Լրահոս
Օրվա լրահոսը

Տիտղոսազուրկները

Նոյեմբեր 10,2017 12:30

Նոնլանդիայի դեսպանատնից` էլեկտրոնային իմ հասցեին ուղարկված գրությունը հայտնում էր, որ ամսի 25-ին, այսինքն, բառացիորեն երեք օր հետո, տեղի կունենա ռադիոֆիզիկայի, հնէաբանության եւ չինագիտության գծով ակադեմիկոս, ացտեկյան կրոնափիլիսոփայության, դեղագործության եւ սլավոնական բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Գեր-Տեր WOU-WOU-ի թաղումը քաղաքային գերեզմանոցում: Ուղղահայաց ծառուղի 77/86, շարք` 13:

Անսպասելիությունից եւ զարմանքից ապշած նստել էի եւ չգիտեի, թե որն է լինելու իմ հաջորդ քայլը: Այդ երկիրը, որ տարօրինակ էր ամեն ինչով, իր դեսպանատան հետ մեկտեղ ծածկված էր խորհրդավորության եւ նույնիսկ անբացատրելի վտանգավորության մի շղարշով, եւ գուցե նույնիսկ ավելին, քան մեր հարեւան երկիրը, որի դեմ, ժամանակ առ ժամանակ, պատերազմական գործողություններ էին ծավալվում: Իմ պարագայում, կարող էին որոշ բարդություններ ծագել, քանի որ գրությունն ուղարկվել էր իմ աշխատանքային հասցեին, որը խստիվ արգելված էր մասնավոր նպատակներով օգտագործել: Այնպես որ, եթե ոչ այսօր, ապա վաղն անպայման ես ստիպված պիտի լինեի բացատրություններ տալ իմ ղեկավարությանը: Միակ արդարացումս, հավանաբար, այն պիտի լիներ, որ իմ էլեկտրոնիկ հասցեն` մեր հաստատության բոլոր աշխատողների հետ միասին, դրված է համացանցում եւ ուզած ոք կարող է ինձ իր խելքին փչածն ուղարկել:

Կար նաեւ երկրորդ բացատրությունը, որն ամենեւին չէր կարող մատուցվել որպես արդարացում, որի մասին ես չէի ուզի խոսել, բայց ստիպված էի լինելու: Հանգուցյալի ազգանունն ինձ ասում էր, որ նա, ամենայն հավանականությամբ, իմ օրինական կնոջ հայրն է: Մինչեւ այսօր ես համոզված էի, որ այդ մասին միայն ես գիտեմ, սակայն պարզվեց, որ ես միակը չէի: Այլապես նման լուրը չէի ստանա իմ ծառայողական հասցեով:

Իմ կինը, ժամանակին, փախել էր օտար երկիր, հրաժարվել իր քաղաքացիությունից, փոխել ազգանունը եւ ստացել ուրիշ երկրի անձնագիր, այնուհետեւ, ամուսնանալով ինձ հետ, դարձել մեր երկրի քաղաքացուհի: Այնուհանդերձ, գտել էին հետքը, եւ տարօրինակ էր, որ այդքանից հետո, մեր տան հասցեով, անձամբ կնոջս նամակ ուղարկելու փոխարեն, սպասվելիք հուղարկավորության մասին հայտնում էին էլեկտրոնիկ փոստով նրա ամուսնուն: Ինչ որ է, պետք էր հայտնել կնոջս եւ հնարավորինս արագ մեկնել այդ խորհրդավոր երկիրը:

Երկու օդանավ, մեկ շոգենավ եւ մեկ գնացք նստելուց հետո վերջապես հասանք նշված քաղաքը: Ինձ նախեւառաջ զարմացրեց հանգուցյալի` առավել քան համեստ կացարանը, որը զուրկ էր տարրական հարմարություններից, անխնամ, կարելի է ասել` կեղտոտ: Զարմանքս բազմապատկվեց, երբ մի հայացք նետելով, այդպիսի տիտղոսաշատ գիտնականի բնակարանում, ես ոչ մի գիրք ու գրականություն չհայտնաբերեցի: Գոնե իր հեղինակած գրքերը տեսնեի… Տպագիր տառ անգամ չկար այդ խղճուկ խցում:

