Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տորթ եմ առել, առել եմ օրենքի սահմաններում». Թալինի քաղաքապետը՝ ուտել-խմելու մասին

Օգոստոս 11,2017 14:51

Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը հերքում է տեղեկությունները, թե պետական միջոցների հաշվին հարյուր հազար եւ ավելի դրամներ են ծախսել տոնախմբությունների ժամանակ տորթեր, ծաղիկներ կամ այլ ապրանքներ գնելու համար:

Aravot.am-ը քաղաքապետից հետաքրքրվեց՝ ինչ ճոխություններ են իրենց թույլ տալիս պետական միջոցներով ու ինչ նպատակով:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի գնումները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս քաղաքում առաջնային խնդիրը ուտել-խմելն է»: Ըստ թերթի, հանրապետությունում չկա մի տոն, որը Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը բաց թողնի, ընդհուպ մինչեւ գրադարանավարի օրը:

«Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից օգոստոսի 4-ին հաստատված գնումների պլանը, որտեղ հատուկ բաժին կա` «Միջոցառումներ» անվանումով: Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը տարին սկսել է կանանց տոնը նշելով, որի համար նախ գնել է 300 հատ վարդ` ծախսելով 150 հազար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ, որի համար պետական միջոցներից ծախսվել է 60 հազար դրամ:

Մարտի 8-ը տոնելու համար գնվել է 20 հատ գինի եւ ծախսվել 24 հազար դրամ: Նաեւ գնվել են հուշանվերներ՝ անհայտ քանակությամբ, որոնց համար ծախսվել է 120 հազար դրամ»:

«Դրանք ընդամենը հերյուրանքներ են, ինչ-որ մարդկանց վառ, վատ երեւակայության արդյունք են: Եթե տորթ եմ առել, առել եմ օրենքի սահմաններում: Մեր կատարած ծախսերի վերաբերյալ ուռճացված թվեր են ներկայացնում: Ինչ-որ արվում է, արվում է այս երկրի, այս ժողովրդի համար»,- ասաց պարոն Արամյանը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե որեւէ տոն բաց չեն թողնում, նույնիսկ գրադարանավարի օրն են նշում, պարոն Արամյանը հակադարձեց. «Այսինքն, գրադարանավարի օրը, գրադարանների աշխատողին չշնորհավորե՞լ, օրվա մեջ հինգ րոպե չտրամադրե՞լ այդ մարդկանց՝ ասել շնորհավոր ձեր տոնը սիրելի գրադարանավարներ»:

Մեր հարցին՝ իսկ ինչպե՞ս եք շնորհավորում, դատարկ ձեռքո՞վ, թե՞ ծախսեր եք տեսնում, քաղաքապետը պատասխանեց. «Ոնց որ այդ ժամանակ հարմար ենք գտնում, այդպես էլ նշում ենք: Իսկ այն, որ հարյուր հազար եւ ավելի դրամներ ենք ծախսում ծաղիկների, տորթերի վրա, դրանք բոլորը սուտ են: Եթե ցանկանում եք իրականությունը տեսնել, եկեք Թալին, ես ձեզ ներկայացնեմ իրականությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031