Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց լեզուն հայտնվել է աղքատ ազգականի կարգավիճակում»

Հունիս 12,2017 16:00

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի վստահեցմամբ՝ տեսչությունն այսօր միակ փրկօղակն է, որը կարող է լեզվաքաղաքականության ոլորտում խնդիրներ լուծել:

«Առավոտը» տեսչության հնարավոր լուծարման մասին մտադրությունների եւ ընդհանրապես կրթության ոլորտի օպտիմալացման մասին զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի հետ: Պարոն Երիցյանին հիշեցրինք, որ տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հայկ Այվազյանը դիրքորոշում էր հայտնել, թե «տեսչությունը ռազմավարական նշանակության գործառույթ չունի եւ իրականացրել է պրիմիտիվ ստուգումներ, մինչդեռ այդ կառույցի իրական գործառույթը ստուգումները չէին»:

Պարոն Երիցյանն անհասկանալի համարեց այդ խոսակցությունները ու նշեց. «Ընդհանրապես զարգացած երկրի եւ ժողովրդի համար լեզվի պահպանությունն ու դրան առնչվող բոլոր գումարելիներն ամենակարեւոր գործոններից են: Չկա իրեն հարգող մի երկիր, որը չունենա նման մարմին՝ անգամ ավելի լայն իրավասություններով: Կան երկրներ, որտեղ լեզվաքաղաքականության ասպարեզում կա ե՛ւ գործադիր մարմին, ե՛ւ տեսչություն: Հեռու չգնանք՝ Լիտվան: Այստեղ կա երկու մարմին, որն իրականացնում է գործունեություն երկու կարեւոր խնդիրների լուծման համար: Գործադիր մարմինը գտնվում է Սեյմին կից եւ իրականացնում է լեզվաքաղաքականությանն առնչվող խնդիրներ, տալիս լուծումներ, իսկ տեսչությունը հետեւում է այդ խնդիրների լուծմանը եւ նրան, թե ինչպես են պահպանվում օրենսդրության պահանջները»:

Պարոն Երիցյանը փաստեց, որ ունենք «Լեզվի մասին» օրենք, որն ունի պահանջներ, կա տարբեր բնագավառներ կարգավորող օրենսդրություն, օրինակ՝ «Գովազդի մասին» օրենք, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենք, որոնցում հստակ սահմանված են լեզվական որոշակի պահանջներ, եւ դրանց իրագործումը եւս անհրաժեշտ է վերահսկել: Սերգո Երիցյանն արդարացված չի համարում բարեփոխիչների այն պնդումները, թե այն մարմինը, որը տալիս է արտոնագիր կամ նման փաստաթուղթ որեւէ կառույցի, նա էլ պետք է վերահսկի. «Չգիտեմ՝ գրական հայերենը կիրառելու, գովազդի կամ հրապարակային գրվածքի իրավասություն ով ում է տալիս, բայց նրանց կողմից ինչ-որ բան վերահսկելն անհնարին է: Նման մոտեցումը խնդիրը չհասկանալու, չընկալելու արդյունք է: Ամբողջ աշխարհում էլ կան որոշակի վերահսկողություն իրականացնող մարմիններ»: Դառնալով տեսչության գործունեությանը՝ պարոն Երիցյանը մտահոգություն հայտնեց, թե տարիների ընթացքում օրենսդրությունն այնպես է փոխվել, որ գնալով նվազել են Լեզվի պետական տեսչության՝ որպես հանրապետական գործադիր մարմնի իրավասությունները: «Մեր խնդիրն է լեզվի շահը պաշտպանելը, ինչն էլ արել ենք վերահսկողության միջոցով»:

