Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մռութ ջարդող» հանձնաժողովի անդամին չպատժելու «Առավոտի» բողոքը դատարանում է

Սեպտեմբեր 29,2017 19:42

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Պապոյանի նախագահությամբ քննվում է «Առավոտի» բողոքը՝ մեր կայքում տեղադրված «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր» հրապարակման հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում քրեական գործ հարուցելը մերժելու որոշման դեմ:

Դատարանից մենք պահանջում ենք վերացնել հետաքննիչ Հալլաբյանի որոշումը եւ հանձնարարել վարույթն իրականացնող մարմնին` շարունակել քրեական գործով քննությունը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու վերջին ընտրություններին 7/46 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Արայիկ Գեւորգյանը հարձակվել էր «Առավոտի» լրագրողի վրա, սպառնացել ու վիրավորել, ասելով՝ «տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր, թուլին նայի, անգրագետ» եւ այլն: Եվ Մալաթիայի ոստիկանության բաժնի քննիչ Հալլաբյանը որոշում էր կայացրել մերժել քրգործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Ընդ որում՝ որոշման օրինակն էլ մեզ չէին տրամադրել, որ կարողանայինք բողոքարկել այն: Միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությամբ է այն մեզ տրամադրվել՝ դատախազության կողմից:

Դատական նիստում դատավորը քննիչ Հալլաբյանին հարցրեց՝ ինչո՞ւ որոշումը չեք տրամադրել: Նա պատասխանեց, թե քրգործը հարուցվել է դատախազության տրամադրած նյութերի հիման վրա: Դատավորը զարմացավ՝ հրապարակումը հո Aravot.am-ինն է, մարդիկ որ գրել են, նշանակում է գտել են, որ խախտում կա, շահագրգռված են, ու եթե որոշման օրինակը չէիք տրամադրում, բա ինչպե՞ս պիտի մարդը կարողանար բողոքարկել այդ որոշման դեմ:

Հետո դատավորն ասաց՝ եթե դատախազությունը տրամադրել է որոշման օրինակը, նշանակում է որեւէ օրինախախտում չկա, դատախազությունը օրենք չի խախտել, չէ՞, ուստի ինչո՞ւ դուք չեք տրամադրել: Հալլաբյանը պատասխանեց, որ լրագրողին, այսինքն՝ ինձ, ասել է, որ եթե դիմում գրեք՝ կստանաք, բայց ես չեմ գրել:

Մինչդեռ մենք դատավորին ներկայացրինք 02.06.2017թ. մակագրված եւ մուտքագրված Ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Զոհրաբյանին հասցեագրված մեր դիմումի օրինակը, որտեղ խնդրում ենք մեզ տրամադրել որոշման օրինակը: Այդ դիմումը այդպես էլ մնացել էր անպատասխան: Հալլաբյանը պատասխանեց, որ չի իմացել, բաժնից կճշտի, թե ինչ է եղել դիմումը:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 6-ին, մինչ այդ կողմերը կծանոթանան գործի նյութերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930