Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը

Նոյեմբեր 06,2026 13:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Կիպրոսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Իննա Թորգոմյանը, ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության դեսպան Միքայել Մավրոսը և երկու նախարարությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստան-Կիպրոս պատմական ու բարեկամական կապերը՝ վստահություն հայտնելով, որ այցը նոր խթան կհաղորդի կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության խորացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը։

Աթենա Միխայիլիդուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև ձևավորված հարաբերությունների ամրապնդման և ոլորտային փոխգործակցության զարգացման կարևորությունը։

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող կրթական բարեփոխումները, այդ թվում՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, ուսուցիչների մասնագիտական զարգացման, դասագրքերի արդիականացման և կրթական ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Աթենա Միխայիլիդուն ևս անդրադարձել է Կիպրոսում ընթացող կրթական բարեփոխումներին՝ կարևորելով այս ուղղությամբ փորձի փոխանակումը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության համակարգում արհեստական բանականության գործիքների կիրառմանը։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է FAST հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը, ԵՊՀ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի գործունեությունը, ինչպես նաև ՀՀ երեք բուհերում ներդրվելիք Ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման յոթամյա կրթական ծրագիրը։ Կիպրոսի ԿՍԵ նախարարը ներկայացրել է եվրոպական գործընկերների հետ ուսուցիչների համար ԱԲ կիրառման ուղեցույցների մշակման փորձը՝ պատրաստակամություն հայտնելով դրանք փոխանցելու հայկական կողմին։

Քննարկվել են նաև համալսարանների միջև գործընկերության, ակադեմիական փոխանակումների, համատեղ հետազոտությունների և կրթական ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Կիպրոսի համալսարանում հայագիտական ուսումնասիրությունների զարգացման նախաձեռնությանը։ Կողմերը քննարկել են նաև միջին մասնագիտական կրթության զարգացմանն ու աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը, ոչ ֆորմալ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր։

Այս համատեքստում ներկայացվել է ԹՈՒՄՈ և ՔՈԱՖ կենտրոնների, ինչպես նաև ավելի քան 600 դպրոցներում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գործունեությունը։

Կարևորվել են նաև երիտասարդության ոլորտում համատեղ ճամբարների և փոխանակման ծրագրերի իրականացումը, սպորտի ոլորտում համատեղ ուսումնամարզական հավաքների անցկացումը։

Անդրադարձ է եղել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսվող սպորտային խոշոր միջոցառումներին, այդ թվում՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը, Ֆրանկոֆոնիայի խաղերին և ծանրամարտի աշխարհի առաջնությանը։

Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը և Աթենա Միխայիլիդուն ստորագրել են կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների ոլորտային կառույցների միջև գործընկերային կապերի ամրապնդման համար։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30