Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան «կմտնի» ՀՀ դպրոցներ ու բուհեր

Հուլիս 12,2017 14:00

Ինչպես դպրոցներում եւ բուհերում ուսուցանել Եվրոպայի մասին

Հունիսի 28-ին Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում կայացավ «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում եւ համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից եւ իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցաբար: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը, որն ընթերցեց նախարարի ուղերձը, Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպաններ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ եւ տնօրեններ:

«Առավոտի» հետ զրույցում ծրագրի թիմի ղեկավար Սամվել Կարաբեկյանը, կարեւորելով նախագիծը, նշեց. «Կրթությունը եւ մասնավորապես հանրակրթությունը այն միջավայրն են, որտեղ ձեւավորվում են քաղաքացիական արժեքներ, հանրային մշակույթ եւ աշխարհայացք»: Նա առանձնացրեց 4 կարեւոր արդյունք. «Առաջինը կանվանեի արժեքային բաղադրիչ` մեզ հաջողվեց ստեղծել մասնակից դպրոցների ուսուցիչների եւ աշակերտների մի ընդգրկուն համագործակցություն. մարդկանց, որոնք ոչ միայն ավելի լավ պատկերացում ունեն Եվրոպական միության մասին, այլեւ այս կամ այն կերպ դարձել են վերջինիս հիմքում ընկած արժեքների կրողներ: Այս ամենը կարեւոր է հատկապես տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար, եւ այն նյութերը, որոնք պատրաստվել են նախագծի շրջանակներում, մասնավորապես Բրայլյան այբուբենով տպված` Եվրոպական երկրների ատլասը, յուրովի պատուհան են բացում նրանց համար դեպի արտաքին աշխարհ:

Երկրորդ բաղադրիչն ընդգրկում է աշակերտների բուն ուսումնական գործունեությունը. դասընթացի ընթացքում իրականացնելով բազմաթիվ ուսումնական նախագծեր` նրանք ձեռք բերեցին եւ զարգացրին ժամանակակից կրթության համար անհրաժեշտ ակտիվ ուսումնառության, նախաձեռնողականության, ստեղծագործականության կարողություններ: Հենց ուսուցիչների անգնահատելի նվիրման շնորհիվ է, որ այսօր կարող ենք խոսել ԵՄ վերաբերյալ մանկավարժական եւ ուսուցողական բոլոր ժամանակակից պահանջներին համապատասխանող դասընթաց ունենալու մասին…Ուզում եմ առանձնացնել նաեւ եվրոպագիտության վերամշակված համալսարանական ձեռնարկը, որը հնարավորություն է տալիս համալսարաններին իրենց ուսումնական տարբեր ծրագրերում օգտագործել ակադեմիական բարձր չափանիշներին համապատասխանող արդիական նյութ»: Շարունակելով խոսքը՝ պարոն Կարաբեկյանը կարեւոր համարեց ժամանակակից կրթական տեխնոլոգիաների կիրառումը` թե ինտեգրված դասերի եւ թե նախագծային ուսուցման մեթոդաբանությանը նվիրված ուսուցիչների վերապատրաստման դասընթացը հասանելի կլինեն էլեկտրոնային ուսուցման եղանակով, այդ թվում նաեւ շարժական սարքերի միջոցով: Նրա ձեւակերպմամբ, դրանով իսկ կընդլայնվի ԵՄ դասընթացի լսարանը` ընդգրկելով նաեւ ոչ ֆորմալ կրթական միջավայրը եւ այդպիսով մաս կազմելով հարատեւ կրթության համակարգի:

«Մեզ հաջողվեց հիմքեր ստեղծել նվաճածի կայուն շարունակականության համար: Ձեւավորվեց մասնակից դպրոցների համագործակցային ցանց. ԵՄ մասին դասավանդող շուրջ 6 դպրոց ընդգրկվեց ԵՄ եւ ԵԽ մեկ այլ` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կրթության ծրագրում: Շնորհիվ Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Լիտվայի, Բուլղարիայի եւ Շվեդիայի դեսպանների սիրահոժար պատրաստակամության` հնարավորություններ ուրվագծվեցին գործընկերային կապեր հաստատելու այդ երկրների դպրոցների հետ»,-հավելեց պարոն Կարաբեկյանը: Նա վստահ է, որ կարեւոր նշանակություն կունենա հետագա համագործակցության համար ծրագրում ընդգրկված դպրոցների եւ համալսարանների մասնակցությամբ` ձեռնարկատիրական կրթության զարգացմանը նվիրված Էրազմուս պլյուս նախագիծը:

