Լրահոս
Օրվա լրահոսը

Սա ինձ, սա քեզ, սա Օստապ Իբրաիմովիչին

Օգոստոս 07,2017 12:34

Հայաստանի կինոոլորտում փոփոխություններ են սպասվում: Կինոկենտրոնը նոր ղեկավար կազմ ունի. տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը խոստանում է կառույցի գործունեությունը դարձնել թափանցիկ, նորանշանակ գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար Արսեն Բաղդասարյանը խոստանում է փոխել կինոարտադրության տրամաբանությունը և ինտեգրել հայ կինոն միջազգային կինոինդուստրիային: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոստանում է հետամուտ լինել այս փոփոխություններին և ապահովել հայկական կինոյի նոր ռազմավարության կիրառումը: Մինչ պաշտոնյաների ու պաշտոնակատարների խոստումների արդյունքը հնարավոր կլինի տեսնել, «Առավոտը» զրուցել է կինոգործիչների հետ, որոնք անմիջականորեն առնչվել են Կինոկենտրոնի գործունեությանը ու կինոարտադրությանը՝ պարզելու, թե ինչ խնդիրներ կան բուն ասպարեզում և ինչը հատկապես փոփոխության կարիք ունի: Մեր զրուցակիցներն են «Մանփիքչերս» ստուդիայի հիմնադիր-տնօրեն Մանվել Սարիբեկյանը, «Պարալլելս» պրոդաքշընի հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը և երիտասարդ սցենարիստ, ռեժիսոր Դիանա Մկրտչյանը:

Մանվել Սարիբեկյան. «Տպավորություն կա, որ նախագիծը մշակել են կինոյի հետ առնչություն չունեցող մարդիկ»

–       Պարոն Սարիբեկյան, ի՞նչ կարծիքի եք ընթացող փոփոխությունների մասին՝ մշակվում է կինոյի մասին օրենքը, դա բավարա՞ր է մասնավոր կինոարտադրողների համար բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում

Կինոյի մասին օրենքի բացակայությունը, անշուշտ, մեծ վնաս է հասցրել հայկական կինոարտադրությանը ու դեռ շարունակում է հասցնել: Օրենքի բացակայության պատճառով էր, որ իրականացվեց «Հայֆիլմ» կինոստուդիայի խայտառակ վաճառքը և կինոթատրոնների համատարած սեփականաշնորհումը առանց բուն գործունեությունը պահպանելու պայմանների:

Մասնավոր պրոդյուսերական ինստիտուտը չկայացավ, որովհետև պետական երկու կառույցներին՝ Կինոկենտրոնին և «Հայկ» կինոստուդիային իրավունք վերապահվեց ֆիլմեր արտադրել և, միաժամանակ, աջակցել մասնավոր արտադրողներին: Նրանք իբր պետք է աջակցեն անկախ արտադրողներին՝ այսինքն, իրենց իսկ մրցակիցներին, որը նոնսենս է համաշխարհային կինոարտադրության պրակտիկայում: Արդյունքը եղավ այն, որ մինչ այժմ նկարահանված ֆիլմերի հիմնական մասը արտադրվեց պետական կառույցներում, որոնց որակը հայտնի է:

Իսկ նման անբավարար արդյունքի միակ պատճառը պետական կառույցների կողմից անձնական շահեր առաջ մղելու և ֆինանսական պատասխանատվության բացակայությունն է՝ ի տարբերություն մասնավոր արտադրողի:

–       Կինոկենտրոնն իրեն համարում է դրամաշնորհային կառույց: Այդպե՞ս է:

Կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը մինչև հիմա իրականացվել է հայտնի ֆիլմի՝ «Սա ինձ, սա քեզ, սա Օստապ Իբրաիմովիչին» մեխանիզմով: Կինոնախագծերը քննող Գեղարվեստական խորհրդի կազմը նույնիսկ Կինոկենտրոնի կայքում չկա: Չես իմանում՝ ով է նայել, ինչ եզրակացություն է տվել, ինչու է մերժվել նախագիծը: Ֆինանսական աջակցությունը հիմնականում անձնավորված կարգով է բաշխվել:

