Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասյանն անկախ Հայաստանի պետականությանը դեմ գնաց»

Օգոստոս 25,2017 15:00

Ըստ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի` ե՛ւ Կասյան, ե՛ւ Լենինգրադյան փողոցները պետք է վերանվանվեն

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հայ բոլշեւիկների, կոմունիստ գործիչների անուններով երեւանյան փողոցների անվանափոխման գործընթացն ավելի վաղ է սկսել, սակայն ժամանակի ընթացքում կանգ է առել: Ըստ պարոն Մելքոնյանի` ժամանակն է` այդ գործընթացը հասցվի ավարտին:

Հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ պատճառով էր գործընթացը կանգ առել, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «1990-ականներին մի պոռթկում կար, որ սկսեցին հայկական պետականության հետ կապ չունեցող անձանց անուններով փողոցները փոխել, հանեցին Լենինի արձանը, Լենինի հրապարակը վերանվանվեց: Բայց հետո եկավ մի պահ, երբ անկախ պետականության պայմաններում մարդիկ չտեսան իրենց սպասած առաջընթացը, ուստի մարդկանց մոտ կարոտախտը դեր խաղաց, եւ սկսեցին միայն դրական խոսել խորհրդային ժամանակների մասին` մոռանալով բացասականը, ու գործընթացը կանգ առավ»:

Մեր այն հարցին` արդարացվա՞ծ է «Ելք» խմբակցության առաջարկը հայ բոլշեւիկների, կոմունիստ գործիչների անուններով երեւանյան փողոցներն անվանափոխել. Լենինգրադյան փողոցն անվանակոչել Արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անվան փողոցները վերանվանել ազգային հերոսների անուններով, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Այն փողոցները, որոնք մնացել են խորհրդային ժամանակներից, եւ դրանց անուններով անձինք որեւէ առնչություն չունեն հայկական պետականության հետ, նրանց անունները պետք է փոխել եւ ավելի վաղ մեկնարկած գործընթացը հասցնել ավարտին»:

Աշոտ Մելքոնյանին խնդրեցինք անդրադառնալ այն հարցին` արդյոք Սարգիս Կասյանն արժանի՞ գործիչ է, որ իր անունով փողոց շարունակի գոյություն ունենալ, ըստ մեր կատարած հարցման արդյունքների` այդ փողոցի բնակիչներից շատերը թեեւ նրան չգիտեն, բայց չեն էլ ուզում, որ փողոցը վերանվանվի, պարոն Մելքոնյանը պատասխանեց. «Հետխորհրդային շրջանում մեզանում հիմնովին վերանվանվեցին փողոցների անունները. փոխվեցին նրանք, որոնք կապված էին խորհրդային այն գործիչների անունների հետ, որոնք 1930-ականներին մասնակցել էին ստալինյան բռնություններին: Օրինակ` ներկայիս Տաշիր խանութի փողոցը` Աթարբեկյանը, կոչվում էր Գեւորգ Աթարբեկյանի անունով: Նա, լինելով Հայաստանի չեկայի նախագահը, Հյուսիսային Կովկասում տասնյակ հազարավոր մարդկանց գնդակահարությունից հետո տեղափոխվել էր Հայաստան: Նա ասում էր` հանուն համաշխարհային հեղափոխության պատրաստ եմ նույնիսկ ամբողջ հայ ժողովրդին գնդակահարել: Կային նման տականքներ, եւ անմիջապես նրանց անունները փոխվեցին: Բայց զարմանալին այն է, որ Գեւորգ Աթարբեկյանի անունը բավականին ուշ փոխվեց: Ես մեկն եմ եղել միջնորդներից, որ դիմել եմ իշխանություններին այդ փողոցը վերանվանելու հարցով»:

Անդրադառնալով Սարգիս Կասյանին` Աշոտ Մելքոնյանը նշեց. «Խորհրդային բոլշեւիկյան գործիչների մի զգալի մասը նաեւ ունեցել է ազգային դիմագիծ` Ալեքսանդր Մյասնիկյանը, Ալեքսանդր Բեկզադյանը, Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանը եւ այլք: Բայց այդ կերպարների կենսագրության մեջ էլ անպայմանորեն կգտնես նաեւ սեւ գծեր, որոնք կապված են դարաշրջանի հետ: Հայհեղկոմի նախագահ Սարգիս Կասյանը, բնականաբար, այն անձանցից մեկն էր, որը մասնակցեց բռնությամբ Հայաստանի անկախ պետականության տապալման գործընթացին: 1920 թվականի նոյեմբերի 15-ին հայհեղկոմը ստեղծվեց Բաքվում` Բաքվի բոլշեւիկների, թաթաների եւ ռուսների մասնակցությամբ: Այդ մարմինն էր, որը եկավ Իջեւանում` Քարվանսարայում, ստեղծեց խորհրդային իշխանություն միջազգային բոլոր նորմերին հակասելով` մինչդեռ ՀՀ-ում կար օրինական իշխանություն: Սարգիս Կասյանն այն անձանցից էր, որն անկախ Հայաստանի պետականությանը դեմ գնաց: Բայց ի տարբերություն Գեւորգ Աթարբեկյանի եւ մյուսների, որոնք ուղղակի տականքներ էին եւ իրենց գործողություններով հանգեցրին փետրվարյան ապստամբությանը, նրանց մեջ Սարգիս Կասյանը համեմատաբար ավելի մեղմ ներկայացուցիչ էր: Բայց մյուս կողմից էլ՝ նույն Սարգիս Կասյանը, որի հետ 1921-ի փետրվարի 4-ին Սիմոն Վրացյանը հանդիպեց եւ հիշեցրեց 1920-ի դեկտեմբերի` երեւանյան համաձայնագիրը, որտեղ նոր իշխանությունները պարտավոր էին բռնություն չգործադրել հին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ, այդ հարցում Կասյանը չէր կարող դերակատարություն ունենալ, քանի որ 11-րդ կարմիր բանակի ղեկավարությունը նստած էր Հայաստանում եւ նա էր եղանակ ստեղծում: Բազում հայ զինվորներ, անգամ Թովմաս Նազարբեկյանն ու մյուսները հենց նրա օրոք ձերբակալվեցին ու աքսորվեցին եւ համակենտրոնացման ճամբարներում նրանց զգալի մասը մահացավ: Սարգիս Կասյանն այն գործիչների մեջ է, որն ունի մեղքի բաժին այդ բռնությունների հարցում: Բայց նա եղել է Խորհրդային Հայաստանի առաջին ղեկավարներից մեկը, որը որոշակի աշխատանք է կատարել սոցիալ, տնտեսական, քաղաքական վատ վիճակից երկիրը դուրս բերելու համար: Նա էլ, ի վերջո, 1937-ին դարձել է բռնությունների զոհ»:

Պարոն Մելքոնյանը հորդորում է պատմությունը շատ չփորփրել, քանի որ այդ դեպքում նշված շրջանի գործիչներից ոչ մեկը հնարավոր է չգտնվի, որ իր կենսագրության մեջ սեւ բծեր չունենա: Աշոտ Մելքոնյանը վստահեցրեց, որ Սարգիս Կասյանի անվան փողոցը շատ շուտ պիտի անվանափոխած լինեին. «Եթե այդ նույն տրամաբանությամբ շարունակենք, խոսքը կհասնի նաեւ Մյասնիկյանին եւ նույնիսկ Աղասի Խանջյանին, բայց այդ մարդկանց պետք է հանգիստ թողնել»:

Լենինգրադյան փողոցի հարցում պատմաբանի եւ այդ փողոցի բնակիչների մեծամասնության կարծիքները համընկնում են` պետք է փողոցն անվանափոխել: Այս առիթով պարոն Մելքոնյանն ասաց. «Լենինգրադյան փողոցի խնդրում երկրորդ կարծիք լինել չի կարող, դա պետք է շուտ փոխվեր: Պետք է շուտ փոխվեր նաեւ Սարգիս Կասյանի անվան փողոցը: Ասել, որ վառ անհատականություններից մեկն է եղել, որն արժանի է իր անունով փողոց ունենալու, այդպես չէ: Օրինակ` Ալեքսանդր Բեկզադյանը` Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի ժողկոմիսարը, շատ ավելի ազգային նկարագիր ունեցող գործիչ էր, քան Կասյանը, բայց նրա անունով չունենք փողոց»:

Այն փաստին, որ Կասյանի բնակիչների մեծամասնությունը չգիտի նրան, բայց չի ուզում, որ փողոցն անվանափոխեն, պարոն Մելքոնյանն այսպես արձագանքեց. «Ավագ սերնդի ներկայացուցիչները Կասյանին ընկալել են որպես Լենինի ժամանակակից, որը պետք է հեռագիր տար Լենինին, որ հայ ժողովուրդը նոյեմբերին ազատագրվեր դաշնակցական լծից: Ուստի որպես պետական, խորհրդային գործիչ` նրա նկարագիրն ամրացած է ավագ սերնդի գործիչների ուղեղներում, կրտսեր սերունդն էլ պատմություն վատ գիտի, եւ միայն իմանալով, որ բոլշեւիկ գործիչ է, դա բավարար են համարում, որ նրա անունով փողոց չլինի»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

24.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031