Լրահոս
Օրվա լրահոսը

Որ կուսակցությունները չկան ՀՀԿ-ի հրավիրյալների ցուցակում ու որոնք են մերժել մասնակցել արցախյան համաժողովին

Հունիս 14,2017 14:36

ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը կազմակերպում են «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորումը»: Այն տեղի է ունենալու Արցախում:

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասուլիս էր հրավիրել եւ մեր հարցին, թե նախորդ երկու համաժողովները ի՞նչ են տվել, գլխավոր նպատակը ո՞րն է, երբ հրավիրված բոլոր կուսակցությյունների, քաղաքական ուժերի դիրքորոշումները գիտեք Արցախի խնդրի կարգավորման, ճանաչման հարցում՝ պարոն Աշոտյանը նախ պատասխանեց. «Նպատակն է Արցախի հողի վրա միավորել այն քաղաքական ուժերին, որոնք մնացած բոլոր հարցերում կարող են ունենալ ռազմավարական եւ մարտավարական տարբերություն: Մենք չենք հավակնում հասնել մի կետի, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է նույն կերպ մտածեն: Կան սկզբունքներ, որոնք պետք է միավորեն քաղաքական էլիտային: Այս համաժողովը միտված է դրան»:

Պարոն Աշոտյանն ասաց, որ այս հարթակը շատ կարեւոր է, քանի որ ՀՀ-ում ուրիշ որեւէ տեղ չկա, որտեղ կարող են բովանդակային լուրջ խոսակցություն ունենալ քաղաքական թիմերով. «Մենք կարող ենք ունենալ փայլուն ելույթներ, կարող ենք իրար մեղադրել, հռետորաբանական արվեստը գործածել շատ բարձր մակարդակի՝ ապահովելով մեր ֆանատների ծափերը եւ մեր ընդդիմացողների, չսիրողների անեծքները, սա՞ է քաղաքական պայքարը: Կարծում եմ՝ ոչ: Քաղաքական պայքարի իմաստը կայանում է նրանում, որ հաղթենք գաղափարով ու ամենակարեւորը այս ամենում լսելու ունակության ձեւավորումն է: Ֆորումը տալու է այդ հնարավորությունը»:

Ուշագրավ է, որ համաժողովին հրավիրել են ՀՀ-ից 17 կուսակցություն, հրավերն ընդունել է 15-ը: Արցախից Հայկ Խանումյանի գլխավորած քաղաքական ուժն է հրաժարվել մասնակցել՝ պատճառաբանելով Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված իրենց սկզբունքային տարբերությունը դիրքորոշման մյուս ուժերից, ՀՀ-ից՝ ՀՎԿՆ ու ՀԱԿ-ը: Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՎԿ-ից, երեւի զբաղվածության պատճառով, չեն հաստատել մասնակցությունը, իսկ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքից բացասական պատասխան են ստացել:

Թե ինչու չեն հրավիրել, օրինակ, «Ժառանգությանը», ՕՐՕ դաշինքին, «Երկիր Ծիրանիին»՝ պարոն Աշոտյանն այսպես բացատրեց. «Համախմբումը երկար ժամանակ է՝ քաղաքական ասպարեզում չի երեւում, հատկապես հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը քաղաքական ուժերին՝ միավորվել, տեսնենք ինչ է ստացվելու եւ ում հետ ենք աշխատելու: Աշխատենք այն քաղաքական միավորների հետ, որոնք մնալու են քաղաքական դաշտում: Եթե այդ միավորման գործընթացը բերեց ինչ-որ նոր ուժի ստեղծման՝ համախմբված, կփորձենք աշխատել նաեւ իրենց հետ»:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում 70-ից ավելի կուսակցություն կա, բոլորին չէին կարող հրավիրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930