Օրինակ, Մշակույթի նախկին նախարարը մեկ զանգով կարող էր հրահանգել, որ 30 միլիոն դրամ հատկացվի դիպլոմային ֆիլմի նկարահանման համար, երբ նման հնարավորություն չի տրվում նույնիսկ փորձառու շատ ռեժիսորների:

Ոչ Կինոմիությունը, ոչ էլ հասարակական այլ կինոկառույցներ մասնակցություն չբերեցին նման ամորֆ վիճակը շտկելու համար: Բոլորը պետբյուջեի բաշխման գործընթացում իրենց անձնական շահն են պաշտպանում:

–       Նոր նախարարը պաշտոնավարման առաջին օրերից շեշտում է բարեփոխումների և հատկապես թափանցիկ մեխանիզմների կիրառման հարցը: Գրեթե հեղափոխություն է սպասվում: Դուք չե՞ք մասնակցում:

Նոր նախարարի նշանակումով ոգևորված էի, բայց, ցավոք, ոգևորությունս պաղեց: Նախ, ինչպես նախորդ ժամանակներում, այնպես էլ հիմա, բացակայում է գործառույթների թափանցիկությունը:

Մինչ հիմա կինոոլորտին առնչվող քննարկումների և որոշումների կայացմանը, մեզ՝ կինոարտադրողներիս, ոչ մասնակից, ոչ էլ հաղորդակից են դարձնում: Ինչ-որ տեղեկություններ ստանում ենք միայն լրատվության միջոցով: Սա ի՞նչ է նշանակում՝ վերապահում ունեն մեր մասնագիտական որակավորման կամ ունակության վերաբերյալ, թե՞ պարզապես անտեսում ու չեն կարևորում մեր կարծիքը: Ամեն դեպքում, պետք է գիտենան, որ սա անմիջապես մեր գործունեության դաշտն է՝ մեր աշխարհն է և ֆիլմեր ստեղծողները մենք ենք, հետևաբար, պետք է հաշվի առնեն նաև մեր կարծիքը:

Ստիպված այլ աղբյուրներից ենք ծանոթանում կինոյի մասին օրենքի նոր նախագծին, որը նախորդների պես բավական թերի է մշակված: Շատ կարևոր դրույթներ են բացակայում, որն անընդունելի է: Նախագծում, ի տարբերություն արտասահմանյան երկրների արտադրողների, տեղի արտադրողների համար նախատեսված չէ որևէ արտոնություն, արտադրությունը խթանող պայմաններ: Նույնիսկ տպավորություն կա, որ նախագիծը մշակել են կինոյի հետ առնչություն չունեցող մարդիկ:

«Կինոն պիտի լինի պետական հոգածության տակ, բայց որոշումները պետք է կայացնի վաճառքի գործակալը»

– Պարոն Գալստյան, պետությունը կինոարտադրության ֆինանսական աջակցության նոր մեխանիզմներ է մշակում, ի՞նչ նկատառումներ ունեք

Ֆիլմերին պետական աջակցություն տրամադրելու ողջ իդեոլոգիան պիտի փոխվի: Ներկայիս գաղափարախոսությունը սովետական է: Պետությունը աջակցում է ֆիլմերին նախաարտադրության փուլում, արտադրության փուլում և հետարտադրության փուլում: Ֆիլմի նկարահանումները ավարտվում են, աջակցությունը վերջանում է: Էդպիսի բան չկա ամբողջ աշխարհում:

Պետությունը պետք է իրավունք վերապահի իրեն ցանկացած փուլում դադարեցնել ֆինանսավորումը, եթե նախագիծը չի համապատասխանում էն խոստումներին, որոնք ի սկզբանե տրված են եղել:

–       Ձեր կարծիքը լսե՞լ են Մշակույթի նախարարությունում:

Մենք հայկական կինոյի փոփոխության ռազմավարություն ենք ներկայացրել, որում այսպիսի փոփոխություններ ներառված են: Ես առաջարկել եմ, որ Կինոկենտրոնում նախագծերի բաց փիչինգներ լինեն:

Եթե ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտը ձևավորվի, պետք է շատ թափանցիկ կառուցվածք ստեղծվի, որ բոլորս հասկանանք: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա դրամաշնորհի մրցույթը արդեն այլ կերպ կլինի: Քանի որ Հայաստանում միշտ եղել է այսպես՝ ով հասել է Հասմիկ Պողոսյանի սենյակ, նա էլ ստացել է ֆինանսավորում: Հիմա Արմեն Ամիրյանը ասում է՝ մի արեք դա, եկեք փոխենք էդ մեխանիզմը:

