Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված հայ երեխաները` իրենց տեսած դաժանությունների մասին

Հունիս 06,2017 17:25

«Վանքի երեխաները» ֆիլմը հայերեն թարգմանությամբ հայ հանդիսատեսին վաղվանից հասանելի կլինի: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի ռեժիսորը եւ պրոդյուսեր, ազգությամբ թուրք Նազահաթ Գյունդողանը նշեց, որ ֆիլմը նկարելիս փորձել են խոսքը տալ մարդկանց և իրականությունը թողել նրանց ներկայացմամբ. «Շատ կարևոր է հենց թուրք բնակչությանը ցույց տալ, թե ինչ է կատարվել, ինչու է դա կատարվել: Նրանք պետք է առերեսվեն պատմության իրական էջերի հետ»:

Նազահաթ Գյունդողանը տեղեկացրեց, որ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է անցյալ տարի` Ստամբուլում, կինոփառատոնի ժամանակ: Այն նաև արժանացել է մրցանակի: Ֆիլմի հեղինակների հավաստմամբ` 2013-ին դիմել են Թուրքիայի մշակույթի նախարարությանը, որն էլ որոշ չափով աջակցել է ֆիլմի կյանքի կոչմանը. «Ֆիլմում անդրադարձել ենք Դերսիմի` 1937-38 թվերի ցեղասպանությանը: Մենք լսել ենք իրական պատմություններ: Նաև ուսումնասիրել ենք, թե Դերսիմում 1937-38-ին ինչեր են եկել հայերի գլխին»:

Նազահաթ Գյունդողանի ամուսինը` Քազըմ Գյունդողանը, նշեց, որ ներկայացրել են աղջիկ երեխաների պատմությունը, որոնք ստիպված են եղել իրենց արմատներից կտրվել և դառնալ սունի մուսուլման. «Երբ այդ երեխաների պատմությանը ծանոթացավ ժամանակին վարչապետ Էրդողանը, նա այսպիսի արտահայտություն արեց. Դերսիմում ապստամբություն չէ, այլ կոտորած է եղել: Տարբեր կոտորածների մասին խոսվել է, բայց Դերսիմի ցեղասպանության մասին Թուրքիայում 72 տարի լռություն էր»:

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, որն աջակցել է ֆիլմի պատրաստման աշխատանքներին, հավաստիացրեց` կլինի երգ, թե ֆիլմ, մենք պետք է Թուրքիայի քաղաքացուն հասցնենք հայի պատմությունը.  «Այդ երկրի քաղաքացին ուղղակի պատրաստ չէ նրան, ինչ մենք սպասում ենք, քանի որ հարյուր տարի պատմությունը խեղաթյուրված է եղել, հայ լինելը եղել է վտանգավոր, ինչ-որ առումով անթույլատրելի: Նոր միայն կարողանում ենք կատարվածի մասին ճիշտ տեղեկություն մատուցել այնտեղի քաղաքացիներին»:

Լրագրող Րաֆֆի Հերմոն Արաքսն էլ փաստեց, որ 301 հոդվածը Թուրքիայում դեռ սարսափ է առաջացնում. «Ֆիլմում հերոսներն իրենց վկայություններում արտասանում են ցեղասպանություն բառը: Իսկ հինգ-տասը տարի առաջ նման բան չէր կարող տեղի ունենալ: Հասան Ջեմալի «1915. հայկական ցեղասպանություն» անունով գիրքը հրատարակվելուց հետո չգրված օրենքով հայկական ցեղասպանություն բառն օգտագործելը կարծրատիպ էր:  Բայց հինգ տարի առաջվա համեմատությամբ այլևս կարծրատիպ չէ: Սակայն սա չի նշանակում, որ մի գեղեցիկ օր այդ 301-րդ հոդվածը մեկ էլ ուզեն աշխատացնեն ու նման փորձանք չգա»:

Մեկ ժամ տևողությամբ ֆիլմում ներկայացված է ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված հայ երեխաների պատմությունը, որոնք պատմում են իրենց տեսած դաժանությունների մասին, իրենց և իրենց հարազատների նկատմամբ ցուցաբերված բռնությունների մասին: «Վանքի երեխաները» ֆիլմը նկարահանվել է Հալիվորի Վանք գյուղի և Սուրբ Կարապետ վանքի տարածքում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930