Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա գիտեք՝ ձկնագողերը բարեխիղճ մարդիկ են ու ուշք ու միտքն իրենց հետեւից աղբը հավաքե՞լն է». «Մաքուր Հայաստան» ծրագիրը Շորժայի ափ չի հասե՞լ

Հուլիս 07,2017 19:25

Սեւանա լճի ափին հանգստյան սեզոնը բացվել է. լճի ափին հանգիստը վայելելուն զուգահեռ պատրաստ եղեք վայելել նաեւ ափամերձ հատվածներում աղբակույտերով տգեղ տեսարանները:

Գեղարքունիքի մարզում հուլիսի 1-ին շաբաթօրյակ էր, ոլորտի պատասխանատուներն վստահեցնում են, որ լճի հանգստյան գոտիներում աղբը մաքրվել է: Շաբաթօրյակից օրեր անց, գուցե նաեւ հենց հաջորդ օրը այդ հատվածներում կրկին կարելի է աղբակույտերի հանդիպել:

Քաղաքացի Գեւորգ Տեր-Գաբրիելյանն Aravot.am-ի է տրամադրել լուսանկարներ, որտեղ պատկերված է Շորժայի հատվածում, իսկ ավելի կոնկրետ՝ նկարիչների միության հանգստյան տան մոտակայքում լճի ափին կուտակված աղբը: Ամենայն հավանականությամբ, աղբը ձկնորսներն են թափել, քանի որ, ինչպես պարոն Տեր-Գաբրիելյանն է նկարագրում, դրանք պլաստիկ շշեր են իրար միահյուսված: Այս պլաստիկ շշերը ձկնորսներն են օգտագործում, եւ ըստ էության, նրանք  իրենց գործն անելուց հետո դրանք ու այլ աղբը  թողնում են ափին՝ ստեղծելով աղբակույտ: Այս ձկնորսների համար ոչ վարչապետի՝ մաքուր Հայաստան ունենալու կոչն է տեղ հասել, եւ ոչ էլ իրենք են մտածում իրենց կերակրող լիճն ու դրա ափը մաքուր պահելու մասին:

«Սեւան ազգային» պարկի տնօրեն Վահե Գուլանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դրանք ձկնորսների կողմնորոշիչներն են, եւ հիմնականում օգտագործում են խեցգետնի որսի համար: Մեր այն հարցին՝ արդյոք պլաստիկ շշերով այդ կողմնորոշիչները լճում որս անելու համար թույլատրվում է, եւ արդյոք չեն վնասում կամ կեղտոտում լճի ջուրը, Գուլանյանը վստահեցրեց՝ «Դրանք ապօրինի են, արգելված են: Այո, ճիշտ եք, չի կարելի լճում դրանք օգտագործել, դա կոշտ կենցաղային թափոն է, լճի գեղագիտական տեսքն էլ փչացնում է, թեկուզեւ շրջակա միջավայր չի մտնում: Հիմա մշակվում է ծրագիր, ըստ որի նոր եւ մատչելի սարքավորումներ կլինեն:

Դրանք GPS համակարգով «դադչիկներ են»: Սրանք ձկնորսների համար էր քաղաքակիրթ ու հարմար տարբերակ է»: Գուլանյանը վստահեցրեց, հիմա խեցգետնի եւ ձկան որսն արգելված է, եւ որսագողերն էլ խեցգետնի որս չեն անում, սեզոնը չէ, տաք է, որսը ցանցի մեջ շուտ փչանում է: Մեր այն դիտարկմանը, որ ափին պլաստիկ շշերով կողմնորոշիչներով աղբակույտը օրերս է հայտնաբերվել, Գուլանյանը վստահեցրեց, որ «Սեւան ազգային պարկի» աշխատակիցները պարբերաբար լճի ափով մեկ հսկողություն են անում, մեծ տարածք է, եւ հնարավոր է այդ հատվածում չեն նկատել, կամ դեռ չեն հասել այդտեղ:

Ձկնորսների նման վարքագծի մասին մեր հարցին ի պատասխան պարոն Գուլանյանն ասաց.«Բա գիտեք՝ ձկնագողերը բարեխիղճ, բարեկիրթ մարդիկ են ու իրենց ուշք ու միտքն իրենց հետեւից աղբը հավաքե՞լն է: Մաքրելու բեռը մեր ուսերին է, բայց, քանի որ հիմա որսի սեզոն չէ, հնարավոր է լիճն է դուրս բերել  դրանք: Անպայման կզբաղվենք դրանով, ու ձեզ կտեղեկացնենք ե՛ւ պատճառները, ե՛ւ մաքրելուց հետո ձեզ լուսանկարներ կտրամադրենք: Վստահեցնում եմ՝ մենք մշտապես մաքրում ենք, պոլիէթիլենային պայքար ենք սկսել»:

«Մաքուր Հայաստան» ծրագրի համակարգող տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն է, որին էլ տրամադրեցինք աղբի մասին վկայող լուսանկարները եւ տեղեկացրեցինք, թե դրանք որտեղ են գտնվում:

Նախարարի մամուլի քարտուղար Կարինե Մանգասարյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ արդեն հրահանգվել է նշված վայրում աղբի մաքրման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:

Մանգասարյանն ասաց, որ ամեն օր նախարարությունը բազմաթիվ նման ահազանգեր է ստանում եւ տեղանքը ճշտելուց հետո շատ համայնքների, մարզպետարանների աշխատակիցներն են սանիտարական մաքրության աշխատանքներ կատարում, քանի որ շատ տեղերում համայնքները սանիտարական մաքրություն եւ աղբահանություն իրականացնող տնտեսվարողների հետ պայմանագրեր չունեն կնքած: Քաղաքացիների ահազանգերի հետեւանքով «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում  2029 աղբանոց է հայտնաբերվել, որից 1480-ն արդեն վերացվել են, 272-ն էլ մաքրման փուլում են:

Արդյոք ծրագրի շրջանակներում չի՞ նախատեսվում ավելի շատ աղբամաններ տեղադրել, եւ ինչ է անում նախարարությունը կանխարգելելու չնախատեսված վայրերում աղբ թափելու ուղղությամբ: Մեր հարցերին ի պատասխան Մանգասարյանն ասաց.«Աղբամանների տեղադրման աշխատանքները շարունակական են: Պարբերաբար ավելացնում ենք աղբամանների քանակը, նաեւ տեղադրվում են այն վայրերում, որտեղ աղբ է թափվում, բայց աղբաման չկա: Խոշորացված համայնքներին արդեն տրամադրվել է անհրաժեշտ տեխնիկա, աղբամաններ: Մայրուղիներին եւ հանգստյան գոտիներում, այդ թվում նաեւ Սեւանա լճի ափամերձ վայրերում աղբամաններ են տեղադրվելու»:

Աղբը չսահմանված վայրերում թափելու «գայթակղությունը» զսպելու համար նախարարությունը օրենսդրական փոփոխությամբ հանդես կգա, նախատեսվում է տուգանքների խստացում:

Մանգասարյանն ասաց նաեւ տեղադրվում են՝ «Աղբ չթափե՛լ, կտուգանվեք» ցուցանակներ: Թե ինչպես այս ցուցանակներն ու տուգանքները կսթափեցնեն եւ կարգի կհրավիրեն ոչ մաքրասեր մարդկանց, ժամանակը ցույց կտա:

«Մաքուր Հայաստանի» աղբանոցների մաքրման աշխատանքների եւ ընդհանրապես, մեր երկրի աղբի ու դրա մաքրման մասին տեղեկություններին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31