Լրահոս
Օրվա լրահոսը

Մուայ թայը ոտք է դրել օլիմպիական ծրագիր մուտք գործելու ճանապարհ

Հուլիս 07,2017 13:00

Հայաստանի մուայ թայի ֆեդերացիան Ծաղկաձորում
մեկօրյա ուսումնամարզական հավաք անցկացրեց մարզիկների,
մարզիչների եւ մրցավարների համար: «Առավոտը» հավաքի ընթացքում
զրուցեց ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանի հետ:

– Մեկօրյա հավաքը ցանկալի արդյունք կտա՞:

– Նախատեսել էինք մեկշաբաթյա հավաք, որին պետք է մասնակցեր Ռուսաստանի 25 հոգանոց պատվիրակությունը: Սակայն նրանք տեխնիկական ինչ-ինչ պատճառներով չկարողացան ժամանել: Ստիպված եղանք ծրագիրը խտացնել եւ տեղավորվել մեկ օրվա մեջ: Վստահ եմ, այս հավաքը, որի նպատակը մերմարզաձեւը զարգացնելն է, կծառայի նպատակին:

– Ովքե՞ր են հավաքի մասնակիցները:

-Մեր հանրապետության տարբեր տարիքային խմբերի 35 լավագույն մարզիկները, որոնք վերջին տարիներին հաջողություններ են արձանագրել ներհանրապետական եւ միջազգային ասպարեզներում: Որոշել ենք, որպեսզի յուրաքանչյուր ակումբից այս հավաքին մասնակցի 2-ից 5 մարզիկ եւ մարզիչ:

– Մուայ թայը Հայաստանում համեմատաբար նոր ու երիտասարդ մարզաձեւ է: Ասացիք, որ հավաքին մասնակցում են միջազգային մրցումներում հաջողություն ունեցած մարզիկները:

– Հավաքի մասնակիցների մեջ են մեր հայրենակից, 63,5 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, պրոֆեսիոնալ բազմաթիվ մրցաշարերի հաղթող Ալբերտ Ամիրջանյանը, որը եկել է Ռուսաստանի Դաշնությունից եւ արդեն հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, պրոֆեսիոնալ մարզիկներ Գոռ Նազարյանը (57 կգ) եւ Արմեն Գրիգորյանը (71 կգ):

– Հատկապես այս երեք մարզիկների համար ի՞նչ ծրագրեր կան:

– Ծաղկաձորից անմիջապես հետո նրանք եւ հավաքականների մյուս անդամները գլխավոր մարզիչ Գոռ Գեւորգյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք կսկսեն Արմավիր քաղաքում՝ նախապատրաստվելով տարվա գլխավոր մեկնարկին՝ հոկտեմբերին Փարիզում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որտեղ նրանցից ակնկալիքները շատ-շատ մեծ են: Իսկ մինչ այդ, այս երեք մարզիկները օգոստոսից մինչեւ սեպտեմբեր Ռուսաստանում եւ Չինաստանում մասնակցելու են համաշխարհային հեղինակություն վայելող մի շարք պրոֆեսիոնալ մենամարտերի, որոնք նույնպես նախապատրաստական փուլեր են:

– Եվրոպայի առաջնությունում պայքարն ընթանալու է երկու խմբերով՝ «A» եւ «B»: Մեր տղաները որո՞ւմ են հանդես գալու:

– Ալբերտ Ամիրջանյանը, միանշանակ, «A» խմբում: Նրա վարպետության աստիճանն ու հեղինակությունն այնքան բարձր է ամբողջ աշխարհում, որ նրան բացի ուժեղագույնների խմբից այլ տեղ հանդես գալու իրավունք չեն տա: Հնարավոր է, որ Գոռ Նազարյանը նույնպես «A» խմբում ընդգրկվի, քանի որ երկու տարի առաջ նա Եվրոպայի չեմպիոնի տիտղոս նվաճել է «B» խմբում եւ աշխարհի առաջնությունում գրավել է 4-րդ տեղ: Վերջնական պատասխանի համար պետք է մի փոքր սպասել:

– Պրոֆեսիոնալ հեղինակավոր մենամարտերի մասնակցության իրավունք, որքան տեղյակ եմ, տրվում է այն ազգային ֆեդերացիաների մարզիկներին, որոնք ճանաչված են ինչպես մարզաձեւի միջազգային ֆեդերացիայում, այնպես էլ այդ մարտերը կազմակերպող հեղինակավոր կազմակերպություններում:

– Այո, ճիշտ եք: Մենք միջազգային ֆեդերացիայի (IFMA) անդամ ենք: Ռուսաստանում, որը պրոֆեսիոնալ մուայ թայի աշխարհի առաջատար երկրներից է, գործում է պրոֆեսիոնալ մենամարտեր կազմակերպող չորս հանրահայտ կազմակերպություն: Նրանցից երեքի հետ Հայաստանի մուայ թայի ֆեդերացիան պաշտոնական բացառիկ պայմանագիր ունի ստորագրած: Կարծում եմ, մոտ ապագայում պայմանագիր կունենանք նաեւ չորրորդի հետ: Մի բան էլ, որը կուրախացնի հայ մարզասերին: Աշխարհահռչակ «Ֆենիքս 5» մրցաշարը, որ անցկացվում է Լիբանանում, հնարավոր է, հաջորդ անգամ կայանա Հայաստանում, որին կմասնակցեն մեր երեք-չորս մարզիկներ: Սա նույնպես մեր ֆեդերացիայի կատարած լուրջ աշխատանքի գնահատական է: Ի դեպ, այդ մրցաշարերի կազմակերպիչը մեր հայրենակից Շահեն Երեւանյանն է:

– Մուայ թայը օլիմպիական մարզաձեւ չէ, հետեւաբար, այն Հայաստանում ցանկալի մակարդակով զարգացնելը որոշակի դժվարությունների հետ պետք է որ կապված լինի:

– Լինելով ոչ օլիմպիական մարզաձեւ, մուայ թայն աշխարհում այնպիսի տարածում եւ զարգացում է ձեռք բերել, որ ՄՕԿ-ն անցած տարվա դեկտեմբերին միջազգային «IFMA Muay Thai» ֆեդերացիան, որի անդամ ենք մենք, ընդգրկեց օլիմպիական ընտանիք, բայց առայժմ որպես ոչ օլիմպիական մարզաձեւ: Դրանով դրվեց մուայ թայի՝ օլիմպիական մարզաձեւ դառնալու ճանապարհի սկիզբը, ինչպես եղել է կարատեում, թաեքվոնդոյում: Բացառված չէ, որ մեր մարզաձեւը ինչ-որ կարգավիճակով տեղ ունենա 2024 թվականի օլիմպիական խաղերում:

Այս տարվա հունվարին ՀԱՕԿ-ը նույնպես մեզ ճանաչեց որպես մարզաձեւ: Ճիշտ է, առայժմ ֆինանսավորում չկա, բայց կարծում եմ, ամեն բան դեռ առջեւում է:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

06.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31