողական հարաբերությունների եւ ընտանեկան վերահսկողությունից ազատագրվելու հետ, որի ուղղությամբ բացի դեռահասներից, իրականացվում են աշխատանքներ նաեւ ծնողների հետ»:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

12.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031