Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտի հիմնական ձեռքբերումներն ու առաջնահերթությունները, ընդգծել է, որ 29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը։ Մինչև 2031 թվականը նախատեսվում է Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկել ևս 5 հուշարձան կամ հուշարձանախումբ։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկումը ոչ միայն միջազգային ճանաչելիության, այլև կառավարման որակի բարձրացման հնարավորություն է, քանի որ կարևոր պայմաններից է նաև հուշարձանների պատշաճ կառավարման համակարգի առկայությունը»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։
Ներկայում աշխատանքներ են իրականացվում պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի մարզի ժայռափոր բնակավայրերի հայտերի մշակման ուղղությամբ։ Նախատեսվում է առաջադրել նաև հայկական ամրոցներից մեկը: Շարունակվում են նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման աշխատանքները։ Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում ընդգրկման ներկայացնել ևս երկու տարր։
Անդրադառնալով արդեն արձանագրված արդյունքներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է «Արենի-1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունը Արփա գետի կիրճում» հայտը, ինչպես նաև Իրանի հետ համատեղ ներկայացված՝ անձրևի և ջրի հետ կապված ավանդույթներին վերաբերող հայտը, որը հնարավորություն է տալիս միջազգային հարթակում հանրահռչակելու նաև Վարդավառի հայկական ավանդույթը։
Կարդացեք նաև
2027 թ․ հուշարձանների ամրակայմանը և վերականգնմանը կհատկացվի շուրջ 1.79 մլրդ դրամ
Նախարարի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են հուշարձանների վերականգնման պետական հատկացումները։ Եթե 2022 թվականին այդ նպատակով տրամադրվել է 213 մլն դրամ, ապա 2025 թվականին ֆինանսավորումը հասել է 1.386 մլրդ դրամի՝ աճելով շուրջ 6.5 անգամ։ Իսկ 2027 թվականին հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է շուրջ 1.79 մլրդ դրամ։ Աշխատանքներ կիրականացվեն 21 հուշարձանում, որոնցից 13-ում կշարունակվեն արդեն մեկնարկած ծրագրերը, իսկ 8-ում կսկսվեն նոր աշխատանքներ։ Մինչև 2031 թվականի ավարտը նախատեսվում է վերականգնել ևս 40 հուշարձան։
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Հայաստանում վտանգված հուշարձանների թիվը հասնում է մի քանի հարյուրի, ուստի անհրաժեշտ է պահպանել վերականգնման աշխատանքների տեմպը։ Միաժամանակ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում վերականգնման աշխատանքներ են իրականացվում ևս 9 պատմամշակութային հուշարձանում։
Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով
Մշակույթի ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր ուղղություններից են աշխատակիցների մասնագիտական զարգացումն ու վարձատրության բարձրացումը։
Թանգարաններում արդեն ընթանում է աշխատակիցների ատեստավորման գործընթացը, իսկ գրադարաններում այն նախատեսվում է իրականացնել 2027 թվականին։ Ատեստավորումը հնարավորություն կընձեռի բարձրացնելու աշխատակիցների վարձատրությունը՝ մասնագիտական զարգացման արդյունքների հիման վրա։
Անդրադառնալով ժամանակակից արվեստին՝ նախարարը կարևորել է մշակութային միջոցառումների բազմազանությունը, թատերական և համերգային գործունեության ընդլայնումը, ինչպես նաև մշակութային կյանքի ապակենտրոնացումը։ Առաջիկա տարում նախատեսվում է թատրոններում հանդիսատեսի թվի շուրջ 20 տոկոս աճ։
Միաժամանակ շարունակվում է մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելների ներդրումը՝ խրախուսելով սեփական եկամուտների ավելացումն ու ֆինանսական ինքնուրույնությունը։
Նախարարի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին, 2022 թվականի համեմատ, թատրոնների սեփական եկամուտներն աճել են 1.75 մլրդ դրամով կամ 152 տոկոսով, համերգային կազմակերպություններինը՝ 745 մլն դրամով կամ 153 տոկոսով, իսկ թանգարաններինը՝ 859 մլն դրամով կամ 112 տոկոսով։
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ այս արդյունքները վկայում են ֆինանսավորման նոր մոտեցումների արդյունավետության մասին՝ միաժամանակ նպաստելով ստեղծագործական անձնակազմերի վարձատրության բարձրացմանը։
Նախարարն ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է կատարելագործել ֆինանսավորման նոր մոդելը և դրա հնարավորությունները հասանելի դարձնել մշակութային բոլոր հաստատություններին։
Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կինեմատոգրաֆիայի ոլորտի զարգացմանը՝ ընդգծելով Հայաստանում կինոարտադրությունը մրցունակ արդյունաբերության վերածելու ներուժը։
Այս ուղղությամբ կարևոր գործիք է կինոարտադրության ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որն արդեն նպաստում է Հայաստանում նոր կինոնախագծերի իրականացմանը։
Նախարարի տեղեկացմամբ՝ ստացվել է 11 ֆիլմի հայտ, որոնցից 5-ի համար արդեն իրականացվել է ավելի քան 100 մլն դրամի ներդրումների մասնակի վերադարձ։ Մյուս հայտերով փոխհատուցումները նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում։