Մտածեցի, որ Ֆաուստի պես, խորանալով աշխարհի բոլոր գաղտնիքների մեջ, կյանքի վերջում, որոշել է ապրել ճգնակյացի ծայրահեղ համեստ կյանքով` առանց գրքի եւ առանց թղթի: Ինչ որ է, սգո հանգամանքը թույլ չէր տալիս նման ենթադրությունը ճշտել, ուստի կնոջս վիշտը հնարավորինս մեղմելու համար ամբողջովին զբաղվեցի սպասվելիք հուղարկավորության հոգսերով:

Ակադեմիականների գերեզմանոցն ուղղակի քաղաքի շարունակությունն էր եւ հսկայական, թերեւս քաղաքից շատ ավելի մեծ տարածք էր գրավում: Իմ մոտավոր հաշվարկներով այդտեղ առնվազն մեկ միլիոն ակադեմիկոս էր թաղված, եւ դրանցից ոչ մեկի անունն ինձ ոչինչ չէր ասում, այսինքն, գուցե ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ աշխարհին: Սա ի՞նչ առեղծված էր: Այս մարդիկ, անկասկած, կարեւոր գործեր էին արել իրենց կյանքում` նման պատվավոր տիտղոսի արժանանալու համար, սակայն մարդկությանը մնացել էին անհայտ: Կամ երկիրն էր ապաշնորհ ու ապերախտ, որ իր արժանավոր զավակներին չէր կարողանում կամ չէր ուզում աշխարհին ներկայացնել, կամ էլ զավակներն իրենք…

Զարմանք էր պատճառում նաեւ հուղարկավորների խղճուկ թափորը. մեկ-երկու ազգական, մի քանի հարեւան եւ ինչ-որ պատահական մարդիկ` բոլորը դժգույն, անհետաքրքիր, ողորմելի արտաքինով, ասես մուրացկանների փոքրաթիվ մի խումբ, որ եկել էին ոչ այնքան վերջին հրաժեշտի համար, որքան սպասվելիք հոգեհացի ակնկալիքով: Ո՞ւր էր թաղման կառավարական հանձնախումբը, ո՞ւր էին երկրի առաջին դեմքերը, նախարարները, երեսփոխանները, արվեստի եւ գիտության նշանավոր գործիչները, վերջապես ո՞ւր էր ժողովուրդը… Մի՞թե այսպես են թաղում մեծ գիտնականին:

Հաջորդ օրն առավոտյան թերթերն էի նայում ամենայն ուշադրությամբ` հուսալով այնտեղ թեկուզ մի փոքրիկ լրատվություն գտնել իմ եռամեծար աներհոր թաղման վերաբերյալ: Սակայն մամուլը լուռ էր: Մինչդեռ, միեւնույն էջում, ուր մահերն ու ծնունդներն էին ազդարարված, ջերմորեն շնորհավորում էին երկվորյակ եղբայրներ` բանասիրության եւ արվեստագիտության թեկնածուներ Խուճուճիկի եւ Երգեցիկի ծնունդը:

Առեղծվածը գնալով խորանում էր` ստանալով զավեշտալի բնույթ:

Հյուրանոցում մենակ էի մնացել: Կինս առավոտվանից գնաց քրոջ մոտ: Նա չուզեց, որ իրեն ուղեկցեմ: Ես որ ամբողջ կյանքում խնայել էի յուրաքանչյուր րոպեն եւ մշտապես, անգամ հանգստյան օրերին, զբաղված էի եղել մի օգտակար բանով, այժմ մենակ, օտար քաղաքում, պարապությունից քիչ էր մնում գժվեի, երբ պատահաբար, թերթի հայտարարությունների բաժնում մի հետաքրքիր ազդ կարդացի, որն ասում էր, թե մայրաքաղաքի կենտրոնական դահլիճում տեղի կունենա բազմակադեմիկոս, Գեր-Տեր WOU-WOU-ի տիտղոսազրկման նիստը:

Ի՞նչ ասել է «տիտղոսազրկում»: Այդ մարդը, հավանաբար, հակահասարակական ահավոր մի արարք է թույլ տվել, որ այդպես, քաղաքի կենտրոնում, ժողովրդի ներկայությամբ, որոշել են զրկել այդ պատվավոր կոչումից, որին արժանանալու համար, անկասկած, տքնել է ամբողջ կյանքում:

Առանց երկար-բարակ մտածելու դուրս եկա հյուրանոցից եւ շտապեցի դահլիճ, որը, բարեբախտաբար, հեռու չէր: Հասա ճիշտ ժամանակին եւ լեփ-լեցուն դահլիճում հազիվ կարողացա ազատ տեղ ճարել:

Ես ամբողջ կյանքում չեմ մոռանա այն ամենը, ինչ տեսա այդտեղ:

Դահլիճի բեմում նստած էր բազմակադեմիկոսը` աջ եւ ահյակ կողմերին ունենալով դատավորն ու դատապաշտպանը:

Նախ ելույթ ունեցավ վերջինը: Նա նշեց, որ հարգարժան ակադեմիկոսը, անցած տարիների ընթացքում լրջորեն առաջադիմել է իր գիտության ասպարեզում, որ, նույնիսկ, միջազգայնորեն ճանաչված գյուտերի հեղինակ է, որ երկու ծանրակշիռ մենագրություն է տպագրել, ինչպեսեւ մի շարք հոդվածներ, որոնք բարձր են գնահատվել աշխարհահռչակ մի խումբ գիտնականների կողմից եւ որ, վերջապես, նա հրավիրված է եկող տարվանից դասախոսելու երկրի ամենամեծ համալսարանում, ուստի, հաշվի առնելով թվարկված փաստերը, եկել է ժամանակը խնդրո առարկա անձնավորությանը, վերջապես, զրկելու ակադեմիկոսի տիտղոսից:

Անհնար է բառերով նկարագրել, թե ինչ տեղի ունեցավ դահլիճում: Միահամուռ շարժումով ներկաները ոտքի ելան, սուլոցներ հնչեցին, աղաղակներ, հայհուչներ, լուտանքներ, սպառնալիքներ եւ նույնիսկ հայհոյանքներ: «Հապա մի սրան նայեք, կարծում է` մեզնից լավն է… Տգետ… Ապուշ… Անգրագետ… Խլնքոտ… Բ… վաստակ…»: Եվ դեռ ավելի վիրավորական արտահայտություններ: Մի երկուսն էլ, մահակները ձեռքներին, փորձեցին բեմ բարձրանալ եւ հաշվեհարդար տեսնել, սակայն նրանց մի կերպ զսպեցին: Կրքերը վերջապես հանդարտվեցին, երբ ամբիոնին մոտեցավ դատավորը: Նա ժխտեց եւ ծաղրի ենթարկեց դատապաշտպանի ներկայացրած բոլոր փաստերը, ակադեմիկոսին մեղադրեց գրագողության մեջ, ինչ վերաբերում է համալսարան հրավիրվելուն, պարզվեց, որ ընդամենը գործերն է ներկայացրել եւ անհավանական է, որ նման սուտ գիտնականին հրավիրեն դասախոսելու, հետեւաբար ոչ մի հիմք չկա նրան զրկելու ակադեմիկոսի տիտղոսից:

Ես ասես զառանցագին մի երազ տեսնեի. առաջարկում են տիտղոսից զրկել ծանրակշիռ մենագրությունների համար, եւ ոչ մի կերպ չեն ուզում զրկել, քանի որ գրագող է: Կողքս նստած պարոնը, որ հավանաբար լրագրող էր, տեսնելով իմ ապշահար դեմքը, բացատրեց այս առեղծվածը:

Հին ժամանակներում, Նոնլանդիան էլ գիտական կոչումները եւ ակադեմիական տիտղոսները շնորհում էր աշխարհի մյուս երկրներում ընդունված կարգով: Սակայն շատերը, անարժան, նույնիսկ անգրագետ մարդիկ, սնափառական մղումներով, կարողացան փողով կամ այլ լծակներով արժանանալ այդ պատվավոր կոչումներին եւ տիտղոսներին: Կարճ ժամանակում երկիրը լցվեց դոկտորներով ու ակադեմիկոսներով, հատուկենտ էին մարդիկ, ովքեր ոչ մի կոչում չունեին: Գիտությունն ու մշակույթն ամբողջովին անցավ տգետների եւ ապաշնորհների ձեռքը: Համալսարանները ղեկավարում էին տիտղոսաբեռն «գիտնականներ», ովքեր իրենց անունն անգամ ստորագրել չգիտեին եւ անկարող էին երկու բառ իրար կապել:

