Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն Արցախին կապող նոր մայրուղին առաջ գնալու ճանապարհ է

Սեպտեմբեր 02,2017 16:00

Արցախի նախագահի խորհրդական
Տիգրան Աբրահամյանի հարցազրույցն «Առավոտին»

– Այսօր Հայաստանն Արցախին կապող նոր` Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացումն է, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Արցախի նախագահները: Ի՞նչ նշանակություն ունի այդ ճանապարհն Արցախի համար:

– Հայաստանն Արցախին կապող երկրորդ հիմնանորոգված ճանապարհը միանգամից մի քանի առանցքային խնդիրներ լուծեց. Շահումյանի, Մարտակերտի շրջանների՝ բոլոր առումներով աշխուժացումից մինչեւ անվտանգության ապահովման ու ամրապնդման հետ կապված հարցեր: Այս ճանապարհը հատկապես մեծ հեռանկարներ է բացել Արցախի համար առաջնահերթություն համարվող ուղղություններից՝ զբոսաշրջության առավել զարգացման համար, որի առաջին պտուղներն արդեն այս տարի նկատել են: Այս ոլորտը կտրուկ պոկում է արձանագրել եւ կայուն աճի մեծ նախադրյալներ ստեղծել. զբոսաշրջության զարգացման համար մեծ թվով ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել, որոշները ընթացքի մեջ են: Առաջիկայում նոր ենթակառուցվածքներ կստեղծվեն նաեւ նոր մայրուղու հարակից տարածքներում, ինչը հնարավորություն կտա բարձրորակ ծառայություններ մատուցել Արցախի այս հատվածներում գտնվող մարդկանց համար: Եթե կարճ ձեւակերպեմ ասելիքս, ապա սա բոլոր առումներով մեր առաջ գնալու ճանապարհն է:

– Կա՞ն այլ նախագծեր եւս, որոնք ինչ-որ չափով կնպաստեն Արցախի ապաշրջափակմանը, եւ եթե այո, ապա ե՞րբ կգործարկվեն դրանք:

– Չէի ցանկանա ասել, որ հաղթահարել ենք Արցախի շրջափակման արդյունքում ստեղծված բոլոր խնդիրները, սակայն գործուն քայլեր են ձեռնարկվել ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Պարենային անվտանգությունից մինչեւ էներգետիկ ինքնաբավություն. խոսուն են անշուշտ նաեւ տնտեսական ցուցանիշները:

– Պաշտոնական վիճակագրության համաձայն, նաեւ ականատեսների հավաստմամբ՝ Արցախում տնտեսական ակտիվություն կա: Ո՞րն է գաղտնիքը, որո՞նք են պատճառները, որ Արցախին առաջընթացի են մղում:

– Արցախի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած կիսամյակային ցուցանիշների համաձայն՝ 2017 թվականի առաջին 6 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 15% է կազմում: Տնտեսության գրեթե բոլոր ուղղություններում աճ է արձանագրվել` արդյունաբերություն, շինարարություն, զբոսաշրջություն, ծառայությունների ոլորտ եւ այլն: Երբ մենք խոսում ենք Արցախի անվտանգության ամրապնդման կարեւորության մասին, ապա պետք է նկատի ունենալ, որ տնտեսական զարգացումը անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչներից է եւ ուղիղ կապվածություն ունի բանակաշինության ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Այլընտրանք չունենք. պետք է անընդհատ համառորեն աշխատենք, փնտրենք ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում շահած դուրս գալու բաղադրատոմսը: Եվ ես կարծում եմ, որ ճիշտ ճանապարհով ենք շարժվում:

– Արցախյան հարցի կարգավորման շուրջ միջազգային կրքերը կրկին թեժ փուլում են: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ էր հետապնդում ԱՄՆ հեռացող համանախագահ Ռիչարդ Հոգլանդի` Մադրիդյան սկզբունքները հիշեցնելը Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ:

– Նախ չեմ կարծում, որ միջազգային հարթակներում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ կրքերը թեժ են: Միջազգային պրակտիկայում ընդունված ձեւ է՝ դիվանագետները հեռանալուց առաջ փորձում են ամփոփել արվածն ու չարվածը: Այս ամենը մի փոքր անսպասելի ակտիվ քննարկումների առարկա դարձավ հատկապես սոցիալական ցանցերում, սակայն շատ արագ թեման փակվեց: Այնպես որ, այս հայտարարությունը ես չէի կապի Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման հետ:

– Առաջիկայում նախատեսված՝ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կլինի հերթակա՞նը, թե՞ նախադրյալներ կան, որ այն բանակցային գործընթացը վերսկսելու հիմքեր կարող է ապահովել:

– Անկեղծ ասած, բանակցությունների վերսկսման վերաբերյալ մոտեցումներս այդքան էլ լավատեսական չեն, համենայնդեպս՝ գործընթացի վերակենդանացման միտումներ տեսանելի չեն: Այս փուլում Ադրբեջանի քաղաքականությունն առհասարակ շատ անորոշ է, անկանխատեսելի:

– Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն առաջնագծում:

– Վերջին երկու ամիսներին առաջնագծում կտրուկ ակտիվացում չի նկատվում, ակտիվ են միայն դիպուկահար խմբերը, որոնք սահմանագծի տարբեր ուղղություններում ժամանակ առ ժամանակ փորձում են իրավիճակը սրել, սակայն պաշտպանության բանակը «կրակի մարման» օպերատիվ քայլեր է ձեռնարկում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

01.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930