Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանգնեց ասաց՝ 800 հա բան ենք կորցրել, հարգելի դատարան, դուք ինչի՞ չկանգնեցիք ասացիք՝ պետական դավաճան եք». Պավել Մանուկյան

Փետրվար 02,2018 14:15 Share

Ինչպես տեղեկացրել ենք, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն է եւ հարցաքննվում էն Պավլիկ Մանուկյանը:

Նրա պաշտպան Տիգրան Եգորյանը եւ Արայիկ Պապիկյանը հարցեր ուղղեցին իրենց տան խուզարկության, մեղադրանքի հետ կապված: Պավլիկ Մանուկյանը, ներկայացնելով իրենց տան խուզարկությունը՝ ասաց. «Տպավորություն էր, որ Էրդողանը իր զորքերին ուղարկել է: Առավոտ ժամը 7-ից ինձ անկողնու միջից հանել բերել էին, տենց էլ չհասկացա էլ ինչի համար, եւ ինչի բաց թողեցին՝ բնականաբար, հասարակական ճնշում եղավ: Անհասկանալի պատճառով էլ կանգնած ենք այստեղ»:

Պավլիկ Մանուկյանը հեգնեց՝ իշխանությունները տարածեցին, թե տանը բռնել են, ձերբակալել են հանցանքի վարում. «Ես իմ կնոջ հետ իմ սենյակում պառկած էի ըտեղ ի՞նչ կար հանցանքի»:

Անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանին՝ նա ասաց. «Հասկանալի է, որ այս իշխանությունները ինչ ուզում են նկարում են, ոնց ուղում են՝ փոխում են: Այս իշխանությունը պետական դավաճանության քաղաքականություն է վարում: Մենք ոչ մի տարածք չենք կորցրել ասեց ապրիլյան պատերազմում, հետո կանգնեց ասեց՝ 800 հա բան ենք կորցրել, այդ ժամանակ հարգելի դատարան, դուք ինչի՞ չկանգնեցիք ասացիք՝ դուք պետական դավաճան եք, սրիկա, այդքան երիտասարդների արյան գնով ինչի՞ համար պետական տարածք կորցրեցինք»:

Եգորյանը հարցրեց՝ 2015-ի ամբողջ ընթացքում եւ մասնավորապես այդ խնդրահարույց փուլում ձեր զինակից գործընկերներից, գաղափարակիցներից որեւէ մեկը բռնություն կիրառելու կոչ է արել, տեղյա՞կ եք այսպիսի կոչերի մասին: Պավլիկ Մանուկյանը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է ազգի զինվորը բռնություն կիրառել: Մենք դեմ ենք բռնությանը, ով ձեռք կբարձրացնի ժողովրդի վրա եւ նրա սահմանների վրա, անկախ դեմքից, դիրքից, մեր ազգի թշնամին է, մեր պետության, պետականության…Մեզ ասում են՝ ինչի՞ եք ձեր գաղափարակիցների հետ նստում հաց ուտում, բա ո՞ւմ հետ նստեմ»:

Դատական նիստը կամաց-կամաց վերածվեց Սեֆիլյանի պատվին ցերեկույթի, Սեֆիլյանն ասաց, որ եթե դատարանում չլինեին այդ կարգավիճակում, թույլ չէր տա: Պավել Մանուկյանը տարբեր դրվագներ էր պատմում արցախյան պատերազմից, Շուշիի բանտից, թե ինչպես են իր եղունգները քաշել, ընկերոջը մեխել պատին ու այրել. «Ոռնոցը մինչեւ հիմա ականջներումս է»: Նա Սեֆիլյանի հետ կապված ասաց. «Ինչպե՞ս կարող են մեղադրել մի մարդու, որը կյանքի 27 տարիները անվարձ նվիրել է հայրենիքին: Ժիրայր Սեֆիլյանն իմ աչքի առաջ է բազմաթիվ անգամ վիրավորվել, ինչպե՞ս կարող են որակել մի մարդու այդպիսի ստոր մեկնաբանությամբ, երբ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչում էի, մի հատ սպիտակ մազ չուներ գլխին: Ինչպե՞ս կարող են մեղադրել մի մարդու, որը ամեն մի սանտիմետր հողի համար դողում է՝ ինչպես ամեն զինվորի մայր»:

Մեղադրանքի մասին խոսելով՝ Պավել Մանուկյանն ասաց, որ իրենք իշխանությունների համար անցանկալի են, քանի որ «այս մարդկանց պետք է կառավարվող ընդդիմություն, կապիկների մի խումբ, որը ենթարկվում է իրենց բոլոր ցանկություններին, իսկ մենք այն տեսակ ենք, որ պարզ տեսում ենք՝ մեր հայրենիքը ընկղմված է կործանման մեջ, բնականաբար, իրենք մեզ պիտի պիտակավորեին եւ իրենց հատկանիշները դնեին մեզ վրա»:

Պավել Մանուկյանը դժգոհեց, որ իրենց մարտական ընկերները, Մարտական Խաչ Երկրորդ աստիճանի պարգեւ ստացած ընկերները «անտեր ու դուս մեռնում են, պետական հոգածություն չկա», քանի որ կոռուպցիա կա, ուտում են, մինչեւ ասֆալտը քերել են: Նա պատմեց, թե ինչպես են իմացել, որ իրենց մարտական ընկերոջը որդիները՝ 11 եւ 14 տարեկան, մենակ են տարել թաղել. «Պատկերացնո՞ւմ եք ինչքան դժվար Է, երբ տղաները իմանում են, որ իրենց հայրը եթիմ է»:

Մանուկյանը նկարագրեց, թե Սեֆիլյանն ինչքան է սիրում իր հայրենիքը. «Նրա սիրտն այնքան է թրթռացել իր հողի, հայրենիքի համար, այդքան իշխանությունների սիրտը իրենց կանանց մոտ չի թրթռացել՝ սիրուհիներն էլ նույնպես: Ահա ինչի համար է մեզ համար ցավալի ամեն սանտիմետրը եւ ամեն հայի արժեքը մեզ համար ինչքան բարձր է: Բնականաբար, այդպիսի խայտառակ պիտակավորում պիտի անեին: Ձեզ համար մեծագույն պատիվ է նման հերոսին գոնե դեմքով տեսնել ու ճանաչել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անձնաւորութեան պաշտամունքը – բառին վարդապետական իմաստով – երեւի սովետական ժամանակներից է ժառանգել: Իրենք իրենց իրոք չաստուած են կարծում…

    Իր նման ել, Ժիրայրի նման ալ, հազարաւոր անձեր իրենց ազգային պարտականութիւնները կատարած են, պատերազմի դաշտին վրայ: Սակայն անոնց մեծամասնութիւնը կը մերժէ զէնք բարձրացնել Հայոց Պետութեան դէմ, որեւէ պարագայի, եւ նաեւ՝ շատ քիչ կը խօսին պատերազմի դաշտին վրայ իրենց ըրածների մասին:

    Այս տեսակի անձերը, խորքին մէջ, ուզում են, ըղձում են որ տեւական պատերազմ լինի, որպէսզի ամէն բան կամ բացարձակապէս սեւ, կամ կատարեալ սպիտակ լինի:

    Դատավարութիւնը իր կարգին, սակայն այս տեսակները աւելի հոգեբուժների կարիքը ունին: Քանզի մտային ուժը չեն ունեցած պատերազմի դաշտից երբեւիցէ վերադառնալու:

    Այս մէկի ամենաաններելի յիմարութիւնը թէ նաեւ իր ջահել որդին առաւ տարաւ, իր հետ քաշեց խաւարներուն մէջ, անոր ալ կեանքը խորտակեց:

    Ապրիլ 2016-ի պատերազմէն ետք, այս մոլորեալների ոհմակը գործեց ճիշդ այն՝ ինչ որ թշնամին կ’ուզէր, կը յուսար, կ’երազէր որ պատահի մեր երկրում: Յաղթանակէն ետք, կարծեցինք թէ Ադրբեջանում տեղի կ’ունենան ներքին խլրտումներ, ժողովուրդը կը բողոքէ իր Պետութեան դէմ, եւայլն.: Սակայն անոնք մնացին կարգապահ, գօտեպնդուեցաւ նոյնիսկ իրենց պարտութեամբ: Մերոնք է որ գացին իրենց եղբայրները սպանեցին, ջանացին ժողովուրդը կատաղեցնել, երկիրը տանելով անդունդի սեմին:

    Խղճալի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728