17 դպրոցում ԵՄ մասին դասընթացներ են կազմակերպվել

Ծրագրի փորձագետ Արայիկ Նավոյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Հրազդանում ամփոփվել է ծրագրի դպրոցական բաղադրիչը, որի նպատակն էր նախորդ փուլի արդյունքներն ավելի լավացնել, դասավանդված նյութը թարմացնել եւ հարմարեցնել, ինչպես նաեւ դասվանդման մեթոդաբանությունը մշակել` հատկապես դպրոցական կրթության ոլորտում, որովհետեւ ԵՄ-ի մասին առարկան դասավանդվում էր որպես ինտեգրված նյութ: «Որպեսզի ավելորդ չծանրաբեռնենք աշակերտներին ու նաեւ որպեսզի կարողանանք Եվրամիության մասին դասավանդել, մտածեցինք ճիշտ կլինի, որ լինի ինտեգրված նյութ` աշխարհագրություն, հասարակագիտություն կամ պատմություն առարկաների դասավանդման շրջանակում: Նշեմ, որ ծրագրում ներգրաված են եղել 17 դպրոց, ընդ որում մեկը` Նիկողոսյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցն էր, որտեղ հաճախում են տեսողական խնդիրներ ունեցող երեխաներ:

Աշխատել ենք ուսուցիչների հետ, որոնք իրենց դասընթացի մեջ պետք է ներառեին եվրոպական բաղադրիչները: Ի պատիվ նրանց եւ դպրոցների տնօրենների, ասեմ, որ առանց որեւէ վարձատրության, հաճույքով իրականացրին ծրագիրը: Ուզում եմ փաստել, որ շատ լավ ուսուցիչներ ու տնօրեններ ունենք, որոնք ուզում են բազմակարծություն մտնի դպրոց»,-հայտնեց փորձագետը: Պարոն Նավոյանը տեղեկացրեց, որ ծրագրում ներգրաված են ՀՀ բոլոր մարզերը, դպրոցներ կան նաեւ Սիսիանից, Հրազդանից, Ախուրյանից, Արմավիրից, Վանաձորից, Իջեւանից, Աշտարակից, Էջմիածնից, Երեւանից եւ Վարդենիկից:

Ում կդիմեր Իսրայել Օրին,
եթե ապրեր մեր օրերում

«Ծրագրի արդյունքում դասավանդման մեթոդաբանություն մշակեցինք, այդ թվում` նաեւ էլեկտրոնային միջավայրում: Մենք օգտագործել ենք Մայքրոսոֆթի Yammer գործիքը, որտեղ աշակերտները եւ ուսուցիչները կարող են մեկնաբանություններ թողնել, կարծիքներ հայտնել: Ինչ վերաբերում է ծրագրի օգուտներին, շատ կարեւոր է, որ մեր դպրոցների աշակերտները շփվեն միմյանց հետ եւ կարեւոր է նաեւ, որ այդ աշակերտները եւ ուսուցիչները շփվեն որեւէ գաղափարի կամ արժեհամակարգի շուրջ, որն ընկած է եվրոպական մշակութային ժառանգության եւ ներկայի հիմքում: Պետք էր տեսնել, թե ինչ ոգեւորությամբ էին դա անում: Մեկ ուրիշ բաղադրիչի մասին էլ եմ ուզում խոսել` դա կապերի հաստատումն է եվրոպական դպրոցների եւ համալսարանների հետ: Մշակվել է Էրազմուս պլյուս ծրագրի նախագիծ, ներգրավված են 6 համալսարան եւ 6 դպրոց` Հայաստանից, 5 համալսարան ու դպրոց՝` եվրոպական կողմից: Խնդիրը բոլորին մեկտեղելն է` 3 տարի ձեռնարկատիրական կրթության ոլորտում քննարկումներ իրականացնելու համար: Մենք դպրոցներին եւ համալսարաններին տալիս ենք նոր գիտելիք այն մասին, թե աշխարհում ինչ է տեղի ունենում: Ծրագրի շրջանակում հատկապես կկարողանանք օգնել մանկավարժական բուհերին, ծրագրում մասնավորապես ներգրաված են Վանաձորի պետական համալսարանը, Շիրակի պետական համալսարանը Գյումրիում, Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Ուզում ենք ապագա ուսուցիչներին, որոնք դպրոց են մտնելու, հնարավորություն տալ, որ ձեռնարկատիրական գիտելիքներ դասավանդելու ունակությունը փոխանցեն այլոց: Վստահ եմ, որ հենց դպրոցից պետք է սկսել նոր աշխարհայացքի ձեւավորումը: Ձեռնարկը կերաշխավորվի ԿԳ նախարարության կողմից, կդասավանդվի 10-11-րդ դասարաններում»,- նշեց Արայիկ Նավոյանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

11.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31