Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ռեկորդակիր եմ բոլոր մարզպետների մեջ»․ Շիրակի մարզպետը վարչապետին հրաժարականի դիմում ներկայացրեց

Հունիս 06,2017 22:02

Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, որը պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի երեք ամիս, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին։

Հիշեցնենք, սակայն, որ նրան պաշտոնանկ անելու որոշումը ոչ թե կառավարությանն էր, այլ ՀՅԴ Գերագույն մարմնինը։ Շիրակի մարզպետի պաշտոնում Հովսեփ Սիմոնյանին կփոխարինի ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար, դարձյալ դաշնակցական Արթուր Խաչատրյանը, որը թեև եվրոպական կրթություն ունի, ըստ դաշնակցականների, տիրապետում է անգլերեն լեզվին, սակայն Շիրակի մարզի հետ ոչ մի աղերս չունի։ Իսկ սա նշանակում է՝ վերջինիս համար բացարձակապես հեշտ չի լինելու պաշտոնավարելը, հատկապես, երբ այս մարզը թաղված է խնդիրների մեջ՝ գործազրկություն, ծայրահեղ աղքատություն, անօթևանություն, արտագաղթ, սպասվող օպտիմալացումներ․ միավորվելու են թե՛ գյուղական համայնքները, թե՛ դպրոցները․․․ Իսկ սա ենթադրում է բողոքի թեժ ակցիաներ․․․

Ինչևէ, այսօր Aravot.am-ը Շիրակի արդեն հրաժարական ներկայացրած մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե նախազգուշացրե՞լ է իր կուսակից ընկերոջը ո՞ւր է գալիս, ինչպիսի՞ «ժառանգություն» է ընդունելու։ Նկատենք՝ Շիրակն այն մարզն է, որտեղ մարդիկ ուղղակիորեն հրաժարվում են մարզպետ դառնալուց․ օրինակ՝ գեներալներ Աշոտ Գիզիրյանն ու Ֆելիքս Ցոլակյանը բավական դժկամությամբ էին համաձայնել ստանձնել մարզպետի պաշտոնը, թեև երկուսն էլ ուղնուծուծով ծանոթ էին մարզի դեմքերին, տիրապետում էին խնդիրներին ու այստեղ տիրող ներքին հարաբերություններին։

Հովսեփ Սիմոնյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորև․

-Պարոն Սիմոնյան, ընդամենը մի քանի օր առաջ՝ բնակարանների գնման վկայագրեր բաժանելիս, պատասխանելով ձեր պաշտոնանկության մասին շրջանառվող խոսակցություններին՝ լրագրողներին ասացիք «Դեռ երկար, շատ երկար ենք աշխատելու միասին»։ Չգիտեի՞ք, որ պաշտոնաթող եք լինելու, սա անակնկա՞լ էր ձեր համար։

– Այո, ասել եմ, որ մենք դեռ երկար ենք աշխատելու (ծիծաղում է), եթե հիշում եք` չեմ շեշտել, որ մարզպետի պաշտոնում ենք երկար աշխատելու։ Իհարկե, երկար աշխատելու ենք, եթե Աստված կամենա, եթե առողջություն ունենանք երկար աշխատել։ Ասեմ, որ խնդիրը չի քննարկվել, չեմ էլ ուզում շատ ուշադրություն դարձնել, եթե գիտենայի, կամ չգիտեի, կամ խնդիրն ինչո՞ւ է առաջացել․․․ Չեմ մտածում դա էական նշանակություն ունի, որովհետև եթե կա որոշում, պետք է հանգիստ ընդունես այդ որոշումը, որովհետև ես վստահում եմ, որ իմ կուսակցական ընկերների կողմից ընդունած ցանկացած որոշում ինձ համար պետք է լավ լինի։ Ես վստահ եմ, որ այս որոշումը, եթե կայացրել են, հաշվի են առել, որ ինձ համար ավելի լավ կլինի, եթե ես տեղափոխվեմ մեկ այլ աշխատանքի, երևի այդտեղ իմ կարողություններն ավելի լայն օգտագործելու հնարավորություն կա։

