Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին. Տնտեսվարողների բեռը կթեթեւանա

Նոյեմբեր 06,2017 15:38

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Էդմոն Մարուքյանին շատ տնտեսվարողներ բողոքել են այս օրենքից եւ ասել, որ չնայած լիցենզավորման ընթացակարգը պարզեցվել է, բայց որոշ խնդիրներ են առաջանում: Մարուքյանը բացատրեց, որ գործող օրենքի համաձայն վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում եւ տեղադրում ուղղություններով լիցենզիա ունենք: Այս լիցենզիան մեկ միասնական լիցենզիա է եւ պետտուրքը 200 հազար դրամ է. «Տնտեսվարողներից բողոքներ ունենք, որ լիցենզիան հանելու հետ կապված կա խնդիր: Տնտեսվարողը պետք է մի ուղղությամբ լիցենզիա ստանալու համար ամբողջ փաթեթը պատրաստի նաեւ մյուս ուղղություններով, որ լիցենզիան ստանա: Մենք առաջարկում ենք ամեն գործունեության համար առանձին լիցենզիա լինի, պետտուրքը լինի 40 հազար դրամ եւ սրանով ազատականացվի դաշտը»:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իրավական տեսանկյունից քաղաքացու վրա չարդարացված բեռ են դնում. «Մենք պարտադրում ենք, որ նա մի քանի պահանջների բավարարի, բայց չի օգտվելու դրանից քաղաքացին, ստիպված է համապատասխան փաստաթղթերը պատրաստել եւ պետական տուրքը վճարել: Կառավարությունը միջազգային Doing business-ով ուզում է ցույց տալ, որ լիցենզիաները ՀՀ-ում քիչ են: Բայց Doing business-ը մենակ լիցենզիաների թիվը չէ, կարելի է այնպես անել, որ հասկացվի՝ ավելի է հեշտացել: Միակ խնդիրը լիցենզիաների թվային տարբերությունն է, որ մեկի տեղը 5 է լինում»:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց համար ընդունելի է այդ առաջարկը եւ ենթադրվում է, որ այսպես բյուջեում ավելի շատ գումար կմուտքագրվի, քանի որ առանձին կազմակերպությունների համար հեշտացվում է գործընթացը:

Ֆինանսների նախարարությունը նախնական եզրակացություն էր տվել, որ դա բյուջեի վրա կունենա բացասական ազդեցություն: Սակայն նախարարության ներկայացուցիչը, լսելով Արծվիկ Մինասյանի բացատրությունը, ասաց, որ մտքափոխվել են, էական ազդեցություն չի ունենա բյուջեի վրա:

Բայց հանձնաժողովում քննարկման ժամանակ որոշվեց ոչ թե լիցենզիաների քանակը փոխել, այլ՝ տնտեսվարողները լիցենզիա հանելիս նշեն, թե որ կետով են այն հանում՝ ա, բ, գ, ու այդպես իրենց համար հեշտանա, լիցենզիաների քանակն էլ չավելանա:

Հանձնաժողովն այս տարբերակին միաձայն կողմ քվեարկեց: Այն դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930