Մեր ինվեստորը՝ TSD ընկերության ղեկավար Վահան Շաքարյանը, ինձ հարցնում է՝ ինչու՞ հայկական կինոն ինտեգրված չէ աշխարհին: Ես կարծում եմ, կրթության խնդիր է: Նույնիսկ շատ փորձառու ռեժիսորների ֆիլմերում բացակայում է կուռ, ակադեմիական դրամատուրգիան: Սցենարական դպրոց չկա, և ռեժիսորները ստիպված են նկարել իրենց պատմությունները:

–       Պարոն Գալստյան, Ձեր կարծիքով որքա՞ն պետք է լինի պետության միջամտությունը ֆիլմարտադրությանը, նախարարը նոր ռազմավարության մեջ հատկապես կարևորում է ֆիլմերի վաճառքի ու դիստրիբյուցիայի հարցը:

Իմ առաջին և միակ՝ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը մտել է շուկա և վաճառքի պայմանագիր է կնքել պաշտոնական պրեմիերայից երկու տարի անց, «Ինսոմնիա» կազմակերպության հետ: Մեծ գումարներ չբերեց, որովհետև հին էր, վաճառքի պոտենցիալը կորցրել էր: Ես սովորեցի, որ չի կարելի ֆիլմը նկարել վերջացնել, նոր մտածել՝ ինչպես մտցնել շուկա: Դա պետք է սկսել սկզբից: Դրա համար դիստրիբյուտորները արտադրության մեջ են մտնում սցենարի զարգացման փուլից: Նրանք գումար են տալիս, գնում ֆիլմի վաճառքի իրավունքները:

Հայաստանը չի կարող անվերջանալի գումարներ ներդնել ֆիլմի վրա ու չիմանալ՝ վերջում ինչ է լինելու, որտեղ և ինչպես է վարձույթ մտնելու:

Մենք չենք կարող պետության գործոնը լրիվ հանել, ինչպես ԱՄՆ-ում է: Մենք եվրոպական մոդելով ենք շարժվելու, կինոն պիտի լինի պետական հոգածության տակ: Բայց որոշումները պետք է կայացնի վաճառքի գործակալը:

«Կինոկենտրոնը իմ նախագիծը քնեցրեց դարակների մեջ»

– Դիանա, Ձեր «ՋԻՎԱՆԻ-74» կինոնախագիծը 2015թ. Կինոկենտրոնի գեղարվեստական խորհրդի կողմից հավանության էր արժանացել: Ինչո՞ւ արտադրություն չմտավ:

«ՋԻՎԱՆԻ-74-ը» գյումրեցի տղայի մասին կինոնախագիծ է: Հայրը արտագնա աշխատում է Ռուսաստանում, տղան մեծանում է առանց հոր, մոր խնամքին: Ընտանիքը չարքաշ աշխատանքի գրոշները հավաքում է Եվրոպա արտագաղթելու համար: Տղան ամեն ինչ պիտի անի, որ խափանի մեկնումը, որովհետև նա չի ցանկանում թողնել Գյումրին:

Չնայած նրան, որ Գևորգ Գևորգյանը (Կինոկենտրոնի նախկին տնօրենը) հավաստիացնում էր, թե «Ջիվանին» միակ նախագիծն է, որ հանձնաժողովի միաձայն հավանությանն է արժանացել, Կինոկենտրոնը իմ նախագիծը քնեցրեց դարակների մեջ: Նախագծի հեղինակի հետ հետադարձ կապը լրիվ բացակայում էր: Կինոկենտրոնի հետ անիմաստ նամակագրության մեջ ես երկու տարի ժամանակ կորցրեցի:

Ես նամակ գրեցի Մշակույթի նախարարին: Նա, իր հերթին, իմ նամակը ուղղել էր Կինոկենտրոն: Պարզ էր, որ նախարարությունում ես փնտրելու բան չունեմ, այնտեղ չկա որոշում կայացնող մարդ:

