Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովը

Հոկտեմբեր 09,2017 21:21

Հոկտեմբերի 9-ին, Ծաղկաձորում գտնվող գրողների տանը տեղի ունեցավ սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների վեցերորդ համաժողովը` «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» խորագրով։ Համաժողովը տևելու է չորս օր։ Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ առաջին նիստը, որտեղ ներկայացվեցին հոդվածներ և ելույթներ, ինչից հետո գրողները միասին այցելեցին Կեչառիսի վանական համալիր։ Մյուս երկու օրերին Ծաղկաձորում և Երևանում կշարունակվեն նիստերը, ինչպես նաև կլինեն այցելություններ Էջմիածին, Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդ։ Հոկտեմբերի տասներկուսին տեղի կունենա համաժողովի փակումը։ Այս համաժողովն ամենից մեծն ու նշանակալիցն է համաժողովների պատմության մեջ` հաշվի առնելով, որ այս անգամ Հայաստան էին այցելել տասնչորս երկրից քառասունվեց գրողներ։ Համաժողովին ներկա էին գրողներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են` Իրան, Վրաստան, Սիրիա, Արցախ, ԱՄՆ, Թուրքիա, Ռուսաստան, Աբխազիա, Ռումինիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իսրայել, Անգլիա, Ֆրանսիա, Լիաբանան։ Նաև կային գրողներ ՀՀ տարածքից և Արցախից։

Համաժողովի բացումն իրականացավ Ա.Աբրահամյանի, Ս.Սրապիոնյանի, Էդ. Միլիտոնյանի, ինչպես նաև ` Ներսես Տեր-Վարդանյանի ելույթներով։ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին և փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ- ի ջերմ բարեմաղթանքները համաժողովի կայացման առթիվ` նշելով , որ այս իրականության մեջ, երբ աշխարհը բազմաթիվ դժվարությունների առաջ է կանգնած, գրողի, և` մասնավորապես հայ գրողի դերը հասարակական կյանքում գնալով մեծանում է։ Խոսելով գլխավոր մարտահրավերների մասին, որոնք այսօր դրված են ժամանակակից գրողների առջև` Վեհափառն առանձնացնում է պրագմատիկ ժամանակի և իրականության բախումը, իսկ ավելի լայն առումով` նյութականի և հոգևորի բախումը։

Նա կարևոր է համարում մեջբերել Շահնուրի` դեռևս նախորդ դարում ասված խոսքերը, որոնք թերևս միշտ էլ արդիական կլինեն. «Կնահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական սեր, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն։ Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ և գործով, կամա և ակամա, գիտությամբ և անգիտությամբ. մեղա՛ , մեղա՛ Արարատին»։ Կաթողիկոսը կարծում է, որ այս համաժողովը ևս մեկ քայլ է` որպես նահանջի կասեցում։ Սերժ Սրապիոնյանն ընթերցեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքն` ուղղված համաժողովի գրողներին, որում նշվում է, որ բոլոր ժամանակներում էլ գրողները մեծ ազդեցություն են ունեցել հասարակության վրա, «եղել են և են հայ ինքնության պահպանման համար» ճամփա բռնած «ազատամարտիկներ»։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր ողջույնի խոսքում հակիրճ խոսեց այն խնդիրների մասին, որոնք ունեցել են և ունեն հայ գրողները Հայաստանում և Հայաստանից դուրս։ Նշեց, որ վերջին չորս տարիները շատ ավելի նշանակալից են եղել գրողների համար, քանի որ գնալով ավելի շատ են կազմակերպվում համաժողովներ, որոնց հնարավորություն ունեն մասնակցել նաև շատ գրողներ Սփյուռքից։ Նա ողջունում է այն փաստը, որ այս տարի բազմաթիվ նոր գրքեր են տպագրվել , որոնցից առանձնացրեց հատկապես Եղեռնին վերաբերող Անթոլոգիան, որտեղ տպագրվել են նաև սփյուռքահայ գրողների ստեղծագործություններ։ Նա շեշտեց , որ մեր` այսպես կոչված փրկության տապանը պետք է հենց գրի տեսքով ստեղծենք և հաստատենք ու դնենք Արարատի գագաթին։

Համաժողովին զեկույցներով ներկայացան Պ. Դեմիրճյանը , Ս. Դանիելյանը, Վ. Դևրիկյանը, Գր. Ջանիկյանը` խոսելով հայ` միասնական գրականության պատմական և արդիական հիմքերի, ինչպես նաև ազգային գրականության միասնական զարգացման մեջ երկվության առարկայացման դերի կարևորության, օտարագիր հայ գրականության մասին։ Տեղի ունեցավ նաև սփյուռքահայ գրողների գրքերի ցուցադրություն։

Ռուզաննա ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031