Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց ու հեռացվեց դատարանից

Փետրվար 02,2018 15:04 Share

Ինչպես տեղեկացրել ենք, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստն է եւ հարցաքննվում էր Պավլիկ Մանուկյանը:

Մանուկյանից հետո պետք է հարցաքննվեր Վարուժան Ավետիսյանը: Վերջինս հրաժարվեց մոտենալ ամբիոնին եւ այդպես հարցաքննվել: Պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դա իր դիրքորոշումն է ու այդ դիրքորոշման պատճառով չի կարող սահմանափակել Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի իրավունքները՝ դատավարական ընթացակարգերի պատճառով:

Դատավորն էլ ասաց, որ եթե Վարուժան Ավետիսյանը չի ցանկանում մոտենալ ամբիոնին, կարող է կանգնած ցուցմունք տալ: Վարուժան Ավետիսյանը չկանգնեց: Նա միայն տեղից սկսեց զինված ապստամբության կոչեր անել ժողովրդին. «Հայաստանում դատարան չկա, դա ռեժիմի գործիք է եւ ես այստեղ եմ՝ պաշտպանների միջնորդությամբ: Պատրաստ եմ պատասխանելու պաշտպանական կողմի հարցերին, սակայն կպատասխանեմ նստած տեղից»:

Դատավորն ասաց, որ Վարուժան Ավետիսյանը ամբաստանյալի կարգավիճակում է, պարտավոր է կանգնել, եթե ոչ, կհեռացվի դատական նիստից:

Ավետիսյանն էլ արձագանքեց. «Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքացի՝ ես ապստամբել եմ, զինված ապստամբություն եմ իրականացրել ազգադավ եւ ոճրագործ ռեժիմի դեմ եւ առիթից օգտվելով՝ կոչ եմ անում ժողովրդին նորից դիմել զինված ապստամբության եւ ազատագրվել գաղութային այս կախյալությունից»:

Վարուժան Ավետիսյանին դատավորը թույլ չտվեց հարցաքննությանը մասնակցել ու հեռացրեց նրան դատական նիստից:

Դատական նիստն ընդմիջվեց, քանի որ պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց նոր վկաներ ներգրավելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728