Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայեցակարգը կանցնի, կգնա կմոռացվի, մենք էլի կշարունակենք լավ իմանալ հայերեն, ռուսերեն, անգլերեն». Տիգրան Հակոբյան

Սեպտեմբեր 28,2017 16:23

«Հայաստանը ռուսախոս երկիր դարձնել չի ստացվի»,- այսօր «Հոդված 3» ակումբում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը:

Ըստ նրա, սա լավ առիթ է՝ մեր լեզվի խնդիրների մասին խոսել. «Հայեցակարգը կանցնի, կգնա կմոռացվի, մենք էլի կշարունակենք լավ իմանալ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Ռուսաց լեզուն կապում են կայսերական ազդեցությունների հետ: Բայց ես այստեղ քաղաքական բաղադրիչ չեմ ուզում տեսնել: Եթե վաղը մոնղոլական լեզուն աշխարհում լայն տարածում ստանա, մենք պետք է նստենք եւ սովորենք մոնղոլերենը»:

Նա ասաց, որ ինքը չի գերագնահատում այն վտանգները, որ գալիս են հայեցակարգից:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ «Մենք տեսել ենք վերջին տարիներին, որ անընդհատ ՌԴ տարբեր պաշտոնյաներ հայտարարություններ են ունեցել սրա հետ կապված, որ երկրորդ պետական լեզուն սարքեք ռուսերենը, եթե ուզում եք ձեր վարորդները այստեղ աշխատեն, լեզվին կարգավիճակ տվեք եւ այլն: Անընդհատ այս խնդիրը բարձրացվում է ՌԴ պաշտոնյաների կողմից եւ մինչեւ հիմա կտրուկ արձագանք է եղել: Բայց կտրուկ արձագանքի հետ մեկտեղ այս հայեցակարգը վտանգներ է պարունակում»:

Ըստ Արայիկ Հարությունյանի, հայեցակարգում մի շատ վտանգավոր դրույթ կա, որով փորձում են շրջանցել Լեզվի եւ հանրակրթության մասին օրենքով օտարալեզու դպրոցների սահմանափակումը: Հայեցակարգով հիմք են դնում, որով շատ շուտ կարող են գալ եւ ասել, որ Հանրակրթության մասին օրենքը պետք փոխվի եւ օտարալեզու դպրոցների թիվը պետք է փոխվի: Հիմա օտարալեզու դասարանների միջոցով փորձում են ռուսաց լեզուն տարածել, թիվը կմեծացնեն, հետո կասեն՝ պահանջարկը կա:

Արայիկ Հարությունյանն ասաց, որ հայեցակարգում հիմնավորումները անտրամաբանական են. «Նախկինում ԿԳՆ-ն, կառավարությունը բազմաթիվ օրենքներ, որոշումներ են ընդունել, որով օտար լեզուների դասավանդումը հստակ սահմանված է: Մենք խնդիր ունենք հանրակրթության հետ, ոչ թե օտար լեզուների դասավանդման: 90-ականներից եկած մեր հանրության որոշ մասի օտարամոլության բաղձանքի հետ նրանք խաղում են, ասում են՝ ձեր երեխաները օտար լեզուներ լավ չեն սովորում: Ամենեւի՛ն: Չկան լավ մասնագետներ: Սա գավառական կարոտախտի հիման վրա գրված հայեցակարգ է:Այս հայեցակարգի կնքամայրերից մեկը՝ Լիլիա Բալասանյանը երեկ խոսում էր: Նա ասում էր՝ ես օդանավակայանում տեսա մի ռուս սպայի, նա ասաց, որ ես հոգով հայ եմ, դրա համար մենք պետք է ընդունենք այս հայեցակարգը: Ու իրենք էլ հայեցակարգը գրել են այդ նույն տրամաբանությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930