Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծռերի» փաստաբաններին խուզարկել են, նրանց սպառնացել են դատարանից դուրս». միջազգային զեկույցի կոշտ գնահատականները

Մարտ 19,2018 13:34

«Քաղաքացիական համերաշխության հարթակ» (Civic Solidarity Platform) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր Երեւանում հրապարակեց «Ապակե պատից այն կողմ. արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում» զեկույցը, որը կազմելու համար միջազգային պատվիրակներն ուսումնասիրել են «Սասնա ծռերի» դատավարություններում ամբաստանյալ-պաշտպան հարաբերությունների խնդիրները:

«Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ»-ի հետազոտությունների բաժնի պատասխանատու, լեհ փաստաբան Ջոանա Սմետեկը նախ անդրադարձավ «Սասնա ծռերի» փաստաբանների այն խնդրին, որ դատարան մտնելիս կարգադրիչներն իրենց զննության անվան տակ իրականում խուզարկել են:

«Որոշ դեպքերում անգամ փաստաբանների փաստաթղթերն են ստուգել: Պարզ չէ՝ ո՞րն է «անվտանգության զննությունը» կամ «ստուգումը»: Այդ պատճառով փաստաբանները պնդում էին, որ դա խուզարկություն էր: Հստակության խնդիր կա, որը չպետք է օգտագործվի ընդդեմ փաստաբանների եւ դրանով վնասի նրա պաշտպանյալի՝ արդար դատաքննություն ունենալու իրավունքին»,-հայտարարեց Ջոանա Սմետեկը:

Նա արձանագրեց, որ «ծռերի» գործով դատավարությունների հենց սկզբից որոշ փաստաբաններ խուզարկվել են. «Հետո իշխանությունները սկսեցին ավելի մեծ թվով փաստաբանների խուզարկել: Դա այլ դատական գործերով անցնող փաստաբանների վրա էլ տարածվեց, նաեւ դատախազների: Չէինք հասկանում՝ այդ գործընթացն ինչպե՞ս է տեղի ունենում: Մեր կարծիքով՝ եթե կա խուզարկություն, դա չպետք է ընտրովի՝ խտրական լինի: Բոլորին պետք է խուզարկել, բայց փաստաբաններն իրենց կարգավիճակի հետ կապված պետք է երաշխիքներ ունենան: Չգիտեինք՝ ի՞նչ են փնտրում իշխանությունները: Արգելված իրերի ցանկ դեռ սահմանված չէր, մինչդեռ մարդիկ նախապես պետք է իմանային, թե ինչ չի կարելի բերել դատարան»:

Լեհ փաստաբանը նաեւ նշեց՝ դատարանների կարգադրիչները երբեմն խնդրել են փաստաբանին, որպեսզի նա ամեն ինչ հանի պայուսակից եւ ցույց տա. «Իսկ որոշներին թույլ էին տալիս հենց այնպես անցնել: Այս տարբերությունները մեզ համար հասկանալի չէին: Բացի այդ, փաստաբաններին չի կարելի դատարանից դուրս սպառնալ կամ վախեցնել»:

Ջոանա Սմետեկը նաեւ ընդգծեց, որ «ծռերի» գործով դատավորները մերժել են պաշտպանական կողմի միջնորդությունները. «Դատավորը պետք է թույլ տա, որ պաշտպաններն իրենց փաստարկները ներկայացնեն, որոնք պետք է քննարկվեն: Որոշ փաստաբաններ ասել են, որ իրենց անգամ հայտարարություն անել չի թույլատրվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031