Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ ժառանգների իրավունքները գողացվել են

Օգոստոս 25,2017 14:00

«Մարշալ Բաղրամյանից հետո մեր ընտանիքին օգնել է
Մերգելյանի անվան ինստիտուտի տնօրենը»

Առաջին կարգի հաշմանդամ Լյովա Հովհաննիսյանը դիմումներ էր ուղարկել իրավապահ մարմիններին՝ կապված իր եղբոր՝ Զավեն Հովհաննիսյանի մահվանից հետո ստեղծված արտակարգ իրավիճակի հետ: Բողոքաբեր քաղաքացին տեղեկացնում է, որ եղբոր եւ նրա կնոջ՝ Աննայի մահվանից հետո գողություն է կատարվել Դեմիրճյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից, ուր բնակվել է եղբոր զինվորական ընտանիքը, անհետացել են մեդալները, արխիվը:

Ըստ էության, եղբոր ժառանգները՝ դուստրն ու որդին, որոնք ցմահ հաշմանդամ են, ստանում են 21 500 դրամ հաշմանդամության գումար եւ 18 000 դրամ նպաստ, չեն ճանաչվել իրենց ծնողների բնակարանի նկատմամբ ժառանգ: Ասես, գոյություն չեն ունեցել:

Լ.Հովհաննիսյանը, որն աշխատում է Երեւանի Մերգելյանի անվան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում 1970 թվականից, հանձն է առել հիվանդ եղբոր ժառանգներին խնամելը, այն դեպքում, երբ ունի նույնպիսի օգնության եւ խնամքի կարիք:

Այն, որ գողություն է կատարվել հանգուցյալների բնակարանում, կարող է վկայել 1986 թվականից անկողնային հիվանդ, հանգուցյալ Զավենի դուստրը՝ Գայանեն, որն ըստ իրավապահ մարմիններ ուղարկած դիմումատու հորեղբոր նամակի, տեղյակ է, թե ով է մտել իր ծնողների զգեստապահարանը՝ այնտեղից գողանալով փաստաթղթերն ու շքանշանները:

Ի դեպ, Լյովա Հովհաննիսյանն ամիսներ շարունակ իր հարազատների արխիվային գործերն էր փնտրում: Համաձայն ձեռք բերված փաստաթղթերից մեկի, 1991թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի որոշման՝ Դեմիրճյան փողոցի նշյալ շենքի բնակարաններից մեկն անհատույց սեփականաշնորհվել է հանգուցյալ Աննայի քրոջ անունով, ապա՝ նրա որդու:

Ըստ Լ.Հովհաննիսյանի, Աննա Սահակյանը ստացել է հիշյալ բնակարանը մարշալ Բաղրամյանի անմիջական միջնորդությամբ:

Ըստ Լ.Հովհաննիսյանի, եղբայրը Ռուսաստանի Պոլտավա քաղաքում զինվորական վերապատրաստման ժամանակ կոնտուզիա է ստացել եւ բուժվել զինվորական հոսպիտալում:

Կինը՝ Աննան, ապրել է Մոսկվայում, եւ Հայրենականի տարիներին ապրել զինվորականի ընտանիքում: Նա եւ Լյովա Հովհաննիսյանը Զավենին տեղափոխել են Երեւան: Մարշալն օգնել է Աննային:

Արխիվային մեկ այլ փաստաթղթի համաձայն, Աննային Երեւանի քաղսովետի նախագահ Գ.Հասրաթյանը հատկացրել է մեկսենյականոց վիճելի բնակարանը:

Մինչ Աննայի մահը, նրա քույրը, հարազատները համոզել են, որ բնակարանը վաճառի, քանի որ երեխաները հիվանդ են, սակայն Աննան մերժել է, պատճառաբանել է, որ այդ իր երեխաների բնակարանն է: Նշեմ, որ ամուսինը՝ Զավենը, կապի նախարարությունից հետագայում ստացել է բնակարան, եւ ամուսիններով, ըստ էության, այդ բնակարանում բնակվել են ութ ամիս:

Իրավապահներին ուղղված նամակում շեշտվում է հարազատներից ԱԱԾ աշխատակից ոմն Ռուդիկի անունը, որը բնակարանից հափշտակված գումարների հետ կապված նույնպես կասկածվում է:

