Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահակ Մինասյանը գիտի, որ իրեն էլ կազատեն ու իր հեռանալուց առաջ ուզում է մեզ պատժել»․ Հովհաննես Խորիկյան

Մարտ 15,2018 21:44

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր աշխատանքից ազատել են Շիրակի պետական համալսարանի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին ու նույն ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանին, որոնք մոտ մեկ տարի բարձրաձայնում են ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների մասին։

Հովհաննես Խորիկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Ես մեր աշխատանքից ազատվելը կապում եմ Վարդան Բոստանջյանի գլխավորությամբ Ազգային ժողովի կրթության և գիտության հանձնաժողովի հինգ հոգանոց պատվիրակության՝ երեկ բուհ կատարած այցի հետ։ Ռեկտորը երեկ ամբողջ օրը փախավ, կորավ, որ չհանդիպի նրանց։ Ինքն ընդհանրապես ի վիճակի չէ մարդկանց հետ խոսել, քննարկել։

Նախ` ընդհանրապես բարձրագույն կրթության ոլորտին չի տիրապետում, հետո աշխատանքային օրենսդրությունից ընդհանրապես բան չի հասկանում, օրինակ՝ քիչ առաջ «Ասպարեզի» լրագրողը հարցրել էր, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր որոշումը, ասել էր՝ ես դատավոր չեմ, որ օրենքը մեկնաբանեմ։ Ասա կրթությունից ի՞նչ ես հասկանում, որ աշխատանքային օրենսգրքից հասկանաս։ Վարդան Բոստանջյանը հաստատեց, որ իմ ու Համբարյանի բարձրաձայնած խնդիրները փաստարկված են, ունեն ամուր հիմքեր, ինչն, անշուշտ, ռեկտորին հավասարակշռությունից հանեց։ Առավոտ շուտ ինքն իրեն ապացուցելու համար, որ ինքն ուժեղ տղամարդ է, հզոր է, իր յուրայիններին ապացուցելու համար, որ իրոք հզոր է, նման անտրամաբանական քայլի գնաց»։

Ըստ Հովհաննես Խորիկյանի, Սահակ Մինասյանը վատամարդ դարձրեց գիտխորհրդին և էթիկայի հանձնաժողովին։ «Մենք էթիկայի հանձնաժողովը ի սկզբանե համարել ենք ապօրինի մարմին, որը ստեղծված է միայն ինձ ու Գագիկ Համբարյանին պատժելու համար։ Եթե էթիկայի հանձնաժողովում կա պրոռեկտոր, դա արդեն անընդունելի է, պրոռեկտորը բուհի կառավարման հիերարխիկ կառուցվածքով ուղղակի ենթարկվում է ռեկտորին, երբեք չի կարող օբյեկտիվ լինել։ Իմպերատիվ կարգով ռեկտորն ինչ թելադրեց, այդ մարդը կատարող է։ Էթիկայի հանձնաժողովի մեջ է նաև արհկոմի նախագահը, անցած տարի հոկտեմբերին ես և Համբարյան Գագիկն արհկոմից դուրս ենք եկել՝ արհկոմի նախագահի կամայականությունների պատճառով, նա եղած է մեր շահերը պաշտպանելու համար, բայց անցած տարվա սեպտեմբերի 25-ին առանց ամբիոնի աշխատողների հետ հանդիպելու, ռեկտորի կողմից նախապես կազմված տեքստով ելավ ինձ քննադատեց գիտական խորհրդում, որի իրավունքը չուներ։

Էթիկայի հանձնաժողովում մի ուսանող կա՝ Արթուր Չարչօղլյան անուն-ազգանունով, հեռակա պատմության բաժին, երկրորդ կուրսում է սովորում, իբր ուսանող է , բայց ինքը նաև աշխատող է, առաջատար մասնագետ է, որը ստանում է մաքուր 105 հազար դրամ, այսինքն` իր աշխատավարձը կլինի մոտ 150 հազարի չափ։ Այս տղայի առաջատար մասնագետ աշխատելն անօրինական է, առաջատար մասնագետ լինելու համար պետք է համապատասխան որակավորում ստանա։ Մեզ պատժելու միտքն անմիջականորեն տրվել է նախարար Լևոն Մկրտչյանի կողմից, նախարարը հանկարծ չփորձի չքմեղանալ, թե ես խաբար չեմ, էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը ռեկտորին տվել է հենց Լևոն Մկրտչյանը։ Նրանք մտերիմներ են»։

Հովհաննես Խորիկյանն ասաց, որ դիմելու են իրավապահներին թե՛ ռեկտորի անօրինականությունների դեմ և թե՛ իրենց իրավունքների վերականգման համար։

«Էս մարդը երևի ինքն էլ գիտի, որ գուցե իրեն էլ ազատեն, իր հեռանալուց առաջ ուզում է նախապես մեզանից ազատվել»,-ասում է Հովհաննես Խորիկյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031