Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վազգեն Սարգսյանի առաջարկը մերժեցին, Վիգեն Սարգսյանինն ընդունում են

Հոկտեմբեր 05,2017 15:00

18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու պաշտպանության նախարարի նոր առաջարկը ողջունում են, ավելին՝ պահանջում են սփյուռքահայերին կանչել ծառայելու:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն օրերս ներկայացրեց 18 տարեկան տղաներին տարկետման իրավունքի տրամադրման նոր հայեցակարգը եւ ներկայացրեց «Զինվորական ծառայության» ու «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ այդմ, նախարարը նշեց, որ տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Ընդ որում, դրա համար նա ստանալու է աշխատավարձ եւ պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաեւ մագիստրատուրայի համար: Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում:

Հայտնի է, որ տարկետումը հանելու եւ 18 տարեկան բոլոր տղաներին բանակ տանելու մասին բազմաթիվ նախագծեր են եկել ԱԺ, ու բոլորը մերժվել են, քաղաքական կոնսենսուս չի եղել: Վերջին նման նախագիծը ներկայացրել էին Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը, կառավարությունն ասաց՝ ժամանակը չէ: Երբ 97-ին այս հարցը քննարկման բերեց սպարապետ Վազգեն Սարգսյանը, ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական էր ուզում տալ: Այն ժամանակ բոլոր 18 տարեկաններին բանակ ուղարկելու սպարապետի նախագծին դեմ էր նաեւ այն ժամանակ վարչապետի գլխավոր խորհրդական Խոսրով Հարությունյանը:

Այժմ նա կողմ է Վիգեն Սարգսյանի առաջարկին եւ պատրաստ է կողմ քվեարկել: «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց տարբերությունը Վազգեն Սարգսյանի եւ Վիգեն Սարգսյանի մոտեցումների. «Վազգեն Սարգսյանն առաջարկում էր, որ պետք է ընդունվեն եւ միանգամից գնան բանակ, ընդունվեցիր, չընդունվեցիր՝ պիտի գնաս, ընտրություն չէր թողնում: Բաբկեն Արարքցյանն ասում էր՝ սա ինձ համար ակադեմիական վեճ է, մենք կարեւորո՞ւմ ենք գիտելիք ստանալու պրոցեսը: Ես համաձայն էի նրա հետ: Կրթություն նշանակում է սիստեմավորված գիտելիքների պաշար, եւ ընդհատումները միշտ ազդեցություն թողնում են: Երբ չկա կոնցեպտուալ հենքը, շատ դժվար է գալ ինչ-որ կոմպրոմիսների: Վիգեն Սարգսյանն առաջարկում է չընդհատել կրթությունը: Ասում է՝ միգուցե կան խոցելի տեղեր, եկեք քննարկենք: Սա համակարգ է, որը մի կողմից՝ հնարավորություն է տալիս ապահովել հանրության բոլոր կարող ուժերի ներգրավվածությունը անվտանգության ոլորտում, որը յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է, մյուս կողմից՝ չզրկելով նրանց մասնագիտական լուրջ կարողություններ ձեռք բերելու հնարավորությունից: Մենք սրանով նաեւ մի շատ կարեւոր խնդիր ենք լուծում՝ ինտելեկտ ենք բերում բանակ: Եթե դուք մասնագիտական լուրջ կրթություն ստացած սպային, ենթասպային ներգրավում եք զինվորական ծառայության մեջ, դուք փոխում եք որակը: Դրանով փոխվում է նաեւ շարքայինի որակը»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ շատերը իրենց զավակներին տեղավորում են ասպիրանտուրայում բանակից խուսափելու համար, բայց ավարտելուց հետո նրանք գիտությանն էլ չեն ծառայում, չեն շարունակում. «Արդյո՞ք նման հետբուհական կրթության համակարգը նպաստում էր գիտական կադրերի ձեւավորմանը, իհարկե՝ ոչ: Մենք բոլորս էլ գիտենք: Եթե մինչ Վիգեն Սարգսյանը ընդամենը պախարակելով, արատավոր համարելով այդ համակարգը՝ ոչ մի բան չէր առաջարկվում, ընդ որում՝ թացն ու չորն էլ իրար հետ խառնում էին, ապա Վիգեն Սարգսյանն ասում է՝ ես չեմ ուզում որեւէ մեկի՝ գիտությամբ զբաղվելու ձգտումը վերցնել, ես դրա իրավունքը չունեմ: Ես ասում եմ՝ սիրելիս, դարձիր ասպիրանտ, եթե այդքան նվիրված ես գիտությանը, բայց իմացեք՝ այն պարտականությունից դուք չեք կարող խորշել, ընտրություն կատարեք: Սա ավելի անկեղծ է, կոնցեպտ կա, իսկ 97-ի օրենքի մեջ չէր լուծվում ասպիրանտուրայի հարցը: Մենք այսպիսի կոնցեպտ երբեք չենք ունեցել սեղանին դրված»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը նույնպես կողմ է, որ 18 տարեկան բոլոր տղաները գնան բանակ: Ըստ նրա՝ անվտանգությունը յուրաքանչյուր երկրի համար ամենակարեւոր հիմնախնդիրն է: Բոստանջյանը կարծում է, որ ընդհանրապես տարկետումը պետք է հանել, առաջին հերթին տղան պետք է մտածի երկիրը պաշտպանելու մասին. «Խորապես համոզված եմ, որ ընդհանրապես մութ, հետին պլանում գտնվող դիրքերից չստացվի, որ սուբյեկտիվիզմը մեզ խեղդի, կարողանանք բազմաթիվ մարդկանց այդպիսով հեռացնել հայրենիքը սիրելու, պաշտպանելու, հայրենիքի համար կուրծք տալու ինստիտուտից»: Մեր հարցին՝ բա կրթությունը որտե՞ղ է մնալու, Բոստանջյանը պատասխանեց, որ գիտությունը լավ բան է, բայց դա չի նշանակում, որ քո երկրի անվտանգությունը պիտի ստորադասես. «Անվտանգության խնդիրները դոմինանտ են: Հրեաների մոտ անվտանգությունից ելնելով՝ ընդհուպ կանայք են կանգնած, խի նրանք երկիր չե՞ն, նրանց մոտ երկիրը հարգելու, երկրի համար նվիրվելու հարցը բարձր մակարդակի վրա է: Իմ տան երեխաներն էլ այսօր ասում են՝ մենք գնալու ենք բանակ, զինվոր ենք դառնալու, մե՛նք ենք փչացնում մեր երեխաներին, ասում ենք՝ ոչ, կրթություն ստացիր: Մենք ուզում ենք մեր երեխաներին ինչքան հնարավոր է վտանգից հեռու պահել, բայց ցանկացած դժվար գործ պահանջում է նաեւ համարձակություն, ռիսկերի հաղթահարում»:

Բոստանջյանը կարծում է, որ եթե Վիգեն Սարգսյանի ծրագիրը իրագործվի՝ նվաճում կլինի. «Զուգակցում ես երկու կարեւոր գործ՝ կրթվելու, մակարդակդ բարձրացնելու եւ երկիրը պաշտպանելու ինստիտուտները: Կան երկրներ, որոնք նույն մոտեցումները կիրառում են, տարկետում չունեն: Գիտությունը դրանից չի տուժի: Ես իմ պրիզմայով եմ խոսում՝ եթե դու հակված ես, նպատակներ ունես դեմդ դրած, այդ նպատակների կատարումը՝ լինի գիտություն, մշակույթ, երաժշտություն, դու կանես: Իսկ եթե դու ծույլ ես, հակված չես նպատակդ մինչեւ վերջ իրագործելու, հետեւողական լինելու, դու չես շարունակի»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի խոսքով՝ մենք իսկապես խնդիր ունենք պահեստազորի, կրտսեր սպայական կազմի հետ կապված, խնդիր ունենք մասնագիտական ռազմական կրթություն ստացածների՝ այլ մասնագիտություն ունենալու հետ կապված. «Մենք մեր նախընտրական ծրագրում այս հարցերը բարձրացրել ենք: Լուծման առաջարկվող տարբերակը այս խնդիրները նախատեսում է լուծել: Կրթության շարունակականության հարցն էլ կա: Կոռուպցիոն ռիսկեր կան այստեղ: Եթե նայեք, ասպիրանտուրայում սովորողները հիմնականում տղաներ են, տեսնում ենք, որ ասպիրանտուրան հիմա բանակից խուսափելու ուղի է: Որեւէ մեկին անհատական չենք կարող մեղադրել»:

Հարցին՝ կո՞ղմ եք Վիգեն Սարգսյանի առաջարկին, Զեյնալյանը պատասխանեց. «Մենք չենք կարող ասել՝ ընդդիմադիր ենք, ինչ բերեցին, պիտի մերժենք: Այն, որ խնդիր կա, դա հաստատ է, ու մենք պիտի երկիր կառավարենք, մենք այս պահին կառավարման համակարգի մաս ենք կազմում ու պատասխանատվություն ենք կրում մեր մասով: Մենք պիտի ասենք՝ բանակը ցրե՞նք, մեզ սպա պետք չի՞ կամ մեզ գիտություն պետք չի՞: Պիտի փորձենք համադրել եւ գտնել ճիշտ լուծումը: Միայն թե մեծամասնությունը շատ կողի է ընկնում ամեն հարցում, զոռբայություն է անում»:

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ համարում է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ուզում են ունենալ հայրենիք, ուզում են, որ Հայաստանը պաշտպանված լինի, պիտի իրենց զավակներին ուղարկեն բանակ՝ անկախ նրանից, թե ինչ կրթություն ունեն. «Բանակում ծառայելը պարտադիր է: Անգամ Սփյուռքի հայերը պարտավոր են գրանցվել եւ ծառայել հայկական բանակում, հետո հանգիստ խղճով ապրել ամբողջ կյանքում: Ես միանշանակ պաշտպանում եմ Վիգեն Սարգսյանի ծրագիրը, բոլորը պետք է գնան բանակ, ով չի գնում, նրան պետք է մերժել: Պետք է անպայման լինել մարտական դաշտում, պետք է անպայման այդ փոշու, անձրեւի, ցեխի, արեւի տակ խանձվել, այդ տղաները միայն լավ փեսացուներ կլինեն, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ: Տղամարդը պետք է հաղթահարի խոչընդոտները: Մնացած բաները՝ հարթաթաթ է, ողնաշարը ծուռ է, պետք է ամեն ինչ անեն, հաղթահարեն, որ հասնեն զորանոց: Տղամարդը պետք է այդ հանդերձանքը կրի, դիրքերում լինի, դա պարտավոր են նաեւ սփյուռքահայերը, մեզ մոտ պետք է հերթ լինի՝ այնպես, ինչպես Իսրայելում է: Այնտեղ հատուկ ջանքեր են թափում, որ պետությունը թույլ տա իրենց ծառայել, պետք է 4 տարի պարտադիր գրանցում ունեցած լինես, որ ծառայես, նրանք խիստ են, թույլ չեն տալիս, որ մարդը դրախտի ճանապարհը այդպես հեշտ գտնի, մեզ մոտ էլ պետք է այդպես լինի»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

04.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031