Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին». Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Նոյեմբեր 29,2017 14:49

«Չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի Նոր տարին»,- այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին «Ելքի» ներկայացրած ԱԺ որոշման նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կատակով հիշեցրեց խորհրդային ասացվածքներից մեկը:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ, ի պատասխան արձագանքեց՝ հիշելով մեկ այլ բանաստեղծություն. «Ձկնիկ, ձկնիկ, լող արա, դրսի որսը թող արա»: Փաշինյանն էլ նետեց. «Դե չգնայիք ուրեմն բրյուսելներում որս անեիք»:

Նա ասաց, որ «Վրաստանից 5 կգ մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ կցել դրան եւ դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է: Իհարկե, Վրաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիր ունենք եւ կարող ենք ոչ թե 5, այլ նույնիսկ 8 կգ մանդարին ներկրել, բայց դրա համար պետք է սանիտարական, միջուկային, քիմիական, կենսաբանական եւ այլ բազմաթիվ տեղեկանքներ: Այսինքն, մարդը 1000 դրամի մանդարին պետք է գնի Սադախլոյից, բայց 5000 դրամ պետք է ծախսի, գնա Թբիլիսի, սանիտարական փաստաթղթեր հանի ու գա ՀՀ»:

Փաշինյանն ասաց, որ այս տարի զարմանալի բաներ են սկսվել տեղի ունենալ, ՌԴ-ից ՀՀ սկսել են ներկրել ի՞նչ՝ բանջարեղեն. «Սա ի՞նչ երեւույթ է, ժողովուրդ ջան, սա կապված է շատ պարզ բանի հետ: Ասում ենք՝ ԵԱՏՄ-ում հավասար խաղի կանոններ կան: Կրասնոդարում արտադրած եւ Արտաշատում արտադրած լոլիկը նույնն է, բայց Կրասնոդարում ֆերմերը գազի, դիզվառելիքի համար 3 անգամ վճարում է, մի հատ լոլիկ պետք է արտահանեինք, այն էլ պարզվում է ՌԴ-ից է լոլիկը գալիս՝ հակառակ ուղղությամբ: «Գազպրոմի» մենաշնորհը քիչ էր, հիմա էլ բենզինի մենաշնորհն է հաստատվել, ո՞վ կպատկերացներ, որ «Ֆլեշ», CPS ընկերությունները, որոնց 4 տարի առաջ մեղադրում էինք մենաշնորհ ունենալու մեջ, հիմա կհայտնվեին մենաշնորհի զոհի կարգավիճակում»:

Նա ասաց, որ մեր խոշոր օլիգարխները հայտնվել են մանր սպառողի դերում ու սա է ԵԱՏՄ-ն:

Ու հիմա ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելով՝ բոլորին ցույց են տալիս, որ ՀՀ քաղաքական օրակարգում այս հարցը կա. «Թող ՀՀԿ-ն չմտածի, որ հեսա քվեարկելու է ու դուրս է գալու, ոչ, այս քաղաքական օրակարգը ներկա է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մենք համոզվածություն չունենք, որ այդ կազմակերպության շրջանակներում ՀՀ պետական շահը, ՀՀ քաղաքացիների շահը պահպանվում է: Մի վարորդների օրինակով պարզ երեւում է, թե մենք ինչ հարաբերությունների մեջ ենք: ՌԴ-ն օրենք է ընդունում, ԵՏՄ հանձնաժողովը որոշում է ընդունում, որ դա հակասում է, որոշումից անցել է 3-4 ամիս եւ ՌԴ-ում որեւէ մեկը չի մտածում նույնիսկ, որ դա հարց է, որը պետք է քննարկել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930