-Դեռ չե՞ն ասել՝ ի՞նչ աշխատանքի են ձեզ տեղափոխելու։

-Ոչ, դրա մասին խոսել ենք, ասել են, որ կարճ ժամանակահատվածում կլուծվի իմ աշխատանքի խնդիրը։ Ես այս ամենը հանգիստ եմ ընդունում, ես քաղաքական մարդ եմ, պետական պաշտոնյա եմ և հասկանում եմ, որ ամեն ինչ չէ, որ կուսակցությունով սկսվում, կուսակցությունով ավարտվում է։ Եթե հիմա կուսակցության ցանկություններով լիներ, մենք հիմա պիտի ունենայինք Ծովից ծով, միացյալ Հայաստան։ Իհարկե, մեր ցանկություններն ու հնարավորություններն ամեն ժամանակ չէ, որ համընկնում են։ Կուսակցական ցանկացած որոշման պետք է ըմբռնումով մոտենանք, երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, բացատրություն, իհարկե, կտրվի։ Ես չեմ գտնում, որ մարզպետի պաշտոնից հեռացումը սարսափելի է։

-Այսինքն՝ չե՞ք տխրում։

-Բացարձակ, ուղղակի կա մեկ խնդիր, ցանկալի կլիներ, որ իմ մտածած ծրագրերն ավարտին հասցնեի, թեև չգիտեմ մնալով մարզպետի պաշտոնում՝ արդյո՞ք կկարողանայի կկատարել, թե՞ ոչ։ Հոգեբանական այս վիճակն է մարդու մոտ, որ ինքը միշտ մտածում է՝ եթե ինքը մնար, շատ ավելին կաներ։ Արել եմ այն, ինչ հնարավոր էր․ 1 տարի, 3 ամիսների ընթացքում՝ ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ ես կարողացա ընդունվել հասարակության կողմից, ես կարողացա շփվել ազգաբնակչության հետ՝ ազատ, հանգիստ։ Որևէ մեկի գնահատականն ինձ պետք չէ հասկանալու, ես ինքս հասկացա, որ ընդունվեցի ժողովրդի կողմից, ես կարողացա ինչ-որ մի ձևով դառնալ իր մասնիկը, իսկ դա երևի պաշտոնյայի համար ամենամեծ ձեռքբերումն է, որ ինքը կարողանա դառնալ ժողովրդի մի մասնիկը։ Ուրախ եմ, որ իմ օրոք մի քանի ծրագրեր իրականացան․ Ախուրյան համայնքում, վերջապես, ավարտեցինք անօթևանության խնդիրը, ուրախ եմ, որ իմ մարզպետության օրոք Գյումրիում երկրաշարժից անօթևանների խնդիրը փակվեց։ Երբ պաշտոնը ստանձնեցի, իմ մոտ մտահոգություն կար՝ գեներալի կոչում ունեցող նախորդ մարզպետների պես կհաջողվե՞ր ինձ՝ շարքային մարդուս, բոլորի հետ՝ համայնքների ղեկավարների, ուժային կառույցների, պատգամավորական խմբերի հետ աշխատել։ Փառք Աստծո, կարողացա աշխատել, և դա իմ ամենամեծ ձեռքբերումներից է․․․

-Լրագրողներին մոռացաք, պարոն մարզպետ։

(Ծիծաղում է) Ձեր մասով ասեմ, որ փորձեցի լինել բաց, կարող է շատ պաշտոնյաներ մտածում են, թե փակ լինելն ավելի հեշտ է, քան բաց լինելը, բայց ես կասեմ՝ ոչ․․ Մյուս կողմից էլ ես ռեկորդակիր եմ բոլոր մարզպետների մեջ, որովհետև ոչ մեկն իր մասին չունի այդքան հրապարակումներ, որքան ես։ Ինձ լրագրողներից մեկն ասեց, թե մարզպետների մեջ ամենակարճաժամկետը դուք եք պաշտոնավարել, ես պատասխանեցի ասացվածքով՝ տարի կա չարժի մեկ օր, օր կա, արժի տարի։ Ես վստահ եմ, որ իմ պաշտոնավարման ամեն մի օրը բավական լուրջ ժամանակահատված է։ Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել, բայց եթե մարզպետների աշխատանքին գնահատական հնչեցնենք, ոչ մեկը չէր ասի, որ ես 1 տարի 3 ամիս եմ աշխատել, ես մարզպետարանում աշխատել եմ 17 տարի։ Այն, ինչ-որ ես կատարում էի, նախորդ տարիների աշխատանք էլ էր սրան գումարվում։

