Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանին զովություն ապահովող անտառային տարածքները բաժանվել են օլիգարխներին

Օգոստոս 10,2017 15:00

Վերջին օրերի աննախադեպ շոգ եղանակը «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանը բացատրում է գլոբալ կլիմայական փոփոխություններով: Ըստ նրա՝ աշխարհով մեկ այնպիսի երեւույթներ են տեղի ունենում, որոնք մոլորակի բնակչությանը լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում:

Մասնագետի խոսքով՝ մոլորակի մի հատվածում հորդառատ անձրեւներ են, սելավներ, ջրհեղեղներ, մեկ այլ հատվածում` հրդեհներ, ինչի արդյունքում անտառներ ու բնակավայրեր են ոչնչանում: Մեր երկրում, մասնավորապես` մայրաքաղաքում արձանագրվող բարձր ջերմաստիճանը, Կարինե Դանիելյանի համոզմամբ, այդքան անհարմարություն չէր պատճառի մեր քաղաքացիներին, եթե խորհրդային տարիներից հետո սկսված եւ մինչ օրս շարունակվող անկանոն քաղաքաշինությունը չլիներ: Տիկին Դանիելյանի խոսքով՝ քաղաքը կանաչ տարածքների հաշվին այնքան է խտացել ու երկաթբետոնով, ասֆալտով պատվել, որ մայրաքաղաք մուտք գործած ջերմային ալիքները անգամ գիշերը չեն հեռանում, եւ քաղաքը չի զովանում: Բնապահպանի համոզմամբ՝ մեզ մոտ կլիմայի դեստաբիլիզացում է, որովհետեւ ձմռանը աննախադեպ ցրտեր են լինում, ամռանը՝ անսովոր շոգեր: Ըստ նրա՝ օրեր շարունակվող բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում մարդկանց առողջության վրա, ուստի Հայաստանը պետք է բարեխիղճ կատարի կլիմայի փոփոխության հետ կապված կոնվենցիայի պահանջները, որոնք վավերացրել է ի թիվս այլ կոնվենցիաների:

Տիկին Դանիելյանի ներկայացմամբ՝ իրավիճակը փոխելու երկու ճանապարհ կա` կանխարգելել, այսինքն` արտանետումները մթնոլորտ կրճատել եւ էկոհամակարգային մոտեցում ցուցաբերել, եւ երկրորդ` ադապտացնել` ինչքան հնարավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի որքան հնարավոր է գլոբալ այդ փոփոխություններից չտուժենք:
Սակայն, բնապահպանի համոզմամբ, մեր երկրում ամեն ինչ հակառակն է արվում. «Նախ` կանաչ տարածքները` Մոնումենտից մինչեւ Սարի թաղ, այդ ամբողջ անտառները հենց ստեղծված էին երկու նպատակով՝ կենտրոնը ապահովել մաքուր օդով եւ այդտեղ պահպանել միկրոկլիման, եւ երկրորդ՝ որպեսզի այդտեղ սողանքներ եւ սելավներ չլինեն: Հիմա դրանք բոլորը բաժանված են օլիգարխներին»:

Տիկին Դանիելյանի պատմելով՝ երբ ուսանողների հետ փորձել են նշյալ հատվածի անտառը վերականգնել` ծառեր են տնկել, արտակարգ իրավիճակների նախարարությունը այդ տարածքում մինի հրդեհներ է կազմակերպել` պատճառաբանելով, որ նախազգուշական հրդեհներից խուսափելու համար է:

«Մենք ուսանողների հետ գնում էինք, օգնում էինք, որ այդ անտառը վերականգնվի, հետո տեսանք՝ ուսանողների աշխատանքը դրել վառում են, հարցնում եմ` ի՞նչն է խնդիրը, ասում են` նախազգուշական հրդեհ է: Այսպես կոչված, նախազգուշական հրդեհներ որեւէ քաղաքում չեն արվում, միայն անտառներում են արվում, բաց տարածքներում, որտեղ մարդու վերահսկողությունը դժվար է, բայց քաղաքներում չեն արվում: Հետո էլ կառավարությունը դա բաժանեց օլիգարխներին, որ իրենք կառուցեն իրենց վիլլաները: Այդ տարածքները, որոնք պետք է մեղմեին մեր մայրաքաղաքում միկրոկլիման, հիմա հակառակ դեր են կատարում, այդտեղ չինական պատեր են բարձրացել»,- ասում է Կարինե Դանիելյանը: Ըստ նրա՝ նույն խնդիրը Օղակաձեւ զբոսայգին պիտի լուծեր, սակայն այն այսօր ոչ թե այգի է, այլ ավելի շատ ռեստորաններով ու զվարճանքի կենտրոններով տարածք:

Նրա խոսքով՝ միկրոկլիմայի համար դերակատարում ուներ նաեւ կենտրոնով անցնող Գետառը, որը բացի այն, որ սելավատար էր, նաեւ ջրային ռեսուրս էր:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ Գետառի հաշվին էլ ռեստորաններ ու ճանապարհներ են կառուցվում, քանի որ մայրաքաղաքում խիտ քաղաքաշինությունը բերել է նրան, որ ավտոմեքենաների առատությունից ճանապարհները դարձել են անանցանելի, եւ ստիպված նոր ճանապարհներ են անցկացնում. «Քաղաքաշինությունը բերում է նրան, որ ամեն բակում առնվազն մի բարձրահարկ շենք է վեր խոյացել, որն իր հետ ավտոմեքենաների հոսք է բերում: Կենտրոնի փողոցները, ճանապարհները հաշվարկված չեն եղել այդքան մեքենաների համար, հիմա խնդիր է առաջացել»:

Ինչ վերաբերում է մթնոլորտ արտանետվող գազերին, Կարինե Դանիելյանն ասաց, որ Հայաստանում արտանետումների տոկոսն այդքան բարձր չէ, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, քանի որ արդյունաբերությունը զարգացած չէ, բայց մեզ մոտ էլ, ըստ բնապահպանի, էներգետիկայի եւ տրանսպորտի խնդիրն է մտահոգիչ. «Այդ խցանումների պարագայում արտանետումները կրկնապատկվում են, ինչը օդային ավազանի աղտոտվածության է բերում: Վերջին գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երեւանի փոշում առկա են նաեւ ծանր մետաղներ: Բացի այդ, Երեւանի շուրջը 21 հանք է գործում, որից մեկը՝ անմիջապես կենտրոնում՝ Մոնումենտում: Եվ այս բոլորն անդրադառնում է ջերմաստիճանի վրա եւ ազդում մարդկանց առողջության վրա»:

«Առավոտի» այն հարցին, թե բնապահպանները պարբերաբար մտահոգություն են հայտնում, թե նշյալ կոնվենցիայի դրույթները խախտվում են, մեր երկիրը պատշաճ չի կատարում, ի՞նչ հետեւանքներ են ունենում այդ ամենը մեր երկրի հեղինակության վրա, Կարինե Դանիելյանը պատասխանեց. «Ասել, որ չենք կատարում, սխալ կլինի, որոշ չափով կատարում ենք: Մենք տաղանդավոր, խելացի ազգ ենք եւ շատ լավ ծրագրեր ենք մշակում, զեկույցներ ենք պատրաստում եւ ներկայացնում ենք միջազգային հանրությանը, բայց ընդունված չէ, որ գան, ստուգեն, չափեն: Երկիրը ներկայացնում է հաշվետվություն, բայց չեն ստուգում»:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

09.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031