Բոլորը գոհ էին այս վիճակից: Մարդիկ ընտանիքներով դառնում էին դոկտորներ եւ ակադեմիկոսներ, ամուսնացող օրիորդն իր օժիտի հետ բերում էր առնվազն գիտության թեկնածուի վկայականը, իսկ մի շարք ճապուկ գրիչներ, հսկայական գումարներ էին շինում պատվերով գրված ատենախոսություններով: Որոշ ժամանակ անց դրա կարիքն էլ չզգացվեց, քանի որ տիտղոսներն ու կոչումները բացեիբաց սկսեցին վաճառել շուկաներում, սուպերմարկետներում եւ անգամ փողոցում: Ազգային ժողովն էլ, երկարատեւ քննարկումներից հետո, որոշում ընդունեց գիտական կոչումներ շնորհել նաեւ առանձնահատուկ ունակություններով օժտված ընտանի կենդանիներին: Օրինակ, պատգամավորներից մեկի շունը դարձավ լեզվաբանության դոկտոր: Իսկ ինչո՞ւ լեզվաբանության, որովհետեւ անսխալ կատարում էր երեք լեզվով տրված հրամանները: Չորրորդ լեզուն «յուրացնելու» դեպքում խոստացան գամփռին ակադեմիկոս ընտրել: Իսկ նախարարներից մեկի թութակին էլ Համա-Ժողովրդական արտիստի կոչում շնորհվեց, քանի որ կարողանում էր bel canto-ի բոլոր ձայները կրկնել՝ կոլորատուրային սոպրանոյից մինչեւ թանձրախիտ բաս: Մատների վրա կարելի էր հաշվել նրանց, ովքեր սթափության կոչ էին անում, պահանջում դադարեցնել գիտական կոչումների այս արժեզրկումը: Սակայն նրանց լսող չկար:

Բայց ստիպված եղան լսել, երբ տագնապալի լուրեր եկան դրսից: Նախ, արտասահմանում դադարեցին աշխատանքի վերցնել Նոնլանդիայի համալսարանավարտներին, համարելով նրանց թերուս, իրենց ընտրած մասնագիտությունից կատարելապես անտեղյակ: Միջազգային գիտաժողովներին այլեւս ոչ մի նոնլանդացի չէր հրավիրվում, նրանք պարզապես դարձել էին ծաղրի առարկա: Խայտառակության գագաթնակետը եղավ համացանց դրված, մոտ մեկ միլիարդ այցելու ունեցած տեսանյութը, որը ցուցադրում էր, թե ինչպես Նոնլանդիայի բազմակադեմիկոս եւ բազմադոկտոր նախագահը, մեծագույն դժվարությամբ, տառ-տառ, բառերը մի քանի անգամ, թարսուշիտակ կրկնելով, Նոր Տարվա ողջերթի խոսք է հղում իր ժողովրդին: Ճարպիկ լրագրողները պարզեցին, որ ազգընտիր նախագահն այդ ելույթն ընթերցելուց երկու շաբաթ առաջ է գրել-կարդալ սովորել: Բոլորը եկան այն եզրակացության, որ երկու շաբաթվա համար արդյունքը հրաշալի էր:

Այնուհանդերձ, դա չխանգարեց, որպեսզի, դրսի ուժերի ճնշմամբ, հրաժարական տա: Նրան հաջորդած նախագահը եկավ հարեւան երկրից: Նա մի քանի լեզվով սահուն կարդալ եւ գրել գիտեր, բայց ոչ մի կոչում կամ տիտղոս չուներ եւ ցանկություն էլ չուներ ձեռք բերելու: Առաջին իսկ հրովարտակով նա շրջեց գիտական կոչումների եւ տիտղոսների շնորհման կարգը: Այդուհետ, յուրաքանչյուր նորածին, բառացիորեն լույս աշխարհ գալուն պես, անվճա՛ր եւ պարտադիր, ստանում էր գիտության թեկնածուի վկայականը: Դպրոցն ավարտելուց հետո, նույն կերպ, ատեստատի հետ միաժամանակ, տրվում էր գիտությունների դոկտորի կոչումը, իսկ ակադեմիկոսի փաստաթուղթն ստանում էին համալսարանական դիպլոմի հետ միասին: Բնավ պարտադիր չէր ստացած տիտղոսի բնագավառի մասին գոնե ամենահեռավոր պատկերացումներն ունենալ, տալիս էին` եւ վե՛րջ: Արեւելագիտության գծով ակադեմիկոսը նույնիսկ Հնդկաստանի կամ Չինաստանի տեղը չէր կարող ցույց տալ քարտեզի վրա: Բայց ակադեմիկոս էր: Այսպիսով, Նոնլանդիայում մոտ հինգ միլիոն ակադեմիկոս կար, մի երկու այդքան էլ դոկտոր, որոնց ջախջախիչ մեծամասնությունը կյանքում հազիվ մեկ-երկու գիրք էր կարդացել:

Տիտղոսամոլությամբ տխմարացած հասարակությունը հրճվանքով ընդունեց նոր օրենքը: Այլեւս պետք չէր ինչ-որ բան գրել, քննություններ հանձնել, համապատասխան մարդկանց կաշառել, տվայտանքների գնով բաղձալի կոչումը կորզել եւ այդ առթիվ բանկետներ կազմակերպել, զանազան անիմաստ, բայց պարտադիր ծախսեր անել, կոչումներն ու տիտղոսները միանգամից եւ, ամենակարեւորը, անվճա՛ր, մտնում են գրպանդ: Ստացիր եւ վայելիր:

Սակայն հրճվում էին ոչ բոլորը: Հատուկենտ, բանականությունը դեռեւս չկորցրած մարդիկ, հասկացան, որ համատարած այս կոչումնավորումը ստորացուցիչ համահարթեցում է, յուրատեսակ խարան, որից պետք է ազատվել ամեն գնով: Նորածիններին տուն տանելիս նրանք հրաժարվեցին գիտության թեկնածուի վկայականը վերցնել, սակայն նրանց հանրամատչելի բացատրեցին, որ հրաժարվելու դեպքում երեխային ծնողներից կխլեն եւ կհանձնեն մանկատուն: Վկայականները, պատվաստումների պես, պարտադիր են: Շատ էիք ուզո՞ւմ, դե ստացե՛ք:

Ազգի հոգսերով մտահոգ պատգամավորները մշակեցին նաեւ «խարանը» ջնջելու օրինական ընթացք: Թեկնածուի կոչումից ազատվելու համար անհրաժեշտ էր օտար մամուլում երեք հոդված տպագրել: Դարձյալ օտար երկրում տպագրած, նվազագույնը հարյուր էջանոց մենագրության օգնությամբ օձիքդ կազատեիր դոկտորությունից: Ամենադժվարն, իհարկե, ակադեմիկոսի տիտղոսից թոթափվելն էր: Սա երկարատեւ ու տանջալից մի ճանապարհ էր, որ քչերն էին կարողացել հաղթահարել` ընդամենը տասնմեկ հոգի: Դրանք, իսկապես, համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականներ էին, որ տարիներ տեւած անլուր տառապանքների գնով իրենց վրայից սրբել էին այդ ամոթալի տիտղոսները: Թվում է` այդպիսի բացառիկ հաջողություններից հետո նրանք պիտի արժանանային համաժողովրդական հիացմունքին: Բայց ոչ: Այդ գիտնականները դարձան համընդհանուր նախանձի, ատելության եւ նույնիսկ տեւական հալածանքների թիրախ: Ի վերջո, այդ տասնմեկ հոգին ստիպված եղան լքել երկիրը, որից հետո նրանց հասցեին ասված բազմաթիվ վիրավորական արտահայտություններին ավելացավ նաեւ «դավաճանը»:

Հաջորդ օրն, առավոտյան, թերթերը նայելիս, աչքովս ընկավ Գեր-Տեր, բազմակադեմիկոս WOU-WOU-ի լուսանկարը` սեւ շրջանակի մեջ դրված: Մանր տառերով տպված լուրը հայտնում էր, որ նախորդ օրը նա ինքնասպան է եղել իր բնակարանում` թողնելով հետեւյալ հրաժեշտի խոսքերը. «Դուք ինձ մերժեցիք, բայց, միեւնույն է, ես հեռանում եմ ազատ եւ տիտղոսազո՛ւրկ»:

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

«Առավոտ»

09.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանիկ says:

    Այ քեզ տարօրինակ պատմություն…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930