Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզ է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, բայց դա նորություն չէ»

Հունիս 07,2017 17:32

Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա Վարդանյանն այսօր «Մեդիա կենտրոնում» տեսակապի միջոցով լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառույցի՝ օրերս հրապարակած զեկույցին, համաձայն որի՝ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի բռնկման վտանգը բարձր է: «Կողմերը հասկանում են, որ պատերազմը հավասարազոր է ինքնասպանության»,-ասաց Օլեսյա Վարդանյանը:

Նա արձանագրել է, որ արցախա-ադրբեջանական շփման գծում բացակայում են միջադեպերը եւ էսկալացիան բացառող-վերահսկող մեխանիզմները. «Մոնիթորինգի մեխանիզմների ներդրումը շատ կարեւոր է, այլապես տեղային սրացումները կարող են ավելի մեծ ծավալներ ընդգրկել»:

Փորձագետի խոսքով՝ ամենամեծ վտանգը կողմերի միջեւ շփումների բացակայությունն է. «Կարծես երկու ատրճանակներ միմյանց ուղղված լինեն, մենք էլ սպասում ենք, թե ով կսկսի»:

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատեց՝ զեկույցից պարզ է, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում. «Բայց դա նորություն չէ: Կարծում եմ՝ կողմերի միջեւ շփումներ կան, բայց դրանք միջնորդավորված են ՌԴ-ի կողմից»:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հավելեց, որ հակամարտության սրացման վտանգ կա եւ այն ավելանում է. «Սրացումն ու պատերազմը տարբեր են: Եթե կան նախադրյալներ, որպեսզի սրացումը վերածվի պատերազմի, պետք է ցույց տալ դրանք: Որոշ հակամարտությունների դեպքում տասնամյակներով սրացումներ են լինում, բայց ոչ՝ պատերազմ: Եթե պատերազմի հավանականությունը մեծ է, ինչո՞ւ այն ապրիլին տեղի չունեցավ: Տարբերեք սրացումը պատերազմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930