«Կինն ո~ւր, պոլիտիկան ուր», «բա չասեմ, աղջիկ ջան, սա քո խելքի բանը չի», «Հեսա վաղն էլ կասեն կնգա հետ բանավիճի»,-սրանք Հայաստանի Ազգային ժողովի վերաբերյալ ծաղրանկարների թեմաներն են, որոնք պատրաստվել են «Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այսօր այս թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին ներկա գտնվող Լիլիթ Չիթչյանը` «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության շահերի պաշտպանության փորձագետը, հետաքրքրվեց, թե ինչու ԱԺ տղամարդ պատգամավորներ չեն մասնակցում միջոցառմանը: Ըստ նրա, հենց տղամարդ պատգամավորներն են ԱԺ ամբիոնից սեքսիզմի ենթարկում կանանց` տարբեր հարթություններում:
Դիմելով միջոցառմանը ներկա գտնվող ԱԺ կին պատգամավորներին, տիկին Չիթչյանն ասաց. «Մենք, որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես կարող ենք ձեզ օգնել, որ ներքին կրթական բաղադրիչը Ազգային ժողովում քիչ -քիչ սկսեր իրականություն դառնալ: Մենք միշտ խոսում ենք այն խնդիրների մասին, որի մասին բոլորս հրաշալի գիտենք, բայց վախենում ենք թիրախավորել այն մարդկանց, որոնք շարունակում են տարածել այդ կարծրատիպերը ԱԺ ամբիոնից եւ շարունակում են դրանով թերարժեքության զգացում ձեւավորել մնացած այն բոլոր կանանց մոտ, որոնք երբեւէ կարողանան մտածել քաղաքական մասնակցության մասին»:
Ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ասաց, որ համամիտ չէ, որ տղամարդ պատգամավորները լավ չեն վերաբերվում կանանց մասնակցությանը քաղաքական կյանքում, ավելին՝ տղամարդկանց կողմից զգում են այդ քաջալերումը:
Քննարկմանը ներկա ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը կարծիք հայտնեց, որ չնայած նրան` կանայք մեր երկրում բնակչության 52 տոկոսն են կազմում, սակայն կանայք կանանց սոցիալական հենարանը չեն. «Կանայք կանանց աջակիցը եւ ապավենը չեն հավաքական իմաստով: Մենք չենք օգտագործում մեր ուժը մեր շահերի պաշտպանության համար: Կանայք չեն բարձրաձայնում միմյանց խնդիրները: Կանայք, ցավոք սրտի, չեն քվեարկում գաղափարակից կանանց օգտին, կանայք չեն պաշտպանում կրթություն ստանալու, առողջ լինելու, աշխատանք ունենալու իրավունքը»:
Մանրամասները` տեսանյութում
WomenNet.am տեղեկատվավերլուծական պորտալի խմբագիր Թամարա Հովնաթանյանի խոսքով, կին թեկնածուների ներկայությունը կուսակցությունների ընտրացուցակներում տվել է իր արդյունքը եւ այսօր արդեն կին պատգամավորները Ազգային ժողովում շատ ավելի ակտիվ են, քան` տղամարդ պատգամավորները, որոնք տասնյակ տարիներ նստած են ԱԺ-ում, որ նրանց ձայնը որեւէ մեկը չի լսել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