Լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր, մասնավորապես պարզվել է՝
ք.Երևանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ. «Անազատ եվ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու եվ օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 725-Ն որոշմամբ հաստատված պահանջներին, տնօրինությունը վստահեցրել է, որ համապատասխան փաստաթղթերն առկա են, սակայն հաշվի առնելով, որ ձեռք բերելուց անցել է ավելի քան 10 տարի, խնդրել է տրամադրել լրացուցիչ ժամանակ դրանք ներկայացնելու համար:
Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի ազատավանդակի չափերը չեն համապատասխանում վերոհիշյալ որոշմամբ սահմանված պահանջներին։ Ռեստորանային համալիրի տնօրինությունը պատրաստակամություն է հայտնել արջերին տրամադրել ավելի բարվոք պայմաններ ունեցող կազմակերպությունների։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների պահանջներին ի պատասխան` կազմակերպությունները պարտավորվել են սեղմ ժամկետում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը։
Խնդիրը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է և վերահսկողության ներքո: ՀՀ մարզերում իրականացվող շրջայցերի արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ բնապահպանության նախարարություն