Լրահոս
Օրվա լրահոսը

Վաստակավոր անսամբլի համերգները հեռարձակվում են ֆեյսբուքով (Ֆոտոշարք)

Հուլիս 05,2017 15:00

«Առավոտի» դիտարկմամբ՝ մեր իրականության մեջ առաջին անգամ շուրջ կես տարի է՝ «Մշակութային կանգառ» ծրագրով ականատես ենք լինում համացանցով մեր պետական կոլեկտիվներից մեկի մարզային համերգների ուղիղ հեռարձակմանը: Խոսքը Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի մասին է (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան, գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան): Մի փաստ էլ արձանագրենք. անսամբլի համերգները մինչ վերջերս մշտապես տեղի էին ունենում Հայաստանի երաժշտական ընկերության դահլիճում: Նշենք, որ երաժշտական ընկերությունում են ընթանում անսամբլի փորձերը: Միայն մայիսի 17-ին անսամբլը մենահամերգով ներկայացավ Ազգային օպերային թատրոնում: Հուլիսի 16-ին դարձյալ նույն վայրում կկայանա կոլեկտիվի հերթական ելույթը:

Մեզ հետ զրույցում անսամբլի տնօրեն, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զինվորական դիրիժորության բաժնի դոցենտ Գրիգոր Ոսկանյանը (լուսանկարում), որն այս պաշտոնը վարում է մոտ մեկ տարի, մարզային համերգների մասին նախ ասաց, թե տարեսկզբից մինչ այսօր անսամբլը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում հանդես է եկել Էջմիածնում, Արմավիրում, Եղեգնաձորում, Ռինդում, Դիլիջանում, Բերդում, Նոյեմբերյանում, Աղավնաձորում, օրերս էլ՝ դարձյալ Դիլիջանում: Ինչ վերաբերում է համերգների ուղիղ հեռարձակմանը, նշեց, թե դա հնարավորություն է տալիս ֆեյսբուքյան բազմահազար օգտատերերին շփվել ոչ միայն բարձր արվեստի հետ, այլեւ հետեւել անսամբլի համերգային ծրագրային քաղաքականությանը: Հետաքրքրությանը՝ մարզային համերգային ծրագրերում պրեմիերաներ է՞լ են լինում, պարոն Ոսկանյանը հիացական խոսքեր շռայլելով մարզային հանդիսատեսի հասցեին, փաստեց. «Վերջին դիլիջանյան համերգի ժամանակ շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո հանդիսատեսին ներկայացրինք Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ եւ Ազատ Ղարիբյանի բեմադրությամբ «Հոտաղների պարը», որը վերականգնել է մեր գլխավոր բալետմայստերը»:


Ինչ վերաբերում է պրեմիերաներին ընդհանրապես, ասաց, որ օպերային թատրոնում մայիսին կայացած համերգի ծրագրում Ժիրայր Ալթունյանի փոխադրությամբ եւ Հովհաննես Խաչիկյանի խորեոգրաֆիայով հանդես են եկել «Լոռվա պատկերներ» բեմադրությամբ՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայի մոտիվներով: Հավաստիացրեց նաեւ, որ ձեռնամուխ են եղել 45 րոպեանոց «Հարսանեկան պատկերներ» նոր բեմադրությանը, որում ընդգրկված են Սասունի եւ Համշենի ծեսերը: Դրա իրականացման համար հրավիրվել են երիտասարդ արվեստագետներ, այդ թվում՝ բեմադրիչ, նկարիչ եւ այլն:


Զրույցի ընթացքում խնդրեցինք ներկայացնել, թե իրենց մոտ ինչպես են ընթանում մշակութային օջախներում արտիստների կողմից «չսիրված» ատեստացիաները, որոնք սովորաբար անցկացվում են տարին մեկ անգամ: «Որպես տնօրեն գեղարվեստական խորհրդի անդամներին խնդրում եմ հնարավորինս ներկա գտնվել բոլոր համերգներին, իսկ մեր խորհրդի կազմում են անվանի արվեստագետներ, որոնց ներկայացնելու հարկ անգամ չկա՝ Յուրի Դավթյան, Դավիթ Ղազարյան, Արզաս Ոսկանյան, Հովհաննես Դիվանյան, Աննա Կարապետյան եւ այլք: Նրանք են որոշումներ կայացնողը: Ի դեպ, նույն գեղարվեստական խորհուրդը կարող է անհրաժեշտության դեպքում հրավիրել արտահերթ ատեստացիա»,- հայտնեց տնօրենը:


Երգի-պարի անսամբլը հարուստ տարեգրությամբ, որ մեր ավանդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու գունագեղ տարազը, կարճ ասած՝ հայ ժողովրդական մշակույթն իր լավագույն դրսեւորումներով ներկայացրել է աշխարհին, 2018թ. կտոնի իր հիմնադրման 80-ամյակը: Այս առիթով Գրիգոր Ոսկանյանն ընդամենն ասաց, թե լուրջ անելիքներ ունեն եւ, բնականաբար, նախարարության հետ կքննարկեն այդ հարցը:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31