Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ քրեածին տարրերը զենք կրեն՝ լինի օրինական թե անօրինական. Կարեն Քոչարյան. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 21,2017 12:16

Հարցազրույց քաղտեխնոլոգ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ

-Վերջին շրջանում մեզանում աշխուժացել են քրեական տարրերը՝ ընդհուպ մինչեւ հասարակական վայրերում միմյանց հետ հաշվեհարդար տեսնելն ու հրազեն օգտագործելը: Վերջերս Թուֆենկյան հյուրանոցի մերձակայքում հրազենից սպանություն եղավ, մեկն էլ ծանր վիրավորվեց: Դրանից առաջ էլ Էջմիածնում դարձյալ հրազենից մարդ էր սպանվել: Հիշենք նաեւ վերջերս Շամիրամ գյուղում սգո սրահում կրակահերթից սպանությունը: Այդ կրակոցների ու սպանությունների հետ կապված քրեական, այսպես կոչված, հեղինակությունների անուններ են շրջանառվում, իսկ դեպքերը բնութագրվում են որպես հաշվեհարդար: Ո՞րն է, ձեր դիտարկմամբ, նման իրավիճակի պատճառը։

-Երբ որեւէ հանցագործություն՝ լինի քրեական, տնտեսական, քաղաքական, անպատիժ է մնում, դրանց հաջորդում է երկրորդ, երրորդ, չորրորդ դեպքը, ու այդպիսի հանցագործությունները սովորական երեւույթ են դառնում: Այսինքն՝ այս ամենն անպատժելիության հետեւանք է:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեզանում հաճախ քրեական հեղինակությունները որեւէ ձեւով կապված են քաղաքական այս կամ այն գործչի, պաշտոնյայի հետ։ Այդ պատճառով է, որ կարողանում են խուսափել արդարադատությունից, ինչն էլ նրանց անձեռնմխելիության զգացում է ներշնչում:

Ասածիս հիմնավորումն այն է, որ մասնավորապես Թուֆենկյան հյուրանոցի մոտ եղած հաշվեհարդարը նախկինում տեղի ունեցած մեկ այլ հանցագործության տրամաբանական շարունակությունն է, ինչի մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնք, նկատենք, այդպես էլ չհերքվեցին: Եթե այդ հանցագործությունը բացահայտվեր, մեղավորներն իրենց պատիժը կրեին, ապա վերջինը հնարավոր կլիներ կանխել:

Եթե իրավապահները հանցագործությունները չեն կանխում, վաղ թե ուշ մեկի ձեռքով կատարված սպանությունը պետք է վերածվի վենդետայի, վրեժխնդրության: Այսինքն՝ սպանվածի հարազատները սպանողից մահացածի վրեժը պետք է լուծեն: Դա չգրված օրենք է:

Իհարկե, քաղաքակիրթ երկրում հանցագործությունը դատապարտվում է դատուդատաստանի միջոցով: Իսկ որտեղ քաղաքակրթության մեխանիզմները չեն կիրառվում, քրեական հեղինակություն կոչվածները բարձրաստիճան հովանավորյալներ ունեն կամ էլ հենց իրենք են որոշակի պաշտոններ զբաղեցնում, վայրագ մեթոդներն են գործի դրվում: Զարմանալ պետք չէ:

Մեզանում խնդիր է նաեւ քրեական հեղինակություն կոչվածների եւ ընդհանրապես ամեն պոտենցիալ հանցագործի, չհավասարակշռված մարդու ձեռքը զենք հանդուրժելը: Արդյոք հնարավոր չէ՞ այդ մարդկանց զրկել զենք կրելու իրավունքից:

Ընդհանրապես Հայաստանում զենք կրելու իրավունքի մասին օրենքն է հարկավոր վերանայել ու խստացնել: Իսկ եթե զենքն անօրինական է, ապա առավել եւս այդտեղ ոստիկանությունը մեծ անելիք ունի: Ես չեմ հավատում, որ մեր իրավապահ մարմինները ընդամենը մեկ օրում կամ մեկ շաբաթում չեն կարող հավաքել երկրում եղած անօրինական զենքերը եւ քրեական մեծ ու փոքր տարրերին չեզոքացնել, զրկել հրազենային հաշվահարդարների հնարավորությունից:

Մենք հայտարարում ենք, թե Հայաստանն աշխարհի ամենաապահով, անվտանգ երկրներից է, ուրեմն ինչո՞ւ ենք թույլ տալիս, որ քրեածին տարրերը զենք կրեն՝ լինի օրինական թե անօրինական: Մյուս կողմից էլ, եթե այստեղ անվտանգ է ապրելը, ապա մարդկանց զենք կրելու թույլտվությունն ի՞նչ նպատակ կարող է հետապնդել: Քաղաքացիների անվտանգությանն այստեղ ոչինչ չի սպառնում, ուստի ինչո՞ւ նրանք պետք է շահագրգռված լինեն զենք ձեռք բերել:

Հասկանալի է, որ զենք ունենալը բոլորովին այլ նպատակ է հետապնդում։ Եթե ոստիկանությունը ուսումնասիրի ու հրապարակի արդյունքները, ապա ակնհայտ կլինի, որ զենքը կենտրոնացած է իսկապես քրեական տարրերի ձեռքում: Ի վերջո, զենքի կիրառության, սպանության դեպքերը հենց նրանց, ոչ թե շարքային մարդկանց անունների հետ են առնչվում:

 Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930