Ավելի տխուր վիճաբանության մասին էլ կարող է վկայել հիվանդ տղան, որը տեսել է, թե ինչպես են մոր հարազատները, մինչ նրա մահը, այցելել նրան, դանակի սպառնալիքով ստիպել ինչ-որ թուղթ ստորագրել, ինչը Աննան չի ստորագրել:

Փաստացի վիճակն այս է. հանգուցյալ Աննան իր հիվանդ երեխաներին ոչինչ չի նվիրաբերել, թողել, ինչը հավանական չէ, բայց չորս տարի առաջ նվիրատվություն է կատարվել, նոտարական վավերացմամբ, եղբոր տղայի անունով ու բնակարանը անցել է նրա տնօրինության տակ: Լ.Հովհաննիսյանն ասում է, որ եղբոր մահվանից հետո, որը չդիմացավ կնոջ կորստին, նույն այդ ընտանիքը հարկ չի համարել ներկա գտնվել նրա հուղարկավորմանը:

Լ.Հովհաննիսյանը իր խնամակալության տակ գտնվող եղբոր դստեր խնդրանքով զանգել էր իրենց բնակարանում բնակվող հարազատներին՝ խնդրելով այցելել իրենց: Զուր:

Զրուցակիցս խնդրում է, որպեսզի վերադարձվի հիվանդ երեխաների բնակարանը, «բացել» թնջուկը, ինչպես է կատարվել նվիրատվությունը, օգնել ութսունամյա խնամատուին, որը չունի այլ աղբյուր երկու հիվանդներին խնամելու համար:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա. Ոսկանյանն այս տարվա հունիսի 16-ի որոշմամբ մերժել է հարուցել քրեական գործ:

Պատճառաբանական մասում կա այսպիսի ձեւակերպում. «Նյութերի նախապատրաստման ընթացքում Լ.Հովհաննիսյանի կողմից հետաքննության մարմնին չի ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության վերաբերյալ կոնկրետ հաղորդում, իսկ դիմում բացատրությունում նշված հանգամանքները հիմնված են ենթադրությունների եւ երրորդ անձանց կողմից տարիներ առաջ կատարված հայտարարությունների հիման վրա»:

Հետաքննիչ Ա. Ոսկանյանն արձանագրել էր. «ձեռնարկված բավարար միջոցառումների արդյունքում ապացույցներ ձեռք չեն բերվել», սակայն կոնկրետ ինչ է ձեռնարկվել՝ նշյալ հանգամանքները պարզելու ուղղությամբ, չէր արձանագրվել:
Հետաքննիչի որոշումը հիվանդ, անվճարունակ թոշակառուն բողոքել է՝ դիմելով դատախազին:

Լ.Հովհաննիսյանը վճարունակ չլինելու պատճառով չի կարող այն բողոքարկել անգամ դատարանում, չունի փաստաբան:

Հուլիսի 18-ին Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Վ.Պողոսյանը բողոքը մերժելու մասին որոշումն ուղարկել է Լյովա Հովհաննիսյանին:

Դատախազը հանգամանորեն պատասխանել էր, որ գործի նյութերում առկա է դատարանի վճիռ, համաձայն որի՝ խնամակալության տակ գտնվող բողոքաբերի եղբոր տղան քառասուն եւ ավելի տարի տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, մյուս խնամակալը՝ շիզոֆրենիայով, հետեւաբար, անգործունակ են:
Նկատենք, որ Լ.Հովհաննիսյանը որոշ հանգամանքների մասին հայտնել էր՝ հենվելով իր խնամքին գտնվողների ասածից:

Գողության վերաբերյալ էլ դատախազը հայտնել էր, որ դրանց վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, եւ որ հանցագործության մասին երրորդ անձին հայտնվել է երեսուն տարի առաջ: Այսինքն, վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործ հարուցելու հիմքեր չեն գտնվել:

Լյովա Հովհաննիսյանի հարցադրումն այսուհետ ավելի քան բարոյական հարթության վրա է. երկու հոգեկան հիվանդներին հասանելիք բնակարանը տնօրինող հարազատներն արդյոք պարտականություն չունե՞ն նրանց նկատմամբ, խնամատուի նկատմամբ, որը ծանր առողջական վիճակում անգամ ձեռք է մեկնել ծնողների ժառանգությունից անհասու մնացածներին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031