-Մարզպետի նոր թեկնածուին, որը ձեր կուսակից ընկերն է, տեղեկացրե՞լ եք, որ բաժին եք թողնում ամենաաղքատ մարզը՝ իր արտագաղթող քաղաքներով և գյուղերով ու նաև խստապահանջ բնակչությամբ։

-Իմ կարծիքով, իմ կուսակցական ընկերը, որը համաձայնություն տվել է ստանձնելու Շիրակի մարզպետի պաշտոնը, մոտավորապես պատկերացում ունի, առավել ևս, որ ինքն աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։ Ինքը որոշ բաներից տեղյակ է, գիտակ անձնավորություն է։ Ինձ հարց տվեցին՝ ինքը կկարողանա՞ այս աշխատանքները կատարել, ձեր գնահատականը ի՞նչ կլինի, ես ասացի՝ ավելի ճիշտ կլինի հիմա ես իմ ցանկությունները փոխանցեմ, ոչ թե գնահատական տամ։ Ես ցանկանում եմ իմ կուսակից ընկերոջը, որպեսզի իր աշխատանքը հաջողվի, որովհետև այդ հաջողությունը ոչ միայն իրենը կլինի, կլինի իմը և ամենակարևորը կլինի շիրակցունը։ Ես կուզենայի ունենալ բարեկեցիկ մարզ, արժանի է մեր ժողովուրդը բարեկեցիկ կյանքի, բայց միաժամանակ կհորդորեի մեր ազգաբնակչությանը ՝ անկախ ամեն ինչից ընդունել մարդուն, փորձել մարզպետի կողքին լինել, չթուլացնել մարզպետին, որովհետև թույլ մարզպետը հնարավորություն չի ունենա հետագայում շատ խնդիրներ լուծելու։ Եվ մարդու կատարած աշխատանքի համար գնահատել, ոչ թե ասել՝ վա՜յ, էստեղի ծնունդ չէ, ուրեմն լավ մարդ չէ․․Ես կհորդորեի՝ թույլ տան աշխատի․ կկարողանա ճիշտ աշխատել, կփառաբանվի, չի կարողանա, իհարկե՝ կքննադատվի։ Շիրակը բարդ տեղանք է, բայց վախենալու չէ, հաջողելու դեպքում ամենալավն է։ Ես հիմա հաճույքով եմ իմ պաշտոնը թողնում, որովհետև հասկանում եմ, որ գնահատված եմ։ Ես կուզենայի, որ իմ կուսակից ընկերը, իհարկե, չգիտեմ ինչքան կպաշտոնավարի, բայց ինչքան էլ, որ պաշտոնավարի, արժանանա շիրակցու գնահատականին, որն ամենաանկեղծն է, ամենաօբյեկտիվն է։

Այսօր իմ ազատման դիմումն եմ ներկայացրել վարչապետին, հիմա կհարցնեք՝ ի՞նչ զգացողություններ ունեցա, իմ մեջ մի քանի զգացողություն կար՝ չգիտեմ ո՞րն է ճիշտ, զղջալ․․․Չէ, նման զգացողություն չունեի, որովհետև ինչ հնարավորություն ունեի, արել եմ։ Կհարցնեք՝ կուզենայի՞ շարունակել պաշտոնավարումը, իհարկե՝ կային գործեր, որոնք դեռևս լուծման կարիք ունեն՝ անկախ իրենց բարդությունից, որովհետև դրանց լուծումը բերելու է հարգանք։ Բայց ստորագրման պահին շատ հանգիստ եմ եղել, որովհետև միշտ գիտակցել եմ՝ մի օր նշանակվում ես, մի օր ազատվում ես պաշտոնից, գնում ես այլ աշխատանքի։ Ճիշտ պաշտոնյան էդպես պիտի լինի․․․Ես դեռ շնորհակալություն եմ հայտնելու իմ ժողովրդին իր վերաբերմունքի համար, իմ կողքին կանգնելու համար։ Ես մարզպետ դարձա ամենածանր ժամանակ՝ պատերազմի ժամանակ, ամենաթանկը երեխան է, երբ որ ես մտնում էի մեր նահատակված զինվորների տները, ինձ տեսնելով՝ մարդկանց մեջ հույս է արթնացել։ Երևի, ամենամեծ գնահատականը պաշտոնավարման ընթացքում եղել է հերոսներ ծնած ընտանիքների կողքին լինելը և այդ ընտանիքների կողմից ու այդ դաժան ժամանակահատվածում հասարակության կողմից ընդունված լինելու պահը։ Եթե մարդը պիտի պաշտոնավարի ասենք 7 տարի ու չթողնի ոչ մի անուն, ու պիտի պաշտոնավարի 3 օր ու թողնի անուն, ես գտնում եմ, որ ճիշտը 3 օրն է։