Նախարարն ընդգծել է, որ մշակույթի ոլորտում պետական քաղաքականությունը շարունակելու է միաժամանակ կենտրոնանալ պատմամշակութային ժառանգության պահպանության, մշակութային կյանքի բազմազանության, մարզային մշակույթի զարգացման, մշակութային ու ստեղծագործական ոլորտների տնտեսական ներուժի ընդլայնման ուղղություններով։
Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ ԱԺ-ում քննարկվում է 2027 թ. բյուջեն
Բուհական համակարգի բարեփոխումները լինելու են Կառավարության ծրագրի տվյալ փուլի ամենակարևոր անելիքներից մեկը։ Արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել մի քանի նախագիծ, այդ թվում՝ կրթաթոշակային համակարգի նախագիծը, որն արտացոլում է այդ ուղղությամբ պետության ուղերձները։
«Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում 2027 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ներկայացնելով նախարարության ոլորտային հայտը։
Նախարարը հավելել է, որ ներկայացվել է նաև բարձրագույն կրթության համակարգի կազմակերպման կարգը, որն ամփոփում է ընդունելության, ուսումնական գործընթացի կազմակերպման և բուհերի ամենօրյա աշխատանքի կարևոր հանգամանքները։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ բուհական բարեփոխումները մտնում են վճռորոշ փուլ, և առաջիկայում այդ ուղղությամբ կլինեն էական ու տեսանելի տեղաշարժեր։ Նա նաև հիշեցրեց, որ պայմանագրեր են կնքվել միջազգային հեղինակավոր բուհերի, ինչպես նաև QS վարկանիշավորման համակարգի հետ, որն ուղղված է բուհերի վարկանիշային առաջխաղացմանը։
Ակադեմիական քաղաքի շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարի՝ ուսանողական կացարաններից
Նախարարի նշմամբ՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն ամենակարևոր անելիքներից է։ Հաջորդ տարի նախատեսվում է մեկնարկել շինարարական աշխատանքները՝ սկսելով ուսանողական կացարաններից, որոնք առաջին փուլում նախատեսված են 3600 ուսանողի համար։
«Սա հնարավորություն կտա մինչև ակադեմիական քաղաքի ամբողջական ենթակառուցվածքների հասանելի դառնալը կացարանները տրամադրել մեր այսօրվա ուսանողներին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ կացարանների հարցը բազմաթիվ ուսանողների համար սոցիալական լուրջ խնդիր է։
Բացի այդ՝ ընթացքի մեջ են ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ստեղծման, ինչպես նաև անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ ոռոգման համակարգի, էլեկտրական ցանցի և մյուս ուղղություններով աշխատանքները, և որոշ ուղղություններով արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր։
Գիտության ոլորտում մեկնարկած ծրագրերը կշարունակվեն
Անդրադառնալով գիտության ոլորտին՝ նախարարը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում գործադիրն ընդունել է լրացուցիչ ֆինանսավորմանն ուղղված երեք որոշում, որոնցից վերջինը վերաբերում է պետություն-մասնավոր հատված համագործակցությանը։
«Սա վկայում է այն մասին, որ տարեսկզբին հաստատված գիտության ոլորտի ռազմավարությունն իրականացվում է նախատեսված տրամաբանությամբ։ Նոր ծրագրերն ուղղված են լինելու գիտելիքի առևտրայնացմանը, մասնավոր հատվածի ներգրավմանը և գերակա ուղղություններով գիտական կարողությունների զարգացմանը։ Ոլորտում արդեն իսկ արձանագրվել են լուրջ արդյունքներ ինչպես երիտասարդների ներգրավման, այնպես էլ միջազգային համագործակցության տեսանկյունից»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ արդեն մեկնարկած ծրագրերի շարունակականությունն ապահովվելու է։
Մշակվում է հայերենի իմացության ստուգման և գնահատման նոր համակարգ՝ հայկական TOEFL
Կառավարությունը շարունակում է ակտիվորեն աշխատել լեզվական քաղաքականության ուղղությամբ, ինչն արտացոլված է նաև պետական բյուջեում։ Մասնավորապես՝ ընթացքի մեջ են հայերենի իմացության ստուգման և գնահատման ունիվերսալ համակարգի /հայկական TOEFL/ մշակման աշխատանքները, որն օգտագործվելու է նաև ընդունելության գործընթացում։ Նախատեսվում է 2027 թվականից փուլային տարբերակով իրականացնել համակարգի փորձարկումն ու ներդրումը, ինչը կօգնի սահմանել պետական չափորոշիչները։ Այս ինստիտուցիոնալ մեխանիզմները կկարգավորեն քաղաքացիության և ռեզիդենտության հետ կապված գործընթացներն ինչպես սփյուռքի հայրենակիցների, այնպես էլ Հայաստանի քաղաքացիություն հայցող այլ անձանց համար։
«Մեր աշխատանքների կարևոր ուղղություններից է հայերենի թվային կենսունակության բարելավումը։ Տեխնոլոգիական զարգացման ներկա պայմաններում սա հայերենի կենսունակության ապահովման կարևորագույն նախապայմաններից է»,- ասել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ դեռևս 2025 թվականից Երևանի պետական համալսարանում ֆինանսավորվում են հայերենի լեզվական տեխնոլոգիաների հետազոտությունները և արդեն իսկ նկատելիորեն բարելավվել է արհեստական բանականության համակարգերում հայերենի իմացությունը։ Թվային շտեմարաններում լեզվական կառուցվածքների որակյալ ներկայացումը նվազեցնում է թարգմանություններից ունեցած կախվածությունը և ստեղծում որոշակի ինքնաբավության հիմքեր։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



















































