Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումը նոր դիմագիծ է ստացել Ռուսաստանում

Սեպտեմբեր 15,2017 13:30

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2012թ. կայացավ պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի լիբրետոյով, խորեոգրաֆիայով եւ գլխավոր դերապարով, Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ «Երազ» ներկայացման պրեմիերան (գործիքավորումը՝ Վահան Նահապետյանի), որը բեմադրված էր դասականի հենքով նեոկլասիկ ոճում: Երեւանի օպերային թատրոնում նման բեմադրությունների հեղինակ է նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը, որը ժամանակին գլխավոր բալետմայստերի իր պաշտոնավարման տարիներին ներկայացրեց «Տանգո», «Վարդանանք», «Կրքեր ըստ Բախի», «Ստաբաթ Մատեր» եւ «Պրիմավերա» աշխատանքները: 2015թ. թատրոնի երջանկահիշատակ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի խորհրդով ու գեղարվեստական խորհրդի հաստատմամբ «Երազը» ընդգրկվեց թատրոնի խաղացանկում:

Ժակլին Սարխոշյանն ու Արթուր Գեւորգյանը՝ «Երազում»:

Օրերս համացանցով տեղեկացանք, որ «Երազը» ներկայացվել է նաեւ Սանկտ Պետերբուրգում:

Մեզ հետ զրույցում հաստատելով այս լուրը, Էդուարդ Համբարձումյանը, որը Մարդու պտղաբերության կենտրոնի հիմնադիրն ու վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահն է, ասաց. «Մեկ տարի առաջ ՌԴ վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Վլադիսլավ Կորսակը դիտել էր այս ներկայացումը Մոսկվայի Երաժշտության տան Սվետլանովյան սրահում «Նովի բալետ» խմբի կատարմամբ, Սոնա Հովսեփյանի խորեոգրաֆիայով եւ իհարկե՝ Ժակլին Սարխոշյանի լիբրետոյով: Գլխավոր հերոսուհու կերպարն էլ մարմնավորել է ՌԴ ժողովրդական արտիստ Անաստասիա Պերշենկովան: Կորսակի առաջարկով օրերս ռուս արտիստները Սանկտ Պետերբուրգի «Nautilius» սրահում ներկայացրին «Երազը» Միջազգային վերարտադրողական բժշկության ասոցիացիայի հրավիրած կոնֆերանսի բացմանը, որին ներկա էին 2000 մասնակից շուրջ 100 երկրից»: Մեր զրուցակցի խոսքերով՝ «Երազի» հիմքում մեծ հաշվով մայրությունը՝ որպես հավերժություն տանող ճանապարհն է եւ մեկ անգամ եւս փորձ՝ արվեստի միջոցով բացահայտել կնոջ առեղծվածը, այն է՝ ինչ է ցանկանում նա:

Ավազային անիմատոր Աննա Ամասին:

Արվեստում տեղին չէ զուգահեռներ անցկացնել, այս դեպքում՝ նույն բեմադրության միջեւ, բայց, այնուամենայնիվ, ո՞րն է երաժշտության հեղինակին ավելի սրտամոտ՝ Ժակլին Սարխոշյանի՞, թե՞ Սոնա Հովսեփյանի բեմադրությունը: «Երկու աշխատանքներն էլ տարբեր են: Սարխոշյանը «խոսել» է նեոկլասիկ ոճով, Հովսեփյանը՝ աբստրակտ մոդեռնում… Մի բան կարող եմ փաստել. որ Սանկտ Պետերբուրգում մոտենում էին ինձ եւ առաջարկում «Երազը» ներկայացնել Չիկագոյում, Լոնդոնում… Հատկապես նշում էին, որ բեմադրության հաջողության գրավականներից մեկն անխոս ավազային անիմացիան էր, որը ըստ լիբրետոյի իրականացնում է Աննա Ամասին»: Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ Երեւանի թատրոնի «Երազը» չներկայացվեց Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում, ինչը անհամեմատ գումարային տեսանկյունից ավելի մատչելի կլիներ, քան նոր բեմադրությունը, Էդուարդ Համբարձումյանը պատասխանեց. «Իհարկե, ճիշտ կլիներ ներկայացվեր Երեւանի օպերային թատրոնի խաղացանկային այս ներկայացումը, բայց թույլ տվեք չխորանալ եւ ասել, որ մի շարք խնդիրներ ծագեցին: «Երազի» ռուսաստանյան տարբերակի կայացմանն աջակցեց «Երազ» պրոդակշընը՝ ի դեմս տնօրեն Սամվել Համբարձումյանի: Առաջիկայում ցանկություն ունեմ «Երազի» «հայկական տարբերակը» ներկայացնել ոչ միայն Ռուսաստանի քաղաքներում, այլեւ Արեւմուտքում»:

Անաստասիա Պերշենկովան (աջից երկրորդը)՝ բալետային խմբի հետ, ներկայացումից հետո:

Ինչու խաղացանկային «Երազը» վերջին անգամ Երեւանի թատրոնում ներկայացվել է 2016թ., մեր զրուցակիցը նշեց, որ այդ ընթացքում Ժակլին Սարխոշյանը պայմանագրով հրավիրված է աշխատանքի Բեյրութ ու օրերս ինքը մշակույթի նախարարի եւ օպերային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ հանդիպման ժամանակ համաձայնության են եկել առաջիկայում Սարխոշյանին հրավիրել՝ բեմադրությունը վերականգնելու նպատակով:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14.09.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930