–       Ո՞վ է ֆիլմի պրոդյուսերը, կա՞ն համարտադրողներ

Նախագծի ֆրանսիացի պրոդյուսերը՝ ֆրանսիական CNC-ին դիմելուց առաջ ուզում էր հավաստիանալ, որ հայկական կողմը մասնակցում է ֆինանսավորմանը: Երկարատև բանակցությունների արդյունքում Կինոկենտրոնը ընդամենը մի թուղթ տվեց, որ աջակցում է նախագծին՝ առանց գումարի չափ նշելու: Եվրոպայում այդ թուղթը ոչինչ չի նշանակում: Ավելին, իրեն հարգող որևէ եվրոպական կազմակերպություն նման փաստաթուղթ չի տա: Նախարարին ուղղված իմ երկրորդ նամակը նա նույնպես վերահասցեագրել էր Կինոկենտրոնի տնօրենին: Վերջինս առաջարկել էր ֆիլմը Հայաստանի կողմից ներկայացնել «Եվրիմաժին», սակայն էլի առանց ֆինանսական աջակցության հստակ չափ նշելու: Իմ ֆրանսիացի պրոդյուսերը նման ավանտյուրայի գնալ չէր կարող:

Թեև ինձ համար պարզ է, որ խոստացված աջակցությունը Հայաստանի կողմից ես չեմ ստանա, բայց թե սցենարը, թե իմ համագործակցության հավաստագրերը նախարարին ես անպայման կուղարկեմ որպես ապացույց, որպեսզի չստացվի, թե անհիմն մեղադրում եմ Կինոկենտրոնին և պետությանը:

Իմ գործընկերները ֆրանսիական կողմից «Էօլֆիլմս», ռուսական կողմից՝ «М2Ф» կազմակերպություններն են: Այս ամբողջ նամակագրությունից հետո նրանք եկան այն եզրակացության, որ հայաստանյան պետական կինոկառույցի հետ համագործակցել չեն կարող:

«Լավ աշխատանքը չի խրախուսվում, փոխարենը տրվում է քարտ-բլանշ ապաշնորհ կիսատներին»

 

–       Պարոն Սարիբեկյան, Ձեր հիմնադրած «Մանփիքչերս» ստուդիան 2015թ. Կինոկենտրոնի մասնակի աջակցությամբ արտադրել է «Փրկության քարտեզ» լիամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմը: Պետությունը որևէ կերպ նպաստե՞լ է ֆիլմի տարածմանը, կարծես սա միակ ֆիլմն է հայոց ցեղասպանության մասին, որի հերոսները օտարազգի հումանիստ կանայք են:

Հարցազրույցներից տեղեկացա, նորանշանակ Հանձնակատարը հայտարարել է, թե վերջին տարիներին Հայաստանում ոչ մի ֆիլմ չի նկարվել, որ պարզ ճակատով հնարավոր լիներ ներկայացնել դրսի հանդիսատեսին:

Ես նրան և նախարարին վաղուց եմ ներկայացրել «Փրկության քարտեզ» ֆիլմը: Կամ նա այն դիտելուց հետո է նման բան ասել, կամ նույնիսկ չի էլ նայել ֆիլմը ընդհանրապես:

Ամեն դեպքում տեղեկացնեմ, որ 2015թ. արտադրված այս ֆիլմը, որն այժմ հասանելի է արդեն 12 լեզվով, պարզ ճակատով հասցրել է ցուցադրվել 14 երկրների 28 քաղաքներում՝ ներառյալ 2 անգամ Հոլիվուդի «Փարամաունթ Փիքչերս» ստուդիոյի կինոսրահում, ֆիլմին տրված գնահատականներին ու արձագանքներին կարելի է ծանոթանալ ֆիլմի ֆեյսբուքյյան էջում :

Ֆիլմն արտադրվել է սահմանափակ ժամկետներում և ֆինանսական սուղ հնարավորությունների առկայությամբ, իսկ պետական աջակցությունը եղել է ֆիլմի բյուջեի ընդամենը 30% -ը:

Հաջողված և կարևոր այս ֆիլմը անտեսված է պետական կառույցների կողմից: Նման վերաբերմունքը զարմացրել է նույնիսկ Սփյուռքում, երբ ֆիլմը ներկայացվում էր առանց պետական կառույցների օժանդակության: Երբ բոլոր տեղերում ֆիլմը ներկայացնելու ժամանակ հայտարարում էի, որ շուտով ձեռնամուխ ենք լինելու երախտավորների մասին պատմող նոր ֆիլմի ստեղծմանը, ընդունվում էր մեծ ոգևորվածությամբ և աջակցելու պատրաստակամությամբ:

Ֆիլմի հաջողությունների շնորհիվ էր, որ մենք ունեցանք գործընկերներ՝ ամերիկյան երկու կազմակերպություններ, որոնք պաշտոնապես տվեցին իրենց համաձայնությունները մասնակցելու նոր ֆիլմի համատեղ արտադրությանը և դիստրիբյուցիային, եթե իհարկե հաջողվեր Հայաստանում ստանալ պետական ֆինանսական նոր աջակցություն:

–       Դիմե՞լ եք Կինոկենտրոնի աջակցությանը:

«Երախտագիտության քարտեզ» ֆիլմաշարի հայտը, որը հավանության էր արժանացել Ազգային կինոկենտրոնի գեղ. խորհրդի կողմից դեռ 2013թ.-ին, այս տարվա աջակցության ծրագրում այդպես էլ չներառվեց՝պատճառաբանությամբ, թե այս տարվա բյուջեն հատկացվում է միայն անավարտ ֆիլմերին:  Բայց հետո պարզվեց, որ գումարներ են հատկացրել նաև նոր նախագծերին և անգամ՝ սերիալների: Ես էլ միամտաբար կարծում էի, որ իր տեսակի մեջ եզակի «Փրկության քարտեզ» ֆիլմի ստեղծումից հետո, որպես խրախուսում մեզ կտրվեր հնարավորություն նոր նախագծեր իրականացնելու, բայց, ցավոք, այլ քաղաքականություն է կիրառվում:

Այդպես էլ չներկայացվեց, թե որոնք են այդ անավարտ ֆիլմերը, ինչու են դրանք անավարտ մնացել, ովքեր և ինչ չափանիշներով են ընտրություն կատարել անավարտ ֆիլմերին և նոր նախագծերին աջակցություն տրամադրելու որոշման հարցում:

Օրինակ, անավարտ ֆիլմերից Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմն անտեսել են, իսկ այդ ֆիլմից մեծ սպասելիքներ կան: Կան Քշիշտոֆ Զանուսիի, Ռոման Բալայանի և այլ հայտնի արվեստագետների բարձր գնահատականները:

Տպավորություն է, որ լավ աշխատանքը չի խրախուսվում, փոխարենը տրվում է քարտ-բլանշ ապաշնորհ կիսատներին:

Դրսում հաջողված նախագծերի համար են բոնուս տալիս, էստեղ հակառակը՝ ձախողվածներին են բոնուս տալիս:

«Դուրս եկեք փողոց, հարցրեք ի՞նչ հայկական նոր կինո եք հիշում, մեկը մի բան կասի՞»

–       Պարոն Գալստյան, Ձեր «Ռեմիսիա/Մետամորֆոզներ» ֆիլմը, որը պետական աջակցություն է ստացել, հինգ տարի է՝ անավարտ է: Ո՞րն է պատճառը:

Այո, հինգ տարի է՝ տառապում եմ «Ռեմիսիայի» վրա, որովհետև ընթացքում որպես պրոդյուսեր նկարեցի Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը, հիմա Մարինեի երկրորդ ֆիլմն է արտադրվում՝ «Տատիկիս վարսերը»:

«Ռեմիսիայի» արտադրությունը սկսվել է 2013թ.-ից, ապա՝ դադար է եղել, 2015-ին նորից մտել ենք արտադրություն, պետությունից ստացել ենք աջակցություն, ֆիլմի բյուջեի 30 տոկոսի չափով: Հայաստանում նկարահանված նյութը մոնտաժված է, հետարտադրության համար գումարներ ենք հավաքում: Պետությունն ակնկալում է ինձանից, որ ֆիլմը հանձնեմ, բայց մենք նախ ունենք Ֆրանսիայում նկարահանումներ և երկրորդ քանի դեռ ես չգիտեմ վաճառողին, փառատոնը, որով մտնելու է շուկա, ես ֆիլմը չեմ հանի էկրան: Ես ֆրանսիացի, բուլղարացի համարտադրողներ ունեմ, բայց դեռ վաճառքի գործակալ չունեմ:

Իմաստ չեմ տեսնում «Ռեմիսիան» սարքել իննսուն րոպեանոց ֆիլմ և ցույց տալ «Մոսկվա» կինոթատրոնում: Ես ուզում եմ շահույթ ստանալ և համարում եմ, որ եթե ռեժիսորը երկու ֆիլմ արել է, երրորդի համար այլևս չպետք է դիմի պետության աջակցությանը:

«Տատիկիս վարսերը» անցյալ տարի է մտել արտադրություն: Փոքր աջակցություն է ստացել՝ երեք միլիոն դրամ: Այս տարի ևս ունենք Կինոկենտրոնից ֆինանսավորում ֆիլմի արտադրության համար:

Մեր պետությունը տարեկան փոքր փոքր գումարներ է տալիս տասից ավելի ֆիլմերի: Ավելի լավ է ընտրել երեք լավ նախագիծ և աջակցել դրանց:

«Առողջ մրցակցային դաշտում աշխատել պատրաստվող կինոարտադրողը հայաստանյան իրականության մեջ աշխատել չի կարող»

–       Դիանա, ի՞նչ փուլում է «ՋԻՎԱՆԻ-74» նախագիծը, կա՞ հնարավորություն նկարահանելու Հայաստանից դուրս:

Այժմ մենք նախագիծը պատրաստում ենք՝ ներկայացնելու CNC-ին, բանակցություններ ենք սկսել վրացի գործընկերների հետ, որոնք շատ շահագրգռված են ֆիլմի նկարահանումները կատարել Վրաստանում: Ես ցավում եմ, որ Գյումրիի մասին ֆիլմը ստիպված պիտի լինեմ նկարելու Վրաստանում, բայց ես պետք է ընտրություն կատարեմ՝ կամ նկարահանել ֆիլմը Վրաստանում կամ ձախողել ֆիլմը հայաստանյան անպատասխանատու չինովնիկների պատճառով:

Քանի դեռ բանակցությունները չեն ավարտվել, ուրախ կլինեի, եթե հայաստանցի որևէ պրոդյուսեր մասնակցեր նախագծի կայացմանը և ես կարողանայի ֆիլմը նկարահանել Գյումրիում՝ տեղի կոլորիտով ու բարբառով:

–       Այժմ բարեփոխումներ են խոստանում կինոարտադրության ոլորտում, սպասելիքներ ունե՞ք:

Հայաստանում կինոյի ֆինանսավորման հետ կապված լուրջ խնդիր կա. առաջինը՝ արտադրական խնդիրներն են, երկրորդը՝ մինչև նախագիծը մտնում է արտադրություն, մենք տարիներ ենք կորցնում: Եթե հնարավորություն լինի ֆիլմ նկարել առանց Հայաստանի մասնակցության, կարծում եմ, ցանկացած իրեն հարգող կինոպրոդյուսեր կնախընտրի չհամագործակցել պետական աջակցության թափթփված կառույցների հետ:

Ավելին, «ՋԻՎԱՆԻ-74» նախագծի խնդիրն այն է, որ ես չունեմ հայաստանյան կողմից այնպիսի պրոդյուսեր, որը լեզու կգտներ Կկինոկենտրոնի պես մութ կառույցի հետ ու «համագործակցության» ձևեր (ատկատը, օրինակ) կգտներ, կամ էլ ընդգրկված կլիներ որևէ հանձնաժողովում, օրինակ՝ Կաննի կինոշուկայի, և ներքին կարգով առաջ կտաներ նախագիծը: Քաղաքակիրթ՝ առողջ մրցակցային դաշտում գործել ցանկացող կինոարտադրողը հայաստանյան իրականության մեջ աշխատել չի կարող:

Հուլիսի 28-ի մամուլի ասուլիսում Մշակույթի նախարարը վստահեցնում էր, որ պետությունը հետևողական է լինելու իր կողմից համաֆինանսավորված կինոնախագծերի վերջնական արդյունքի հարցում: Հաջորդիվ «Առավոտը» կզրուցի այն ռեժիսորների հետ, որոնց ֆիլմերը պետական աջակցությամբ տարիներ առաջ մտել են արտադրություն և հասկանալի ու անհասկանալի պատճառներով չեն ավարտվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031