Լրահոս
Օրվա լրահոսը

 Ձերբակալություն Գյումրու կրակոցների գործով

Հունիս 30,2017 17:23

Գյումրու Սայաթ-Նովա կենտրոնական փողոցում՝ «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է։ Թե ով է ձերբակալվածը, խուսափում են պաշտոնապես տեղեկություն հայտնելուց։ Aravot.am-ին հաջողվեց պարզել, որ ձերբակալվածը 31-ամյա Կարեն Սարգսյանն է՝ Չախալ մականվամբ։ Վերջինս իրավապահ համակարգի ու մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էր դեռևս այս տարվա փետրվարի 28-ին, երբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հրաչիկ Միրզոյանի դանակահարության գործը քննելիս՝ հարձակվել էր «Ասպարեզ» թերթի ու asparez.am կայքի լրագրող Անահիտ Սիմոնյանի վրա, խլել ֆոտոապարատը ու փախել անհայտ ուղղությամբ։

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Հրաչիկ Միրզոյանին դանակահարել էին 2015 թվականի մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ։ Այդ ժամանակ որպես կասկածյալ՝ ձերբակալվել էր ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանի որդին՝ Կամո Խաչատրյանը, որը հանրությանն առավել հայտնի է Ռուդիկ անունով։ Սակայն կարճ ժամանակ անց փոխվեց նրա խափանման միջոցը. գրավի դիմաց նրան ազատ արձակեցին՝ ստորագրությամբ երկրից չհեռանալու պայմանով։ Չախալը դատարան էր եկել իր ընկերոջ՝ Ռուդիկի հետ։

Կարեն Սարգսյանը, որին կրակոցների հենց հաջորդ օրը բերման էին ենթարկել, ցուցմունք է տվել՝ պնդելով, թե ինքն է կրակոցների հեղինակը։ Հիշեցնենք, որ Գյումրու կենտրոնում հնչած կրակոցներից որովայնի հատվածում հրազենային վիրավորում էր ստացել 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին։ Վերջինս, ըստ ոստիկանների, հակամարտության մեջ է եղել օրենքով գող՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու վերջինիս քրոջ որդու՝ Արտյոմի հետ, որը նույնպես օրենքով գող է։ Ոստիկանների ասելով, հակամարտությունը սկսվել է վաղուց․ Գեորգի Հակոբյանը նույնպես ցանկություն է ունեցել օրենքով գող ճանաչվելու, սակայն այդ պահին օրենքով գող է դարձել Արտյոմը։

Ի դեպ, նույն աղբյուրների հաղորդմամբ, կրակոցների գործով կան փախուստի մեջ գտնվող անձինք։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930