Լրահոս
Օրվա լրահոսը

Կատալոնիա, Քրդստան, Ղարաբաղ. BBC-ի անդրադարձը

Հոկտեմբեր 02,2017 23:54

BBC-ն ծավալուն հոդված է հրապարակել «Քրդստանից մինչև Կատալոնիա. գնալ պետք չէ մնալ» վերտառությամբ, որում հոդվածագիր Միխայիլ Սմոտրյայևը փորձում է այդ թվում Արցախի Հանրապետության օրինակով ցույց տալ, որ, անկախ միջազգային ճանաչումից, ինքնահռչակ պետությունները կարող են գոյություն ունենալ:

Անկախները և ոչ այնքան

Հանրաքվեի հայեցակարգը, թվում է, երկրորդ շնչառություն է ստացել: Սկզբում Շոտլանդիան, հիմա՝ Քրդստանն ու Կատալոնիան, իսկ հետո, ով գիտի, բասկերն ու ֆլամանդացիները:

Ընդհանրապես, այս առումով միջազգային հանրությունը փորձ ունի: Կոսովոյի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 1991թ.:

Իհարկե, հանրաքվեից հետո անցավ 17 տարի, մինչև հենց անկախության հռչակումը, բայց 2008թ. հետո Կոսովոն ճանաչել է ավելի քան 110 պետություն, նրանց կեսը՝ անկախության հռչակման հենց առաջին տարվա ընթացքում:

Էրիթրեայի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել 1993թ., չնայած դրան նախորդել է հանուն անկախության զինված պայքարի ավելի քան 30 տարի: Հանրաքվեից հետո մեկ ամսվա ընթացքում երկիրը պաշտոնապես ճանաչվել է ՄԱԿ-ի կողմից:

2011թ. հանրաքվեի արդյունքում քարտեզի վրա հայտնվել է Հարավային Սուդանը:

Հարկ է հիշեցնել նաև Արևելյան Թիմորը, որը նույնպես անկախություն է ստացել 1999թ. համենայն դեպս, ֆորմալ կերպով: Արևելյան Թիմորը ինքնիշխան պետություն է ճանաչվել 2002թ., սակայն մինչ օրս երկրում կարգ են պահպանում խաղաղապահները, գլխավորապես ավստրալացիները:

Սակայն մի շարք ինքնահռչակ պետություններ մինչ օրս չեն ճանաչվում միջազգային հանրության կողմից ընդհանրապես կամ ճանաչվում են պայմանականորեն:

Խոսքը Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի և Սոմալիլենդի մասին է: Ցուցակում է նաև 2014թ. Ղրիմի հանրաքվեն, որի արդյունքում թերակղզին փաստացի հայտնվել է Ռուսաստանի կազմում, բայց աշխարհը դա չի նկատել:

Բոլո՞րը կարող են առանձնանալ

Ընդհանրապես նոր պետական կազմավորման ճանաչումը գլխավոր հանգամանքն է, որով որոշվում է նրա հետագա կենսունակությունը:

«Կոսովոյի անկախությունը ճանաչել են աշխարհում գոյություն ունեցող պետությունների մեծ մասը,- հիշեցնում է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոցենտ Գլեբ Բոգուշը:- Բայց այլ դեպքերում մենք տեսնում են, որ նոր պետությունները ճանաչվում են միայն նույնպիսի չճանաչված պետությունների կողմից: Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ Կատալոնիայի անկախությունը հազիվ թե ճանաչվի Եվրամիության գոնե մեկ պետության կամ միջազգային հանրության քիչ թե շատ նշանակալի մասի կողմից: Գոյություն ունի քաղաքական փորձ՝ հիմնված նրա վրա, որ պետություններին առավել հարմար է պաշտպանել այդպիսի ստատուս-քվոն»:

Սահմաններ վերափոխումը, հատկապես եվրոպական մայրցամաքում, որտեղ դա նախկինում անխուսափելիորեն հանգեցնում էր պատերազմի, անխուսափելի է: Այդ ոլորտում միջազգային իրավունքի երկու որոշիչ դրույթները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, գոյություն ունեն մեկը մյուսից անկախ: Խիստ որոշված միջազգային իրավունք՝ դրանցից մեկի առաջնահերթության վերաբերյալ գոյություն չունի:

«Հետևաբար և՛ Կատալոնիայի, և՛ Քրդստանի դեպքում առանցքային հարցն այն է, թե ինչպես այդ հանրաքվեին կվերաբերեն այն պետությունները, որոնց հետ Կատալոնիայի և Քրդստանի իշխանությունները կցանկանան հարաբերություններ կառուցել,- կարծում է իրավական գիտությունների թեկնածու, փաստաբան Սերգեյ Գոլուբոկը: – Արդյո՞ք նրանք կհետևեն Իսպանիայի և Իրաքի սահմանադրական կարգին, որը միանշանակ այդ միակողմանի գործողությունները ճանաչում է անօրինական, թե՞ հաշվի կառնեն ժողովուրդների ինքնորոշմանն իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների մասին միջազգային փաստաթղթերում»:

Հետաքրքիր է, որ հաջող, այսինքն` միջազգայնորեն ճանաչված անկախությունների հռչակման վերջին ալիքն ավարտվեց մեր հազարամյակի սկզբին: Դրանից հետո միակողմանիորեն անկախություն հռչակելու փորձերը Արևմուտքում դադարեցին ողջունելի լինել:

Շատ քաղաքագետներ այսօր աշխարհում, հատկապես արևմտյան երկրներում, ազգայնականության աճը դիտարկում են որպես տասնամյակների ընթացքում ձևավորված աշխարհակարգի հետ կապված ավելի լայն հիասթափության դրսևորում, այսպես կոչված՝ «վերադարձ արմատներին», կարոտաբաղձություն անցյալի նկատմամբ, երբ խոտը ավելի կանաչ էր, ջուրը՝ ավելի թաց։

Սրան են վերաբերում նաև Եվրամիությունում կենտրոնախույս շարժումները (որոնք անցյալ տարի գագաթնակետին հասան Մեծ Բրիտանիայի հանրաքվեով) և բացահայտ ազգայնական կուսակցությունների ժողովրդականությունը, ինչպես նաև «բազմամշակութայնության» տապալման լուռ խոստովանությունը:

«Միջազգային հանրության նախնական դրական վերաբերմունքը նման իրադարձությունների նկատմամբ պայմանավորված է նրանով, որ դրանք գաղութային համակարգի տապալման մասնավոր դեպքեր էին: Եվ մինչ օրս շատ իրավագետ-միջազգայնագետներ ինքնորոշման սկզբունքի կիրառությունը սահմանափակում են հենց այսպես կոչված «գաղութային» դեպքերով»:

Ինքնորոշու՞մ, թե՞ ամբողջականություն

Կարևոր է նաև այն, թե կոնկրետ ինչպես է տեղի ունեցել ժողովրդական կամարտահայտումը: Միջազգային հանրության նկրտումները Ղրիմի հանրաքվեի նկատմամբ, օրինակ, կապված են, այդ թվում այն բանի հետ, թե ինչպես է այն կազմակերպվել, էլ չասած՝ թերակղզու տարածքում լավ զինված «քաղաքավարի մարդկանց» առկայությունը:

Ի դեպ, Արևելյան Թիմորի հանրաքվեն նույնպես առանց զինվորականների չի անցկացվել, սակայն նրանք այնտեղ էին ՄԱԿ-ի մանդատի տակ:

Կատալոնիայի և Քրդստանի հանրաքվեները միջազգային իրավունքի տեսանկյունից օրինական են, ասում է Սերգեյ Գոլուբոկը: «Անկասկած, կատալոնացի և քուրդ ազգեր գոյություն ունեն, և որ կարևոր է, նրանք իրենց դիրքորոշումը հայտնել են խաղաղ ճանապարհով՝ ընտրված, լեգիտիմ ներկայացուցիչների միջոցով»,- ասել է նա՝ նշելով, որ երկու տարածաշրջաններում էլ հանրաքվեն արտահայտում է ժողովրդի կամքը:

Կատալոնիայի և Քրդստանի դեպքում իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այն պետությունների սահմանադրությունները, որոնց կազմում նրանք գտնվում են, արգելում են երկրի կազմալուծմանն ուղղված գործողություններ: Եվ եթե Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ էր ճանաչել  2014թ. Շոտլանդիայի հանրաքվեի արդյունքները և դրա դրական արդյունքի պարագայում խորհրդակցություններ սկսել Շոտլանդիայի խորհրդարանի հետ՝ այդ արդյունքները կյանքի կոչելու համար, ապա ո՛չ Իրաքում, ո՛չ Իսպանիայում կառավարությունները պատրաստ չեն քննարկել այդ թեման:

Մադրիդը տիտանական ջանքեր էր գործադրում՝ թույլ չտալու քվեարկության անցկացումը, իսկ Իրաքում այն հնարավոր դարձավ, ըստ հետազոտողների, միայն կենտրոնական իշխանությունների թուլության պատճառով, որոնք մշտական պայքար էին մղում այսպես կոչված «Իսլամական պետության» արմատականների դեմ, որոնց, ի դեպ, երկրից վտարելու գործում նպաստեցին քրդական ինքնապաշտպանական ջոկատները:

Եվ Կատալոնիայի գլոբուսը

Անկախության միակողմանի հռչակումը ոչ հեշտ ճանապարհ է դեպի երջանկություն:

Չճանաչված պետությունը չի կարող անդամակցել ՄԱԿ-ին կամ ԵՄ-ին, չի կարող օգտվել միջազգային ֆինանսական ինստիտուտների ծառայություններից, նրա քաղաքացիները ավելի քիչ իրավունքներ ունեն՝ մյուս երկրների քաղաքացիների համեմատությամբ:

Կա նաև հավանականություն, որ կարող են տարածքային վեճեր առաջանալ նորանկախ պետության և նրա հարևանների միջև, իսկ դա հետագայում կարող է հանգեցնել արյունահեղության:

Կան նաև տնտեսական բարդություններ. փոխանակման չենթարկվող արժույթ, ներդրումներ գրավելու դժվարություններ, տնտեսական պատժամիջոցներ մոտ հարևանների կողմից, երբեմն էլ պարզապես առևտրային շրջափակում:

Բայց նման պետությունը միանգամայն կարող է գոյությունը պահպանել:

«Անհավանական ոչինչ չկա այնպիսի իրավիճակում, երբ միակողմանի անկախություն հռչակած, բայց այլ պետությունների կողմից չճանաչված, հետևաբար իրավական տեսանկյունից պետության կարգավիճակ չունեցող պետական կազմավորումը շարունակում է դե ֆակտո գոյություն ունենալ իր տարածքների արդյունավետ վերահսկողության արդյունքում»,- մեկնաբանում է Սերգեյ Գոլուբոկը:

Դրա լավ օրինակ է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական պետությունը, որը Թուրքիայի և Իսլամական համագործակցության (որի մեջ այն մտնում է որպես դիտորդ) կազմակերպությունից բացի՝ ոչ մեկի կողմից չի ճանաչվում: Ինչը չի խանգարում նրան գոյություն ունենալ 1975թ. ի վեր (իհարկե, Թուրքիայի ակտիվ աջակցությամբ):

Կղզու վերամիավորման հանրաքվեի ծրագիրը, որը հայտնի էր որպես «Անանի ծրագիր», 2004թ. տապալվեց: Իսկ կենսամակարդակը, թեև բարձր չէ, բայց չի զիջում միջազգայնորեն ճանաչված Արևելյան Թիմորին և Էրիթրեային:

Մեկ այլ օրինակ է Լեռնային Ղարաբաղը: Այն ճանաչում են միայն Հարավային Օսիան, Աբխազիան և Մերձդնեստրը, այսինքն` այն պետական միավորումները, որոնք իրենք էլ խնդիրներ ունեն միջազգային ճանաչման հետ:

Ու նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանն է կոչ արել Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: Սակայն միջազգային ճանաչման բացակայությունը և ՄԱԿ-ում տեղ չունենալը չեն խանգարում Ղարաբաղին գոյություն ունենալ, չնայած՝ ոչ առանց դժվարությունների:

Այնպես որ, անկախ Կատալոնիան նույնպես կարող է հայտնվել քարտեզներում: Հրատարակված Կատալոնիայում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031