Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորը հայցից հրաժարվել է

Մայիս 24,2017 14:00

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ի. Բեգլարյանի նախագահությամբ ընթացած Տիգրան Կարապետյանի՝ վիրավորանք հասցնելու համար լրատվության միջոցով հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտություն համարվող փաստացի տվյալները լրատվության միջոցով հերքելու եւ փոխհատուցում վճարելու մասին հայցադիմումի քննությունը տեւեց 5 րոպե: Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի հայցը պատասխանող ճանաչված, Սյունիքի մարզպետի նախկին խորհրդական, Արցախյան պատերազմի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի եւ երրորդ անձ ճանաչված «Առավոտ» օրաթերթի դեմ էր: Նրանք վիճարկում էին երկու տարի առաջ մայիսի 12-ին Aravot.am կայքում հրապարակված «Սուրիկ Խաչատրյանին սպառնում են» հրապարակման մեջ տեղ գտած տեղեկություններն ու արտահայտությունները:

«Առավոտ» օրաթերթը ստացել էր ծանուցագիր եւ երեկվա նիստին պետք է մասնակցեր նաեւ, որպես վկա, հրապարակման հեղինակ Տաթեւ Հարությունյանը: «Առավոտի» ներկայացուցիչն էր լրագրող Ռուզան Մինասյանը: Դատական կարճատեւ նիստի ժամանակ հայցվորը հրաժարվեց հայցից, իսկ Վոլոդյա Հովհաննիսյանն էլ հայտնել էր, որ ամենեւին նպատակ չի ունեցել վիրավորել Տիգրան Կարապետյանին: Դատական նիստին ըստ էության անհրաժեշտ չեղավ այլեւս լսել վկային: Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը ընդունել էր վարույթ 2015թ. հունիսի 19-ին, իսկ նախնական անդրանիկ դատական նիստը նշանակվել էր 2016թ. հուլիսի 15-ին: 2015թ. դեկտեմբերի 16-ին դատարանի որոշմամբ քաղաքացիական գործը նշանակվել էր դատաքննության:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլյան դեպքերի ժամանակ դատարանը քաղաքացիական գործի վարույթը կասեցրել էր, քանի որ պատասխանող Վոլոդյա Հովհաննիսյանը գտնվում էր զինված ուժերի կազմում:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Սիսիան-Երեւան

«Առավոտ»

23.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031