Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնական տվյալներ մշակողները կարող են կանգնել օրենքի կամայական կիրառության կամ համատարած քրեական պատասխանատվության խնդրի առջեւ

Օգոստոս 17,2017 14:00

Հարցազրույց «Էլոֆանտ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, ղեկավար փաստաբան Գեւորգ Հակոբյանի հետ՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին զուգահեռ «Տեղեկատվության մասին» օրենքի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ու դրանց հնարավոր սահմանափակումների մասին:

– Պարոն Հակոբյան, «Առավոտի» մարտի 7-ի համարի մեր զրույցը շարունակվում է: Այն ժամանակ Դուք բարձրաձայնեցիք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի մասին, համաձայն որի՝ անձնական տվյալներ մշակելու սահմանափակումները չէին տարածվում բացառապես լրագրության, գրական եւ գեղարվեստական նպատակներով մշակվող անձնական տվյալների վրա, ինչի պարագայում լրատվական գործունեություն իրականացնողները եւ լրագրողները չունեին, ի թիվս այլոց, լրատվական գործունեության նպատակով անձնական տվյալներ մշակելու համար տվյալների սուբյեկտին ծանուցելու եւ նրա համաձայնությունը ստանալու պարտականություն, իսկ հատուկ կամ կենսաչափական տվյալներ հրապարակելու դեպքում՝ նաեւ գործակալությանը ծանուցելու պարտականություն՝ մինչեւ այդ տվյալները մշակելը:
Դուք նաեւ ասացիք, թե «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը մշակողների ձեռքին լրագրողներին ճնշելու պոտենցիալ զենքի է վերածվելու։ Այսօր խոսենք ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածի եւ դրա համատեքստում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մասին: Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել:

– ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածը գործում է 2003թ.-ից, միակ փոփոխությամբ՝ 2006թ. պատժից հանվել են ուղղիչ աշխատանքները։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանում այսօրվա դրությամբ առկա է Քրեական օրենսգրքի 144 հոդվածի կիրառությանը վերաբերող 3 դատական գործ, որից 2-ը՝ մինչեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, մեկը՝ օրենքի ընդունումից հետո՝ 2016թ.-ին։ 3 գործերից 1-ը վերաբերում է անձին հետեւելուն եւ նրա վերաբերյալ տեղեկություններ հավաքելուն, 2-ը՝ գաղտնալսող սարքերի միջոցով տվյալներ հավաքելուն։

Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 2015թ. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի ընդունումից հետո եւ հատկապես 2017թ. «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո, երբ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը սկսեց տարածվել լրագրողական եւ ստեղծագործական գործունեության վրա, Քրեական օրենսգրքի 144 հոդվածը ստացել է նոր իմաստ, ինչի հետ էլ` մեկնաբանության եւ կիրառության լուրջ խնդիրներ եւ սպառնալիքներ. եթե դրանք չշտկվեն օրենսդրորեն, ապա անձնական տվյալներ մշակողները կարող են հեշտությամբ ենթարկվել քրեական պատասխանատվության՝ վարչական պատասխանատվության փոխարեն։ Անձնական տվյալներ մշակողները կարող են կանգնել օրենքի կամայական կիրառության կամ համատարած քրեական պատասխանատվության խնդրի առջեւ։ Սա վերաբերում է լրագրությանը, ստեղծագործությունների հեղինակներին, մարկետինգին, գործատուներին, բոլոր անձնական տվյալներ մշակողներին. 2017թ.-ից այս խնդիրը հատկապես սպառնում է լրագրողներին։

– Կբացե՞ք փակագծերը, որն է Քրեական օրենսգրքի 144 հոդվածի նոր իմաստը:

– Քրեական օրենսգրքի 144 հոդվածը 200.000-500.000 ՀՀ դրամ տուգանք կամ 1-2 ամիս կալանք է նախատեսում հետեւյալ արարքի համար.
Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով: Եթե վերլուծում ենք նկարագրված արարքը (144 հոդվածի դիսպոզիցիան), ապա տեսնում ենք, որ անձին կարելի է մեղադրել այդպիսի արարքի կատարման մեջ, եթե միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները.
– արարքը կատարողը պետք է օգտագործած կամ հրապարակային ելույթով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունով կամ լրատվության միջոցներով տարածած կամ պարզապես հավաքած կամ պահած լինի տեղեկություն (գործողությունները).
– այդ տեղեկությունը պետք է հանդիսանա մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություն (տեղեկությունները).
– նշված տեղեկության հետ այդ գործողությունները պետք է կատարված լինեն առանց այդ մարդու համաձայնության (մշակման օրինականություն).
– այդ տեղեկությունների հետ կատարված նշված գործողությունները պետք է նախատեսված չլինեն օրենքով (բացառող հանգամանքներ)։
Նշենք, որ այս հոդվածով սահմանված հանցակազմը բլանկետային է, այսինքն՝ նրա իմաստը եւ բովանդակությունը պարզելու համար անհրաժեշտ է դիմել այլ օրենքների եւ իրավական ակտերի օգնությանը. այդ մասին է վկայում, մասնավորապես, նորմում առկա «եթե դրանք նախատեսված չեն օրենքով» արտահայտությունը։ Այսպիսով այն օրենքը, որին պետք է դիմել տվյալ բլանկետային նորմի բովանդակության բացահայտման համար, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքն է։ Եթե համեմատենք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանումը Քրեական օրենսգրքի 144 հոդվածի արարքի նկարագրության հետ, ապա ակնհայտ է դառնում, որ Քրեական օրենսգրքի 144 հոդվածում նկարագրված արարքը անձնական տվյալների մշակում է բնութագրում։

