Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է մարդու քունը տանում Ավետարան կարդալիս

Հունիս 19,2017 16:30

Եվ ինչպես հաղթահարել դա

Եթե 100 հոգու հարցնեք, թե ինչու կանոնավոր Ավետարան չեն կարդում, երևի 95-ը ձեզ պատասխանեն, թե հենց Սբ. Գիրքը վերցնում են ձեռքները, քունը տանում է, կամ էլ չեն հասկանում: Նկատե՞լ եք, երբ սովորական գիրք եք վերցնում, մանավանդ երեկոյան ժամերին, էլի քունը գալիս է: Բայց նկատե՞լ եք, որ երբ մեծերը կամ երեխաները թեկուզ երեկոյան ժամը 10-ին սկսեն վիդեո խաղեր խաղալ, նրանք կարող են մինչև ուշ գիշեր այդ խաղերը խաղալ առանց հոգնելու ու հոգնում են միայն այն ժամանակ, երբ որ խաղերը վայր են դնում: Ուրեմն ի՞նչն է պատճառը: Ահա 3 պատճառ, որոնք եթե լավ հասկանանք, ապա կիմանանք, թե որ դեպքերում է մարդու քունը տանում Աստվածաշունչ կարդալիս և ինչպես դիմակայել դրան: Այս 3-ը հավանաբար ամբողջական ցանկը չէ, բայց հավատում եմ, որ կօգնի՝ եթե իսկապես ուզում եք տառապանքից ազատվել ու ձեր ճանապարհը հասկանաք ու ճանաչեք ինքներդ ձեզ:

1. Մարդը բավական քուն չի առնում
Ոչ միայն Ավետարան, այլ նաև այլ գրքեր կարդալիս մարդու քունը տանում է, եթե այդ մարդը բավական լավ չի քնում գիշերները: Եթե դուք գիշերը քիչ եք քնում ու քնի պակաս ունեք, ապա ձեր քունը կտանի ոչ միայն Ավետարան կարդալիս, ոչ միայն ուրիշ գրքեր կարդալիս, այլ նաև հեռուստացույց դիտելիս: Քանի՞ անգամ եք ձեր տնեցիներին քնած տեսել հեռուստացույցի առջև կամ դասերը սովորելիս: Լուրջ ընթերցանությունը պահանջում է ուղեղի կենտրոնների հագեցած օգտագործում, որոնք արտադրում են մեծ քանակությամբ նյարդամիջնորդներ (neurotransmitters): Երբեմն մենք կարդում կամ հեռուստացույց ենք դիտում կիսապառկած վիճակում, սա դանդաղեցնում է շնչառությունը ու նպաստում քնելուն: Դրա համար վիդեո խաղեր խաղացողների քունը չի տանում: Նրանք խաղալիս խանդավառվում են, սիրտ ու հոգի են դնում իրենց արածի վրա, սրտի աշխատանքն ու շնչառությունն արագանում է և այլն: Փորձեք պարզապես օրվա մեջ լավ հանգստանալ:

2. Դուք ուզում եք կարդալ, բայց կամ չգիտեք որտեղից սկսել, կամ էլ չունեք ճիշտ դրդապատճառը
Այն մարդիկ, ովքեր նոր են քրիստոնեության կամ հավատքի կյանքի մեջ, շատ հաճախ վերցնում են և ուզում Սբ. Գիրքը կարդալ ինչպես գեղարվեստական գիրք: Աստվածաշունչը գրքերի հավաքածու է մեկ գրքի մեջ: Հարցրեք ձեր քահանային, թե որտեղից սկսել և ինչպես կարդալ: Հարցրեք ձեր քահանային, թե ո՞ր օրերին համայնքում կան Սբ. Գրքի սերտողության ժամեր ու մասնակցեք դրանց: Օրինակ, սկսեք Մարկոսի, Ղուկասի կամ Մատթեոսի Ավետարաններից, որոնք գտնվում են Նոր Կտակարանի ցանկի մեջ: Կամ՝ սկսեք կարդալ Հին Կտակարանից իմաստության գրքերը, օրինակ՝ Առակաց կամ Սիրաքի գրքերից, որոնք ընտիր խրատներ են իմաստություն ձեռք բերելու համար: Էլ չեմ ասում, որ զուգահեռ կարդացեք Սաղմոսները, որոնք իսկական դարման են հուսահատ ու ընկճված սրտերի համար:

Երբ դուք Ավետարան կարդաք ճիշտ դրդապատճառով, ապա շնչառությունը դանդաղելու և քունը տանելու փոխարեն՝ ձեր խանդավառությունը կշատանա, շնչառությունը կարագանա, սրտի աշխատանքը կարագանա: Դուք ամբողջ հոգով ու էությամբ կձգտեք սնվել որթատունկից ինչպես մի ճյուղ, որ ուզում է պտուղ տալ: (Հովհ. 15:1-8):
3. Փոփոխությունը պատերազմ է, հաղթում է ուժեղը

Սատանան, նախանձից ու չարությունից դրդված, չի ուզում, որ դուք փոխվեք ու հասնենք այնտեղ, որտեղից նա է ժամանակին արտաքսվել: Աստված՝ մեր ԾՆՈՂԸ, մեզ շատ սիրելով հրավիրում է ՏՈՒՆ (իր մոտ, իր արքայության մեջ): Չար սատանան սա չի ուզում ու ամեն կերպ ձեր ուշադրությունը գրավելով, ու տարբեր ձևերով, հաճույքներով հմայելով, ձեզ հետ է պահում այս ճանապարհից: Դուք ուզում եք Աստուծո մոտ, իսկ չար սատանան ուզում է ամեն կերպ ձեզ ետ պահել այդ ձգտումից ու ճանապարհից: Սա արդեն պատերազմ է, հոգևոր պատերազմ, որը իրական քրիստոնյաները մղում են ամեն օր: Սա պատերազմ է մեր կրքերի ու չար ցանկությունների դեմ: Դրա համար այն մարդիկ, ովքեր այս պատերազմը մղում են ամեն օր, կոչվում են ճգնավորներ: Այսինքն՝ ճգնում են Քրիստոսի տված օգնությամբ կամավորապես հաղթել չարին: Եվ մարդու հոգևոր վիճակը չափվում է նրանով, թե որքանով է նա Քրիստոսի օգնությամբ պայքարում սեփական չար կրքերի ու չար ցանկությունների դեմ: Հիմա դուք էլ կարող եք ինքներդ ձեզ հարց տալ՝ Ավետարան կարդալու ձեր նպատակն ի՞նչ է: Դա կվորոշի ձեր քունը գալու աստիճանը: Եթե ճիշտ շարժառիթով Ավետարանը վերցնեք ձեր ձեռքն ու մի պարզ աղոթքով էլ խնդրեք Աստուծո օգնությունը, ապա ձեր քունը չի գա:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/search/top/?q=armen%20hareyan

«Առավոտ օրաթերթ»

17.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930