Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Պապիկյան. «Արայիկ Խանդոյանին 15 հոգով դաժանորեն խոշտանգել են» (Տեսանյութ)

Հունիս 29,2017 12:28

Հունիսի 29-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես եկավ Խանդոյանի խոշտանգման մասին հայտարարությամբ: Նրա ձեւակերպմամբ, հատկապես վերջին օրերին Արայիկ Խանդոյանի հանդեպ վերաբերմունքը սանձարձակ բնույթ է կրում:

«Խանդոյան Արայիկն իսկապես բռնության է ենթարկվել, խոշտանգվել է ամենադաժան ձեւով: Նրան դատարանի շենքում, այն խցում, որտեղ եղել է, 15 հոգով ծեծի են ենթարկել: Ու քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել, հերթով են ծեծել: Պատճառը այն է եղել, որ երբ Արեգին Կյուրեղյան եւ Մխիթարին ծեծելով բերել են, չեմ ուզում այդ բառն ասել, ուղղակի տշելով են բերել, ինքը (Խանդոյանը-Գ.Հ.) ասել է, ի՞նչ եք անում, ու այդ մարդիկ արդեն շարունակել են իր հետ: Ես համոզված եմ, որ նա առնվազն ուղեղի ցնցում ունի, գանգատվում էր գլխից, շատ հարվածներ է ստացել գլխի շրջանում, երիկամների շրջանում, ոտքերին վնասվածքներ ունի: Բավական երկար ժամանակ ծեծել են իրեն: Երբ դահլիճում գտնվող տղաներին իջեցրել են ներքեւ, Արայիկը չի ցանկացել, որ մյուսներն իմանան իր հետ կատարվածի մասին: Թաքցրել է, բայց նրանք նկատել են…Ընդ որում, խցում շատ արյան հետքեր են եղել, որը հավանաբար մաքրած կլինեն: Տղաներին իջեցնելուց հետո այլ տեղ են պահել, որ չիմանան, թե ինչ է կատարվել Արայիկի եւ Մխիթարի հետ: Սմբատին Բարսեղյան եւ Գագիկին Եղիազարյան եւս ծեծել են՚ ընդգծված ագրեսիվ եւ դաժանաբար, էլ չեմ խոսում հայհոյանքների մասին»,-լրագրողներին հայտնեց պաշտպանը

Նա հավելեց, որ հանդիպել է «Սասնա ծռերից» այլ անձանց հետ, որպեսզի հնարավորինս շատ տեղեկություններ ստանա, քանի որ իր հետ հանդիպման ժամանակ Արայիկ Խանդոյանը փորձել էր թաքցնել կատարվածը, որովհետեւ չի ցանկացել, որ դա անդրադառնա իր ընկերների եւ ընտանիքի անդամների վրա: «Ես իրեն ասացի, որ միեւնույն է` հայտարարվելու է…Այնքան վատ է եղել, սրտխառնոց է ունեցել, մեքենայի մեջ տեւական պահել են, վերջին պահին դուրս են հանել, որ փսխի: 2-3 անգամ Խանդոյանին իբր բժիշկ է այցելել, եւ միայն ճնշումն են չափել: Մի դեպքում շատ բարձր է եղել, մյուս դեպքում` շատ ցածր: Որեւէ կասկած չկա, որ նա մասնագիտական զննման լուրջ կարիք ունի: Ես այս պահին դիմում հանձնեցի ՔԿՀ-ի պետին: Հաշվի առնելով, որ ռեժիմը մի քանի օրից ձեռնամուխ կլինի գործի նյութեր նախապատրաստելուն, կարծում եմ, որ մարմնական վնասվածքների մի մասը մի քանի օրից հնարավոր է չլինի: Բայց, օրինակ` ոտքի վերքերը մակերեսային չէին»,-նշեց Արայիկ Խանդոյանի պաշտպանը:

Արայիկ Պապիկյանը փաստեց, որ Խանդոյանին որեւէ դեղորայք չի տրամադրվել, եւ ստահոդ կլինեն այն տեղեկությունները, թե իբր լուրջ մասնագիտական բուժօգնություն է ցուցաբերվել. «Արայիկը Նուբարաշեն ՔԿՀ մտնելուց հետո խնդրել է հրավիրեն իր պաշտպաններին եւ ՄԻՊ ներկայացուցչին, չեն կատարել խնդրանքը:, Արայիկին խորհուրդ են տվել դիմում գրել հեռախոսազանգի իրավունքի համար, իրավաբանն ասել է` քո դիմումը սահմանված կարգով փոստով ուղարկվել է պետին, եւ դրական պատասխան ստանալուց հետո, լուծում կտրվի: Մինչ այժմ պատասխան չկա,փաստորեն իրեն զրկել են նաեւ այդ հնարավորությունից: Տեղյակ եմ, որ առավոտյան ՄԻՊ-ից են եկել»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մանուշ says:

    Ղեկավարությունից մարդ լսում է այս ամենը????

  2. Armine G says:

    Ղեկավարությո՞ւն, բանդա չես կարո՞ղ ասել:

  3. Armine G says:

    Հայ ժողովուրդ, քո հերոսներին խոշտանգեն, քո զինվորներին սպանեն, քո երկիրը հանձնեն թշնամուն, դու բանդային հանդուրժի ու արդարացրու:
    Հերթը բոլորիս կհասնի եթե դավաճանությունը չպատժվի:

  4. Նինա says:

    Ռեժիմի վերջը եկել է:Ժողովուրդ ոտքի!Կործանվում ենք:Մի մտածեք,որ ձեր հերթը չի գալու:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930