Տեսչության պետը տեղեկացրեց, որ ոլորտը կարգավորելու նպատակով 7 տարի շարունակ տարբեր նախագծեր են ներկայացվել քննարկման: Բայց այս առումով տեղաշարժեր չկան: Այնինչ կուզենայինք, որ ներդրվեին զգուշացման մեխանիզմները. առաջին, երկրորդ զգուշացում, այնուհետեւ պատասխանատվություն տուգանքի միջոցով: Պարոն Երիցյանը ցավով նշեց, թե իրենք հույս ունեին, որ այս քննարկումները տեսչական բարեփոխումների շուրջ կծավալվեն, բայց, փաստորեն, փորձեցին հարցը լուծել ոչ թե բարեփոխելով, այլ վիրահատական միջամտությամբ. «Մենք սպասում էինք իրական բարեփոխումների, բայց մեզ հարկադրեցին այս՝ անհասկանալի ու ծանր հետեւանքների բերող գործընթացը: Բայց չպետք է մոռանալ, որ լեզուն ինքնապաշտպանական գործառույթներ ունի, եթե որեւէ մեկը չպաշտպանի լեզուն, այն կրողներն իրենք կպաշտպանեն, եւ մայրենիի նկատմամբ ոտնձգություն իրականացնողները դուրս կշպրտվեն ասպարեզից»:

Մեր այն դիտարկմանը՝ միգուցե իրո՞ք տեսչությունն արդյունք ցույց չի տալիս, դրա համար են ցանկանում այն լուծարել, պարոն Երիցյանը հակադարձեց, թե 2 տարի ընդհանրապես կասեցված են եղել տեսչական ստուգումները. «Հուլիսի մեկին լրանում է «Ստուգումների մասին» ՀՀ օրենքի հերթական «զինադադարը». հուսով եմ՝ դրանից հետո հնարավորություն կունենանք իրականացնելու մեր գործառույթները»:

Պարոն Երիցյանը շարունակեց կարեւորել նաեւ այս դաշտում օրենսդրական փոփոխությունները եւ մտահոգություն հայտնեց, որ երկրում լեզվաքաղաքականության պետական ծրագիր չկա եւ չի իրականացվում: 2002-2005-ին ծրագիր ունեցել ենք, որից հետո նոր ծրագիր չի ընդունվել: «Այս իրավիճակում տեսչությունը միակ փրկօղակն է, որը կարող է լեզվաքաղաքական խնդիրներ լուծել: Պարբերաբար ամենաբարձր մակարդակով քննարկվում է տեսչության կարգավիճակը բարձրացնելու հարցը»: Պարոն Երիցյանի տպավորությամբ՝ այժմ հայոց լեզուն հայտնվել է աղքատ ազգականի կարգավիճակում, երբ անընդհատ խնդիրները կուտակվում են, բայց որեւէ մեկը որեւէ կողմից այդ ազգականին ձեռք չի մեկնում: Այն տպավորությունն է, որ ավելի լավ է այդ ազգականը չլինի, որ ոչ մեկի գլուխը չցավի:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

10.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լիլիթ Հարությունյան says:

    Տեսչական բաչեփոխումների խումբը լեզվի բնագավառում բնավ բարեփոխման խնդիր չի լուծում: 2002 թվականից Լեզվի պետական տեսչությունը լեզվաքաղաքականությունն հիմնականում իրականացրել է վերահսկողության ու հսկողության միջոցով: Լեզվի պետական տեսչությունն ունի երկու բաժին` լեզվական վերահսկողության ու վարչական իրավախախտումների, ուստի Հայկ Այվազյանի հայտարարությունը պարզապես հերթական ապատեղեկատվությունն է:
    եզվի պետական տեսչությունը «Լեզվի մասին» ՀՀ օրենքի, հայերենի կիրառությունը կարգավորողայլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է`
    – պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը.
    – պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը.
    – կրթական համակարգում դասավանդման և դաստիարակության լեզվի` գրական հայերենի գործածության պահանջի կատարումը.
    – միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննության և հայոց լեզվի ուսուցման պարտադիր պահանջի կատարումը.
    – գործավարությունը հայերեն կատարելու պահանջի կատարումը.
    – ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդները հայերեն ձևավորելու, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք այլ լեզուներով զուգակցելու պահանջի կա տարումը.
    – օտարերկրյա պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների` պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.
    – ազգային փոքրամասնությունների համայնքներում հայերենի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները հայերեն լեզվով ձևավորելու և դրանք իրենց լեզվով զուգահեռ թարգ-մանությամբ ապահովելու պահանջի կատարումը.
    – գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930