– Բայց Քրեական օրենսգրքի 144 հոդվածում կարծես թե ոչ բոլոր անձնական տվյալներն են թվարկված. որո՞նք են այդ հոդվածով ենթադրվող անձնական տվյալները:

– «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նույն հոդվածի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում տրված է անձնական կյանքի տվյալների սահմանումը, այն է՝ անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկություններ։ Տեսեք, որ անձնական կյանքի տվյալի հասկացությունը իր մեջ ներառում է սովորական, հանրամատչելի, կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի անձնական տվյալների համալիր, այլ կերպ ասած՝ գրեթե բոլոր անձնական տվյալները։ Այսինքն, եթե «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում տրված անձնական կյանքի տվյալների սահմանումը համեմատենք Քրեական օրենսգրքի 144 հոդվածի վերոնշյալ երկրորդ պայմանի հետ, ապա կտեսնենք, որ արարքը իրենից ներկայացնում է անձնական կյանքի տվյալների գաղտնի մշակում. բացառություն կկազմեն միայն հանրամատչելի անձնական տվյալները, որովհետեւ դրանք գաղտնի չեն կարող համարվել։

– Պարոն Հակոբյան, նախորդ մեր զրույցի ժամանակ Դուք խոսեցիք նաեւ լրագրողների նկատմամբ հնարավոր սանկցիաների մասին, երբ առանց անձի համաձայնության են հրապարակվում տվյալները. որքանո՞վ է Քրեական օրենսգրքի 144 հոդվածն առնչվում այդ հարցին:

– Քրեական օրենսգրքի 144 հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու հաջորդ պայմանները անձնական տվյալների սուբյեկտի համաձայնության եւ օրենքով դա մշակելու թույլատրության բացակայությունն են. առանց անձի համաձայնության՝ նրա վերաբերյալ անձնական տվյալներ մշակելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) արգելված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում։ Միեւնույն ժամանակ անձնական տվյալների մշակման համար օրենքով սահմանված են համաձայնության ձեռքբերման կարգ (անձնական տվյալների սուբյեկտին տվյալների մշակման վերաբերյալ ծանուցում, համաձայնության ստացում)։ Այդ կարգը չպահպանելը կարող է պրակտիկայում մեկնաբանվել որպես համաձայնության բացակայություն: Օրինակ՝ եթե ստացվել է անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ անձի համաձայնությունը բանավոր եղանակով՝ առանց մշակման մտադրության մասին գրավոր ծանուցման, դժվար կլինի ապացուցել, թե ինչի համար է տրվել անձնական տվյալներ մշակելու համաձայնությունը, ինչ ծավալով, ինչ ժամկետով եւ ինչ պայմաններով։ Իսկ դա նշանակելու է, որ համաձայնությունը չի ստացվել։

– Պարոն Հակոբյան, տեղի՞ն է, երբ լրատվամիջոցներին դատի են տալիս վարչական եւ քաղաքացիական գործերով, մինչդեռ, Ձեր նշած Քրեական օրենսգրքով նախատեսվածը խախտելու դեպքում նոր ճակատ է բացվում:

– Քրեական օրենսգրքի 144 հոդվածի այս նոր իմաստը նշանակում է, որ անձնական տվյալներ մշակողները քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել առանց տվյալների սուբյեկտի համաձայնության՝ նրա անձնական տվյալների մշակման համար, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
Սրա համատեքստում, այո, նոր ճակատ է բացվում լրագրողների հրապարակումներին ի պատասխան նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար, եթե վերջիններս մինչեւ նյութը հրապարակելը չեն ստացել անձնական տվյալների սուբյեկտի համաձայնությունը կամ տեղեկությունը ձեռք չեն բերել հանրամատչելի աղբյուրից։
Ուշադրություն դարձրեք նաեւ, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ մշակողը, այսինքն՝ տվյալ դեպքում լրագրողը պետք է ապացուցի, որ ստացել է տվյալների սուբյեկտի համաձայնությունը կամ նյութը մշակել է հանրամատչելի աղբյուրից: Մինչդեռ Քրեական օրենսգրքում նկարագրված հանցակազմի համար գործում է անմեղության կանխավարկած, եւ մեղադրող կողմը պետք է ապացուցի, որ համաձայնությունը չի ստացվել. պրակտիկայում սա կարող է հանգեցնել նշված օրենքների այնպիսի մեկնաբանության, որի արդյունքում անմեղության կանխավարկածը կարող է շրջանցվել. սա հատկապես խնդրահարույց կարող է դառնալ, եթե համաձայնությունը լրագրողը ստացել է բանավոր, իսկ անձնական տվյալների սուբյեկտը հետագայում հերքում է բանավոր համաձայնությունը տալը։
Քրեական օրենսգրքի 144 հոդվածի այսպիսի մեկնաբանության պարագայում հանրային շահերի պաշտպանության համար «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված անձնական տվյալներ հրապարակելու լրագրողի իրավունքը լրջորեն վտանգվում է։

 

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

16.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031