-Ձեր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում հասցրեցի՞ք որևէ ունեցվածք հետ գցել, ասենք՝ մի սպասարկման օբյեկտ, ավելացա՞ն ձեր եկամուտները։

-Օբյեկտ այդպես էլ չունեցա (ծիծաղում է), ինչ-որ ունեի, նույնը մնաց, իհարկե, աշխատավարձ եմ ստացել, ապրել ենք լավ։ Ընդամենը ծախսերն են ավելացել մարզպետի, մնացածը նույնն է մնացել, ոչինչ չի փոխվել։ Ո՞նց պիտի ինչ-որ բան հետ գցեի, ինչո՞վ գցեի։ Իհարկե, ես, նորից եմ կրկնում, ես բարձր աշխատավարձ եմ տացել, սա է եղել իմ տնտեսումը։

-Կա՞ մի որոշում, որի ընդունման համար փոշմանել եք այդուհանդերձ կան մարդիկ, որոնք կադրային որոշակի փոփոխությունների արդյունքում ձեզանից նեղացան։

Կարող է եղել են մարդիկ, որոնք համարել են, որ իմ որոշումներն իրենց նկատմամբ անարդարացի են եղել, բայց իրականում ես անձնավորված որևէ մեկի հետ որևէ խնդիր չեմ ունեցել և կատարել եմ այն, ինչ-որ մարզպետը պիտի կատարեր։ Չեմ փոշմանել կադրային փոփոխություններ կատարելիս, բայց կուզենայի մարդկանց տեղեկացնել, որ անձնավորված, մտածված, որ իրենց պիտի վատը լինի, ես չեմ ուզել։ Ինձ համար ինքնանպատակ չի եղել Պողոսին կամ Մարտիրոսին վատություն անել, մարդու տեսակ կա, որն ասում է՝ չէ, ես սրան վատություն պիտի անեմ։ Եթե էդ գործողության ընթացքում ինչ-որ մի վատ բան է ստացվել մեկի համար, ես վստահ կարող եմ ասել, որ ես ինչ-որ մեկի համար ինչ-որ խնդիր առաջացնելու ցանկություն չեմ ունեցել։ Եթե ինչ-որ մարդիկ կան, որոնց նկատմամբ կարող է ինչ-որ անարդար գործողություն է կատարվել, թող ներող լինել, եթե, իհարկե, մտածում են, որ անարդար է։ Մի բան վստահորեն կարող եմ ասել, որ մտածված ոչ մեկին վատություն անելու ցանկություն չեմ ունեցել։ Այս պաշտոնը, որ թողնում ես, ավելի հեշտ ես խոսում, կուզենայի, որ չարությամբ չլցվեին, որովհետև ես չարությամբ ոչ մեկի հանդեպ ոչ մի բան չեմ արել, իմ մեջ չարությանը չի խոսել, խոսել է պետական պաշտոնյայի կեցվածքը․․․ Հնարավոր չէ վարել պաշտոն ու անթերի լինել, կարող է մի տեղ չես էլ զգացել, որ մարդուն վնասել ես։

Ամփոփելով զրույցը՝ Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետ լինելը բնութագրեց այսպես․ «Աշողը գիտե, քաշողն ինչ գիտե։ Հավատացեք, որ ոչ թե վայելքներ եմ թողնում, որ մտահոգվեմ, ասեմ՝ վայ, էս ինչ վայելքներ թողեցի, թողնում եմ դժվարություն, բայց հաճույքով եմ անցել այդ դժվարությունների միջով, որովհետև հենց այդ դժվարությունների շնորհիվ նաև հարգանք ես ձեռք բերում։ Իհարկե, լավ կլիներ, որ և՛ հեշտ լիներ, և՛ հաճելի․․․»

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930